McDonald’s-ը մինչև 2036 թվականի ավարտը 8.5 մլրդ դոլար կուղղի ֆրանչայզինգի գործընկերների աջակցությանը
Ամերիկյան McDonald’s Corp.-ը նախատեսում է մինչև 2036 թվականի ավարտն իր ֆրանչայզինգի գործընկերներին տրամադրել շուրջ 8.5 մլրդ-ի աջակցություն։ Այս մասին ասվում է ընկերության մամուլի հաղորդագրությունում։
Նշված գումարից 5 մլրդ դոլարը կտրամադրվի մինչև 2030 թվականի ավարտը։
Աջակցության միջոցառումները կիրականացվեն հունիսին մեկնարկած NEXT ծրագրի շրջանակում, որի նպատակն է բարձրացնել արտադրանքի որակը, սպասարկման մակարդակը և ռեստորանների աշխատանքի արդյունավետությունը։ Ծրագիրը նախատեսում է արագացնել ռեստորանների արդիականացումը, նոր տեխնոլոգիաների ներդրումը և գործառնական բարելավումները։ Ֆրանչայզինգի գործընկերները նաև աջակցություն կստանան վարձակալության վճարների հետ կապված։
Ընկերությունն ակնկալում է, որ այս միջոցառումների շնորհիվ ռեստորանների համախառն արդյունավետությունը կբարձրանա 250 բազիսային կետով։ Ըստ կանխատեսումների՝ դա ԱՄՆ-ում միջին վիճակագրական ռեստորանին կապահովի տարեկան շուրջ $100 հազար լրացուցիչ դրամական հոսք և հնարավորություն կտա ներդրումները փոխհատուցել չորս տարվա ընթացքում։
McDonald’s-ը նաև կանխատեսում է, որ հաջորդ տարի ռեստորանային ցանցի ընդլայնումը 2,5 տոկոսային կետով կնպաստի ամբողջ ցանցի վաճառքի ծավալների աճին։ Մինչև 2030 թվականն այդ ներդրումը կնվազի մինչև 2 տոկոսային կետ, իսկ ընդհանուր և վարչական ծախսերը (G&A) կկազմեն ցանցի ընդհանուր վաճառքի շուրջ 1.9%-ը։
Ընկերությունն ակնկալում է, որ մինչև 2030 թվականը գործառնական շահութաբերությունը կկազմի 50–56%։ 2027–2030 թվականներին հիմնական կապիտալ ծախսերը նախատեսված են տարեկան $3 մլրդ-ի մակարդակում, իսկ ևս 1.5–2 մլրդ դոլար տարեկան կուղղվի ֆրանչայզինգի գործընկերների աջակցությանը։
Բացի այդ, McDonald’s-ը մտադիր է մինչև 2030 թվականը հավի մսով ուտեստների և ըմպելիքների շուկաներում իր մասնաբաժիններն ավելացնել 1,5-ական տոկոսային կետով՝ միաժամանակ պահպանելով առաջատար դիրքը տավարի մսով ուտեստների կատեգորիայում։
McDonald’s-ի ցանցը ներառում է ավելի քան 46 հազար ռեստորան՝ աշխարհի ավելի քան 100 երկրում։ Ռեստորանների շուրջ 95%-ը պատկանում է անկախ տեղական ձեռնարկատերերի և կառավարվում նրանց կողմից։
Չորեքշաբթի նախաբորսայական առևտրի ընթացքում ընկերության բաժնետոմսերը թանկանում են 0.7%-ով։ Նախորդ օրը McDonald’s-ը նաև 3.8%-ով բարձրացրել էր եռամսյակային շահաբաժինները։
