Audi-ն 4 մլրդ դոլար կներդնի ԱՄՆ-ում իր առաջին գործարանի կառուցման համար
Գերմանական ավտոարտադրող Audi-ն նախատեսում է շուրջ 4 մլրդ դոլար ներդնել ԱՄՆ-ում իր առաջին գործարանի կառուցման համար։ Այն կտեղակայվի Ջորջիա նահանգում, հաղորդում է CNBC-ն։ Ակնկալվում է, որ նոր ձեռնարկությունում արտադրությունը կսկսվի 2030-ականների սկզբին։
Ընկերության ղեկավարության խոսքով՝ նախագիծը նպատակ ունի ընդլայնել ապրանքանիշի ներկայությունն ամերիկյան շուկայում և նվազեցնել ներմուծման մաքսատուրքերի հետևանքով առաջացող ծախսերը։ Անցյալ տարի Գերմանիայից ներմուծվող ավտոմեքենաների նկատմամբ սահմանված 15% մաքսատուրքերի պատճառով Audi-ն կորցրել է 1.4 մլրդ դոլար։
Գործադիր տնօրեն Գերնոտ Դյոլները տեղայնացված արտադրությունը որակել է որպես բիզնեսի տեսանկյունից լավագույն որոշում՝ ընդգծելով, որ ԱՄՆ-ն աշխարհում երկրորդ խոշորագույն շուկան է պրեմիում դասի ավտոմեքենաների համար։
Տարեկան մինչև 200 հազար ավտոմեքենա արտադրելու հզորությամբ գործարանը մասնագիտանալու է Q7, Q8 և Q9 մոդելների արտադրության մեջ։ Արտադրանքի կեսն ուղղվելու է արտահանմանը։
Որոշումն ընդունվել է Volkswagen մայր ընկերության վերակառուցման ֆոնին, որի ծրագրով նախատեսվում է կրճատել 50 հազար աշխատատեղ։
Նախագծի իրականացման նախապատրաստական աշխատանքները տևել են մի քանի տարի, որոնց ընթացքում փորձագետներն ուսումնասիրել են ավելի քան 70 հնարավոր տարածք։ Նշվում է, որ Audi-ն դարձել է գերմանական վերջին խոշոր շքեղ ավտոմեքենաների ապրանքանիշը, որը որոշել է արտադրություն հիմնել ԱՄՆ-ում՝ հետևելով Mercedes-Benz-ի և BMW-ի օրինակին։
Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

