Չինաստանը համաձայնել է սահմանափակել ավտոմեքենաների արտահանումը Եվրոպա
Եվրամիությունը առաջ է մղում չինական ներմուծման աճից պաշտպանվելու ծրագրերը՝ Պեկինի հետ ավտոմեքենաների արտահանման սահմանափակումների շուրջ համաձայնության հասնելուց հետո։ Այս մասին հայտնում է Bloomberg-ը։
Եվրահանձնաժողովի առևտրի հարցերով հանձնակատար Մարոշ Շեֆչովիչը հայտարարել է, որ հարցը հրատապ լուծում է պահանջում։
«Այս տարվա առաջին կիսամյակում Չինաստանի հետ մեր առևտրային պակասուրդը հասել է գրեթե 197 միլիարդ եվրոյի (221 միլիարդ դոլար), և ներկայիս տեմպերի պահպանման դեպքում մենք կարող ենք գերազանցել 2022 թվականի ռեկորդը»:
Գործակալության տվյալներով՝ ԵՄ-ն որոշում է հետագա քայլերը այն բանից հետո, երբ Պեկինը համաձայնել է սահմանափակել հիբրիդային ավտոմեքենաների արտահանումը Եվրոպա։ Սա մի քանի ամիս տևած բանակցությունների արդյունք է, որոնց նպատակն էր կրճատել մայրցամաքի և Չինաստանի միջև առևտրային հսկայական պակասուրդը։ Եվրոպան ցանկանում է ձեռք բերված համաձայնությունը որպես օրինակ օգտագործել նաև այլ ոլորտներում, որոնք, իր պնդմամբ, տուժում են չինական էժան ներմուծման հետ մրցակցությունից։
ԵՄ-ի և Չինաստանի միջև լարվածությունն աճել է առևտրային անհավասարակշռության պատճառով։ Այժմ այն օրական գերազանցում է 1 միլիարդ եվրոն (1.1 միլիարդ դոլարը) և, ինչպես սպասվում է, կշարունակի աճել։
Մինչ այժմ ԵՄ-ն Չինաստանի առևտրային գործելակերպին արձագանքել է ճնշման միջոցների և նոր բանակցությունների համադրությամբ։ Բանակցությունները մեկնարկել են հունիսին և հանգեցրել հիբրիդային ավտոմեքենաների վերաբերյալ համաձայնության, որը նախատեսում է ներմուծման սկզբնական սահմանաչափ՝ 350 000 ավտոմեքենայի չափով։ Պեկինը նաև պարտավորվել է իր շուկան բացել ԵՄ-ից ներմուծվող որոշ ապրանքների համար։
Սակայն, թեև բանակցությունները կշարունակվեն հաջորդ տարվա սկզբին, շատ երկրներ պնդում են, որ անհրաժեշտ են ավելի արագ և լայնածավալ գործողություններ։
Եվրահանձնաժողովը մինչև տարեվերջ կներկայացնի առևտրային նոր լիազորությունների վերաբերյալ առաջարկները։ Այն նաև կառաջարկի միջոցներ՝ ընկերություններին մատակարարման շղթաները դիվերսիֆիկացնելու խրախուսման և տնտեսական հարկադրանքի ենթարկվող երկրներին աջակցելու համար։
Նման քայլերը կարող են առաջացնել Չինաստանի դժգոհությունը, քանի որ Պեկինն արդեն նախազգուշացրել է ԵՄ-ին առևտրային նոր սահմանափակումներ կիրառելուց։
Ավտոաշխարհի նորությունները հրապարակվում են ՌԵԳՈ ԻՆՇՈՒՐԱՆՍ ապահովագրական ընկերության աջակցությամբ, որը ներկայացնում է ԿԱՍԿՈ ապահովագրություն։ Կասկոն կօգնի անսպասելի իրավիճակներում պահպանել կայուն ֆինանսական վիճակ։

