Ամենահարուստ գործարարները հարկային բարեփոխումների պատճառով լքում են Մեծ Բրիտանիան
Վերջին երկու տարվա ընթացքում Մեծ Բրիտանիան լքել են գործարարներ, որոնց ընդհանուր կարողությունը հասնում է 160 մլրդ դոլարի։ Հեռացածների հիմնական մասը օտարերկրացիներ են, որոնք զրկվել են նախկին հարկային արտոնություններից։ Այս տվյալները ներկայացնում է Bloomberg-ը՝ հղում անելով իր Bloomberg Billionaires Index վարկանիշին։
«Գերհարուստների զանգվածային արտահոսքը Մեծ Բրիտանիայից վերածվել է 160 մլրդ դոլար արժողությամբ խնդրի։ Դա այն անձանց ընդհանուր կարողությունն է, որոնք ներառված են ցուցակում և միայն վերջին երկու տարվա ընթացքում կամ թուլացրել են իրենց կապերը Մեծ Բրիտանիայի հետ, կամ ամբողջությամբ խզել դրանք»։
Այս ցուցանիշն արդեն գերազանցում է ինդեքսի այն մասնակիցների ընդհանուր կապիտալը, որոնք շարունակում են բնակվել երկրում։
Bloomberg-ի ընտրանքում ընդգրկված խմբի կեսը վերջնականապես լքել էր Մեծ Բրիտանիան դեռ նախորդ տարվա ապրիլին իրականացված հարկային բարեփոխումից առաջ։ Նրանք տեղափոխվել էին Մոնակո, Շվեյցարիա և ԱՄԷ։ Այդ ժամանակ ֆինանսների նախարար Ռեյչել Ռիվզը վերացրել էր ոչ ռեզիդենտների համար նախատեսված հատուկ հարկային ռեժիմը։ Նախկինում այն հնարավորություն էր տալիս հարուստ օտարերկրացիներին բրիտանական գանձարան հարկեր չվճարել արտերկրում ստացված եկամուտների համար։
Միաժամանակ բարձրացվել են ժառանգվող ակտիվների և մասնավոր շուկաներում գործարքներից ստացվող եկամուտների հարկերը։ Հնարավոր նոր փոփոխությունների շուրջ մշտական քննարկումները միայն խորացնում էին ապահովված բնակիչների անհանգստությունը։
Մեծ Բրիտանիայից հեռացածների վերլուծությունը ցույց է տալիս, որ նրանց շրջանում գերակշռում են օտարերկրացիները։
Նախօրեին Times թերթը հայտնել էր, որ Մեծ Բրիտանիայի ամենահարուստ բնակիչներից մեկը՝ միլիարդատեր Դեյվիդ Ռուբենը տեղափոխվել է Մոնակո։ Անցած տարվա վերջին հարկային բարեփոխումների պատճառով երկիրը լքել էր մագնատ Լակշմի Միթալը։ Սեպտեմբերին Bloomberg-ը, հղում անելով աղբյուրներին, հայտնել էր, որ միլիարդատեր և Rokos Capital հեջ-ֆոնդի հիմնադիր Քրիս Ռոկոսը տեղափոխվում է Հունաստան։ Նա Մեծ Բրիտանիայի հարկատուների շրջանում երրորդ խոշորագույն հարկատուն է։
Հեռացածների ցուցակի ամենաերիտասարդ մասնակիցը՝ Շրավին Միթալը 39 տարեկան է։ Նա տեղափոխվել է ԱՄԷ և այնտեղ բացել իր Unbound ներդրումային ընկերության ստորաբաժանումը։
Հարուստ մարդկանց արտահոսքն արդեն ազդում է տնտեսության վրա։ Bloomberg-ը, հղում անելով կառավարության տվյալներին, նշում է, որ երկրի ամենաբարձր եկամուտ ունեցող բնակիչների 1%-ին բաժին է ընկնում հարկային բոլոր մուտքերի շուրջ 27%-ը։
Ճնշումը զգում է նաև Լոնդոնի շքեղության շուկան։ Թանկարժեք բնակարանների վաճառքները նվազում են, իսկ քաղաքի կենտրոնում էլիտար անշարժ գույքի գնորդները զեղչեր են պահանջում՝ Մեծ Բրիտանիայում ներդրումների հետ կապված ռիսկերի պատճառով։
