Համաշխարհային տնտեսությունը պահպանում է կայունությունը՝ չնայած նավթի բարձր գներին
Համաշխարհային տնտեսության աճն ավելի կայուն է, քան սպասվում էր՝ չնայած էներգակիրների բարձր գներին։ Սակայն Մերձավոր Արևելքում ձգձգվող հակամարտությունը, այլ ռիսկերի հետ մեկտեղ, կարող է լուրջ հարված հասցնել համաշխարհային տնտեսական ակտիվությանը, հայտարարել է Տնտեսական համագործակցության և զարգացման կազմակերպությունը (ՏՀԶԿ, OECD)։
«Մենք բախվում ենք երկարատև ցնցումների, սակայն, այդուհանդերձ, տնտեսությունն ավելի լավ արդյունքներ է գրանցել», — ասել է OECD-ի գլխավոր տնտեսագետ Ստեֆանո Սկարպետան։
OECD-ն 2026 թվականի համաշխարհային տնտեսական աճի կանխատեսումը բարձրացրել է մինչև 2.9%՝ նախկին 2.8%-ից, թեև նավթի գները սպասվածից ավելի երկար են պահպանվում բարձր մակարդակում։ Միաժամանակ G20-ի երկրներում գնաճն այժմ կանխատեսվում է 4.1%՝ նախկին 4%-ի փոխարեն։
2027 թվականին աճը, ըստ կանխատեսման, որոշ չափով ավելի թույլ կլինի, քանի որ էներգակիրների երկարատև բարձր գների ազդեցությունը աստիճանաբար կտարածվի համաշխարհային տնտեսության վրա։ OECD-ն զգուշացրել է, որ նավթի բարձր գների պահպանման և Էլ Նինյոյի հետևանքով գյուղատնտեսական արտադրության խաթարման դեպքում տնտեսական աճը կարող է ավելի կտրուկ դանդաղել՝ կենտրոնական բանկերին ստիպելով ավելի զգալիորեն բարձրացնել տոկոսադրույքները։
Համաշխարհային աճին աջակցող առանցքային գործոններից է ԱՄՆ-ում և մի շարք այլ տնտեսություններում արհեստական բանականության հետ կապված ներդրումային բումը, հատկապես այն երկրներում, որտեղ արտադրվում են կիսահաղորդիչներ և տվյալների կենտրոնների համար նախատեսված էլեկտրոնային սարքավորումներ։
Այս միտումը զգալի տարբերություն է ստեղծել հակամարտությունից անմիջականորեն տուժող և ԱԲ ենթակառուցվածքների զարգացումից շահող երկրների միջև։ OECD-ն այժմ կանխատեսում է, որ Սաուդյան Արաբիայի տնտեսությունը կկրճատվի 1.8%-ով՝ նախկինում սպասվող 3.2% աճի փոխարեն։ Միևնույն ժամանակ էլեկտրոնիկայի խոշոր արտահանող Հարավային Կորեայի տնտեսական աճի կանխատեսումը բարձրացվել է 2.6%-ից մինչև 3.7%։
ԱԲ-ի բումը բարելավել է նաև ԱՄՆ-ի տնտեսական հեռանկարները։ Աճն այժմ կանխատեսվում է 2.2%՝ հետագայում փոքր-ինչ դանդաղելով մինչև 2.1%։
OECD-ն բարձրացրել է նաև եվրոգոտու և Ճապոնիայի կարճաժամկետ աճի կանխատեսումները, սակայն նվազեցրել է հետագա ժամանակահատվածի գնահատականները։ Եվրոգոտում Ֆրանսիայի տնտեսության աճը կանխատեսվում է ընդամենը 0.4%, ինչը ամենացածր ցուցանիշն է G7-ի երկրների շրջանում, մինչդեռ Գերմանիայի աճի կանխատեսումը բարձրացվել է մինչև 1.1%։ Նախկինում երկու երկրների համար էլ կանխատեսվում էր 0.7% աճ։
Չինաստանի 2026 թվականի տնտեսական աճի կանխատեսումը պահպանվել է 4.5% մակարդակում, թեև հաջորդ տարի սպասվում է ավելի զգալի դանդաղում։ Հնդկաստանի աճի կանխատեսումը բարձրացվել է 6.3%-ից մինչև 7.1%, ինչը ևս վկայում է, որ էներգակիրների թանկացման ազդեցությունն ավելի սահմանափակ է եղել, քան սկզբում մտավախություն կար։
Քանի որ գնաճը սպասվածից բարձր է մնում, OECD-ի գնահատմամբ՝ կենտրոնական բանկերը, հավանաբար, կշարունակեն տոկոսադրույքների բարձրացումը։ Այդուհանդերձ, քայլերը կարող են չափավոր լինել, քանի որ առայժմ սահմանափակ են վկայությունները, որ էներգակիրների թանկացումը վերածվում է ավելի լայն գնաճային ճնշումների կամ աշխատավարձերի արագ աճի։
Սկարպետան երկրորդային գնաճային ազդեցությունների բացակայությունը կապել է կենտրոնական բանկերի՝ հետհամավարակային գնաճի շրջանի համեմատ ավելի արագ արձագանքի հետ։
«Կենտրոնական բանկերն ավելի արագ արձագանքեցին։ Արձագանքը եղավ երկրորդային ազդեցությունները կանխատեսելով», — ասել է նա։
ԱՄՆ-ում OECD-ն ակնկալում է, որ բազային գնաճը կնվազի միջինը մինչև 2.5%՝ ներկայիս 3.3%-ից։ Կանխատեսվում է նաև, որ Դաշնային պահուստային համակարգը տոկոսադրույքը կբարձրացնի 0.25 տոկոսային կետով, այնուհետև որոշ ժամանակ կպահպանի անփոփոխ։
Նման քաղաքականություն է սպասվում Եվրոպական կենտրոնական բանկից, մինչդեռ Ճապոնիայի բանկը, ըստ կանխատեսման, կշարունակի դրամավարկային քաղաքականության խստացումը՝ հիմնական տոկոսադրույքը հասցնելով 2%-ի։ Անգլիայի բանկից ակնկալվում է որոշ ժամանակ պահպանել տոկոսադրույքներն անփոփոխ, ապա անցնել դրանց նվազեցմանը։
Չնայած համաշխարհային տնտեսության մինչ այժմ ցուցաբերած կայունությանը՝ OECD-ն զգուշացնում է, որ անբարենպաստ սցենարի դեպքում համաշխարհային տնտեսական աճը կարող է դանդաղել մինչև 2.3%։ Դա կարող է տեղի ունենալ, եթե նավթի երկարատև բարձր գներին միաժամանակ ավելանան Էլ Նինյոյի հետևանքով պարենային ապրանքների թանկացումը, ֆոնդային շուկաների անկումը և պարտատոմսերի եկամտաբերության հետագա աճը։
