Volkswagen-ը Porsche-ում նոր կրճատումներ է նախապատրաստում
Volkswagen-ը Porsche-ում աշխատատեղերի կրճատման նոր փուլ է նախապատրաստում։ Ինչպես հայտնում է Handelsblatt-ը՝ վկայակոչելով փաստաթղթեր և աղբյուրներ, գերմանական ավտոկոնցեռնը քննարկում է ևս շուրջ 4100 աշխատատեղ կրճատելու հնարավորությունը։
Այս միջոցառումը կավելանա արդեն ձեռք բերված պայմանավորվածություններին։ Ավելի վաղ Porsche-ի ղեկավարությունն ու աշխատակիցների ներկայացուցիչները պայմանավորվել էին կրճատել մոտ 4000 աշխատատեղ, իսկ ամռանը՝ ևս շուրջ 5000-ը։ Ընդհանուր առմամբ՝ գործող ծրագրերը ներառում են Շտուտգարտի շրջանում նախնական գրեթե 23 հազար աշխատատեղերից մոտ 9000-ի կրճատում։ Volkswagen-ի առաջարկած ևս 4100 աշխատատեղի կրճատումը նախատեսվում է իրականացնել դրանից բացի։
Վերջնական որոշում դեռևս չկա։ Բորսայում բաժնետոմսերի տեղաբաշխումից հետո Porsche-ն ավելի մեծ ինքնուրույնություն է ստացել, ուստի մայր ընկերությունը՝ Volkswagen-ը կարող է առաջարկել անձնակազմի հետագա կրճատում, սակայն չի կարող այն իրականացնել միակողմանիորեն։
Դեռևս հայտնի չէ նաև, թե կոնկրետ որ ձեռնարկությունների ու ստորաբաժանումների վրա կազդի օպտիմալացման նոր փուլը։ Handelsblatt-ը նշում է, որ խոսքն ինչպես Շտուտգարտի շրջանի արտադրական հարթակների, այնպես էլ ընկերության այլ ակտիվների մասին է։
Արդեն կնքված պայմանավորվածությունների շրջանակում Porsche-ը մինչև 2035 թվականը երկարաձգել է արտադրական պատճառներով աշխատակիցների աշխատանքից ազատման երաշխիքները և պարտավորվել պահպանել Ցուֆենհաուզենում և Վայսախում գտնվող արտադրական հարթակները։
Նոր նախաձեռնությունը ի հայտ է եկել Volkswagen-ի ֆինանսական սպասումների վատթարացման ֆոնին։ Սեպտեմբերի 18-ին կոնցեռնը 2026 թվականի համար գործառնական շահութաբերության կանխատեսումը նվազեցրել է առավելագույնը 4-5.5%-ից մինչև 1%։ Պատճառներից մեկը Porsche-ի խնդիրներն են, այդ թվում՝ Չինաստանում վաճառքների անկումը և էլեկտրամոբիլների ռազմավարության վերանայման հետ կապված ծախսերը։
Ավելի վաղ լրատվամիջոցները հայտնել էին, որ Volkswagen-ի ղեկավար Օլիվեր Բլյումեին աշխատակիցները սուլոցներով են դիմավորել Վոլֆսբուրգում գտնվող ընկերության գլխավոր գործարանի աշխատակիցների ժողովի ժամանակ։ Այդ ժամանակ կոնցեռնի ղեկավարը խոսել էր ծախսերի խնայողության միջոցառումները շարունակելու անհրաժեշտության մասին, իսկ աշխատակիցների ներկայացուցիչները քննադատել էին ղեկավարությանը՝ ծախսերի և աշխատակիցների մասշտաբային կրճատման ծրագրերի ֆոնին։
Գերմանական ավտոարդյունաբերությունը երկարատև վերակազմավորման փուլում է՝ արտադրական և էներգետիկ բարձր ծախսերի, առևտրային խոչընդոտների, էլեկտրամոբիլների անցման և չինական արտադրողների կողմից ուժեղացող մրցակցության պայմաններում։ Հատկապես նկատելի են Volkswagen-ի խնդիրները․ 2026 թվականի առաջին կիսամյակում կոնցեռնի վաճառքները Չինաստանում նվազել են մոտ 20%-ով, իսկ սեպտեմբերին ընկերությունը կտրուկ նվազեցրել է ամբողջ տարվա շահութաբերության կանխատեսումը՝ հասցնելով այն առավելագույնը 1%-ի։ Կոնցեռնը լայնածավալ վերակազմավորում է իրականացնում՝ կրճատելով աշխատակիցների թիվը և արտադրական հզորությունները, պարզեցնելով մոդելային շարքը և վերանայելով Գերմանիայում մի շարք ձեռնարկությունների ապագան։ Խմբի վրա լրացուցիչ ճնշում է գործադրում Porsche-ը, որը բախվել է Չինաստանում պահանջարկի նվազմանը և ամերիկյան մաքսատուրքերի հետևանքներին։
Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

