Նավթատար լցանավերի նավապետների աշխատավարձերը հասել են ամսական 100 հազար դոլարի
Զինված հակամարտությունների գոտիներում աշխատող առևտրային նավերի անձնակազմերը բախվում են կյանքի համար աճող վտանգների։ Նավագնացության ընկերությունները վտանգավոր երթուղիներով նավարկելու համար առաջարկում են բարձր աշխատավարձեր և խոշոր հավելավճարներ, սակայն ֆինանսական խրախուսումները չեն կարող երաշխավորել նավաստիների անվտանգությունը։
Առավել վտանգավոր իրավիճակ է ստեղծվել Սև ծովում և Հորմուզի նեղուցում։ Սև ծովում անօդաչու թռչող սարքերի հարձակումների հետևանքով առևտրային նավեր են վնասվել և խորտակվել, գրանցվել են զոհեր ու անհետ կորածներ։ Հորմուզի նեղուցում քաղաքացիական նավերի դեմ հարձակումների հետևանքով զոհվել է առնվազն 24 նավաստի։
Չնայած վտանգներին՝ միջազգային բեռնափոխադրումները շարունակվում են։ Համաշխարհային առևտրի շուրջ 90%-ն իրականացվում է ծովային ճանապարհով, ուստի նավագնացության խափանումները կարող են ազդել մատակարարման համաշխարհային շղթաների, փոխադրումների արժեքի և ապրանքների գների վրա։
Financial Times-ի տվյալներով՝ որոշ նավթատար լցանավերի նավապետներ կարող են ստանալ ամսական մինչև 100 հազար դոլար աշխատավարձ և լրացուցիչ 50 հազար դոլար՝ վտանգավոր երթուղով անցնելու համար։ Անձնակազմի շարքային անդամների վարձատրությունն առանձին դեպքերում գերազանցում է սովորական դրույքաչափերը 4–6 անգամ։
Ցածր եկամուտ ունեցող երկրներից նավաստիների համար նման առաջարկները հնարավորություն են ընտանիքների ֆինանսական վիճակը բարելավելու, սակայն բարձր հավելավճարները կարող են նաև ճնշում գործադրել աշխատողների վրա՝ դրդելով համաձայնել վտանգավոր նավարկությունների։
Միջազգային տրանսպորտի աշխատողների ֆեդերացիայի (ITF) տվյալներով՝ բարձր ռիսկային գոտիներում աշխատող նավաստիները կարող են ստանալ հիմնական աշխատավարձի 100%-ի չափով հավելավճար, ինչպես նաև հրաժարվել վտանգավոր ուղերթից՝ գործատուի հաշվին հայրենիք վերադառնալու իրավունքով։ Մահվան կամ հաշմանդամության դեպքում փոխհատուցումները կարող են կրկնապատկվել։
Հարձակումներից փրկված նավաստիները հաճախ նաև հոգեբանական աջակցության կարիք ունեն։ Անվտանգության խնդիրը սրվում է ոլորտում կադրերի պակասի պայմաններում․ ըստ գնահատականների՝ մինչև 2030 թվականը համաշխարհային առևտրային նավատորմին անհրաժեշտ կլինի լրացուցիչ 113 735 որակավորված նավային սպա։
Financial Times-ն ընդգծում է անձնակազմերի պաշտպանության ուժեղացման, աշխատանքային իրավունքների պահպանման և տուժած նավաստիներին անհրաժեշտ աջակցության տրամադրման կարևորությունը։
