Չինաստանը սպառնում է Եվրոպային պատասխան միջոցներով՝ առևտրային սահմանափակումների դեպքում
Չինաստանի առևտրի նախարարությունը Եվրոպական միությանը նախազգուշացրել է, որ պատրաստ է կոշտ պատասխան միջոցներ ձեռնարկել չինական ընկերությունների և ապրանքների նկատմամբ սահմանափակումներ սահմանելու դեպքում, հայտնում է CNBC-ն։ Գերատեսչությունում ընդգծել են, որ Բրյուսելի կողմից նման քայլերը կարող են «լրջորեն խաթարել փոխադարձ վստահությունը» և տապալել ընթացող առևտրային բանակցությունները, որոնք ուղղված են Եվրոպայի ռեկորդային առևտրային դեֆիցիտի կրճատմանը։
Կողմերի միջև լարվածությունն աճում է ԵՄ առևտրի հարցերով հանձնակատար Մարոշ Շեֆչովիչի՝ Պեկին կատարելիք այցի նախօրեին։ Ավելի վաղ նա հայտարարել էր, որ Չինաստանը մինչև հոկտեմբեր պետք է «կոնկրետ արդյունքներ» ցուցադրի, հակառակ դեպքում կբախվի «ավելի կոշտ միջոցների»։ Rhodium Group-ի փորձագետների խոսքով՝ Գերմանիան և Ֆրանսիան համատեղ փաստաթուղթ են նախապատրաստում, որով Եվրահանձնաժողովին կոչ է արվում արագացնել այնպիսի մեխանիզմի մշակումը, որը հնարավորություն կտա «24 ժամվա ընթացքում փակել Չինաստանի մուտքը եվրոպական շուկա»։ Ակնկալվում է, որ այդ միջոցները կարող են նմանվել ամերիկյան մաքսատուրքերին, որոնց դեմ էլ հանդես է եկել Չինաստանի առևտրի նախարարությունը։
Չնայած այն հանգամանքին, որ Հարավարևելյան Ասիայի պետությունների ասոցիացիան դեռ 2020 թվականին առաջ է անցել ԵՄ-ից և դարձել Չինաստանի՝ ապրանքների առևտրի ոլորտում խոշորագույն գործընկերը, Եվրոպայի առևտրային հաշվեկշռի դեֆիցիտը Չինաստանի հետ շարունակում է մնալ աշխարհում ամենամեծը՝ գերազանցելով ԱՄՆ-ի ցուցանիշը։ Միևնույն ժամանակ, ծառայությունների ոլորտը հաշվի առնելով՝ Եվրամիությունը նախորդ տարի պահպանել է Չինաստանի գլխավոր առևտրային գործընկերոջ կարգավիճակը՝ 880 մլրդ եվրո, կամ գրեթե 1 տրլն դոլար ապրանքաշրջանառության ծավալով։
Հուլիսի 30-ին հայտնի դարձավ, որ Չինաստանի առևտրի նախարարությունը սպառնացել է պատասխան միջոցներով՝ ի պատասխան ԱՄՆ-ի՝ մարդանման ռոբոտների ներմուծումը սահմանափակելու որոշման։ ԱՄՆ-ի Հաղորդակցության դաշնային հանձնաժողովը այդ սարքավորումները ներառել է ներմուծման սահմանափակումների ենթակա ապրանքների ցանկում՝ կիբերանվտանգության ոլորտում առկա մտահոգությունների պատճառով։ Փորձագետները նշել են, որ Պեկինը որպես պատասխան քայլ կարող է սահմանափակել հազվագյուտ հողային մետաղների վաճառքը։
Ավելի վաղ՝ օգոստոսի 7-ին, հաղորդվել էր, որ չինական պոլիսիլիցիումի ներմուծման նկատմամբ 15% մաքսատուրքերի սահմանումից հետո ամերիկյան արևային էներգիայի արտադրողների բաժնետոմսերի արժեքն աճել է։ Որոշումն ուղղված էր ներքին մատակարարման շղթաները չինական մրցակցությունից պաշտպանելուն։ Այս նորությունների ֆոնին First Solar-ի արժեթղթերն աճել են ավելի քան 7%-ով, իսկ Solaredge Technologies-ի բաժնետոմսերը՝ 1%-ով։
