Chevron-ը նախազգուշացրել է ամբողջ աշխարհում նավթի պաշարների սպառման մասին
Դոնալդ Թրամփի վարչակազմը նավթի շուկայում առկա խափանումները բնութագրում է որպես «ժամանակավոր»։ Սակայն ոլորտի ղեկավարները, այդ թվում՝ Chevron-ի ղեկավար Մայք Վիրթը, այլ կարծիքի են․ աշխարհում նավթի պաշարները նվազում են, իսկ իրավիճակի բարելավում չի ակնկալվում։ Այս մասին գրում է The Wall Street Journal-ը։
Արդեն ավելի քան կես տարի աշխարհում նավթամթերքի առևտրային պաշարները նվազում են։ Հում նավթի ռազմավարական պաշարները նույնպես գրեթե սպառվել են։ Վերլուծաբանների հաշվարկներով՝ անցած շաբաթվա հարձակումների հետևանքով, որոնք Սաուդյան Արաբիային ստիպել են դադարեցնել Հորմուզի նեղուցը շրջանցող կարևոր նավթամուղի աշխատանքը, առանց այն էլ դեֆիցիտ ունեցող շուկան օրական առնվազն 2.5 մլն բարել նավթ է կորցրել։
Վիրթը հավելել է, որ դժվար է կանխատեսել գների հետագա շարժը, սակայն այս պահին դրանց արագ նվազումը դժվար է պատկերացնել։
«Ես կցանկանայի ասել, որ իրավիճակի լիցքաթափման ինչ-որ պատճառներ եմ տեսնում, բայց այս պահին դժվար է հավատալ, որ դա տեղի կունենա», – ասել է նա։
Էներգետիկ ոլորտի խորհրդատուները նախազգուշացնում են, որ եթե Իրանի պատերազմը չմոտենա ավարտին, իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից։ ԱՄՆ-ում դիզելային վառելիքի գինը հասել է ռեկորդային՝ 6.23 դոլարի՝ մեկ գալոնի դիմաց, իսկ բենզինի գինը, որն այս ամռանը նվազել էր 4 դոլարից ցածր, կրկին բարձրացել է՝ հասնելով 4.32 դոլարի։ Ներդրողները վերլուծաբաններին ավելի ու ավելի հաճախ հարցնում են, թե երբ բարձր գների ճնշման տակ հայտնված սպառողները կսկսեն նվազեցնել վառելիքի սպառումը։
