ԱՄՀ-ում պարենային պակասը գլոբալ սպառնալիք են անվանել
Պարենային անվտանգության խնդիրը դադարել է լինել կարճաժամկետ մարդասիրական ճգնաժամ և վերածվել է գլոբալ մակրոտնտեսական ու բյուջետային սպառնալիքի։ Այս մասին հայտարարել է Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) փոխտնօրեն Նայջել Քլարկը՝ Բանգկոկում ընթացող ԱՄՀ-ի և Համաշխարհային բանկի ղեկավար մարմինների տարեկան նիստի շրջանակում կազմակերպված պանելային քննարկման ժամանակ։
«Պարենային պակասի խնդիրը ձեռք է բերում պարբերաբար կրկնվող գլոբալ մակրոտնտեսական ու բյուջետային սպառնալիքի բնույթ՝ այլևս չլինելով պարզապես մեկանգամյա մարդասիրական ճգնաժամ։ Մենք նկատում ենք գործոնների միջև ուժեղ փոխկապակցվածություն։ Էլ Նինյո կլիմայական երևույթը կարող է բացասաբար ազդել գյուղատնտեսական արտադրության վրա։ Միևնույն ժամանակ, Մերձավոր Արևելքում և Ուկրաինայում ռազմական գործողությունները կարող են էապես ապակայունացնել նավագնացությունը, պարենային ապրանքների, էներգակիրների և պարարտանյութերի շուկաները», – ասել է նա։
Քլարկը նշել է, որ իրավիճակն ավելի է բարդանում մի շարք երկրներում պահուստների սպառման, պարտքային բարձր բեռի, փոխառությունների թանկացման և բյուջետային սահմանափակ հնարավորությունների պայմաններում։ Ընդ որում` նման սպառնալիքների նկատմամբ առավել խոցելի են ավանդաբար ցածր եկամուտներ ունեցող երկրները։
