Իլոն Մասկն անսպասելի կանխատեսում է արել նոր դարաշրջանի մեկնարկի վերաբերյալ
Արհեստական բանականության և ռոբոտատեխնիկայի ոլորտում արագընթաց առաջընթացը կարող է մարդկության համար ճանապարհ բացել դեպի «համընդհանուր բարձր եկամուտների» դարաշրջան։ Նման կանխատեսմամբ է հանդես եկել ամերիկացի գործարար Իլոն Մասկը՝ չինական CGTN հեռուստաալիքին տված հարցազրույցում։
Մասկը համոզված է, որ այդ դեպքում ապրանքներն ու ծառայությունները կդադարեն պակասուրդային լինել, իսկ մարդկանց նյութական հնարավորությունները զգալիորեն կաճեն։ Նրա կարծիքով՝ արդեն առաջիկա տարիներին ռոբոտներն այնքան մեծ ծավալով ապրանքներ և ծառայություններ կարտադրեն, որ դա բավարար կլինի մարդու գրեթե ցանկացած կարիքը բավարարելու համար։
Գործարարը շեշտել է, որ ԱԲ-ի և ռոբոտատեխնիկայի զարգացումը կարող է հիմնովին վերափոխել ներկայիս տնտեսական մոդելը։ Չէ՞ որ հնարավորություն է ստեղծվում անցնելու «համընդհանուր բարձր եկամուտների» դարաշրջան։
Մասկի պնդմամբ՝ նման համակարգի պայմաններում մարդիկ ստիպված չեն լինի աշխատել իրենց հիմնական կարիքները բավարարելու համար։
Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

