
Էկոնոմիկայի նախարարն ընդունել է Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպանին
Փետրվարի 10-ին ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահրամ Ավանեսյանն ընդունել է Հայաստանում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Այիմդոզ Բոզժիգիտովին:
Նախարարությունից հայտնում են, որ հանդիպման ընթացքում դեսպանը Վահրամ Ավանեսյանին հրավիրել է մասնակցելու 2014 թվականի մայիսի 21-ից 23-ը Աստանայում կայանալիք VII-րդ Տնտեսական համաժողովին և II-րդ Համաշխարհային հակաճգնաժամային կոնֆերանսին: Այիմդոզ Բոզժիգիտովը էկոնոմիկայի նախարարին տեղեկացրել է, որ այդ համաժողովները կազմակերպվում են Ղազախստանի Հանրապետության Նախագահի նախաձեռնությամբ և ընդգրկում են տնտեսական երկխոսության ընդլայնմանն առնչվող հարցերի լայն շրջանակ:
Հանդիպմանը զրուցակիցները քննարկել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր: