DP World-ը ծովային երթուղի կգործարկի Չինաստանի և Աֆրիկայի միջև
DP World ընկերությունն ընդլայնում է Չինաստանի և Աֆրիկայի միջև ծովային հաղորդակցությունը։ 2026 թվականի նոյեմբերի վերջին ընկերությունը նախատեսում է գործարկել China Africa Link շաբաթական կոնտեյներային գիծը, որը չինական նավահանգիստները կկապի Արևելյան և Հարավային Աֆրիկայի առանցքային առևտրային կենտրոնների հետ։
DP World ընկերության ծովային փոխադրումների ցանցի ընդլայնման մասին հայտնում է Gulf News-ը։
Երթուղին կանցնի Չինաստանի Շանհայ, Նինբո և Նանշա քաղաքներով, Մալայզիայի Պորտ Կլանգ նավահանգստով, Տանզանիայի Դար էս Սալամով և Մոզամբիկի Մապուտուով։ Այնուհետև նավերը կուղևորվեն Սինգապուր և կվերադառնան Շանհայ։
Նոր գիծը թույլ կտա ընդլայնել տարածաշրջանների միջև առևտրային կապերը, արագացնել բեռների փոխադրումը և ընկերություններին տրամադրել առաքման ավելի լայն հնարավորություններ։ Չինաստանից Աֆրիկա կարտահանվեն սարքավորումներ, էլեկտրոնիկա, շինանյութեր և ավտոմոբիլային բաղադրիչներ։ Հակառակ ուղղությամբ կփոխադրվեն գյուղատնտեսական արտադրանք, հանքանյութեր և այլ հումքային ապրանքներ։
«Համաշխարհային առևտուրը փոխվում է, և մեր հաճախորդներին այլևս բավարար չէ պարզապես ծովային փոխադրումներից օգտվելու հնարավորությունը։ Նրանց անհրաժեշտ են հուսալի երթուղիներ, առաքման տարբերակների լայն ընտրություն և նոր պայմաններին արագ հարմարվելու հնարավորություն։ China Africa Link-ի գործարկումը մեր ռազմավարությունն իրականություն դարձնելու վառ օրինակ է։ Ամրապնդելով Չինաստանի և Աֆրիկայի միջև ծովային հաղորդակցությունը՝ մենք բիզնեսի համար նոր հնարավորություններ ենք բացում և ստեղծում ավելի ճկուն լոգիստիկ ցանցեր, որոնք օգնում են ապահովել բեռների անխափան առաքումը», – հայտարարել է DP World խմբի ծովային փոխադրումների գործառնական տնօրեն Գանեշ Ռաջը։
Գծի գործարկումը կլրացնի DP World-ի՝ աֆրիկյան նավահանգստային ենթակառուցվածքներում կատարվող ներդրումները։ Մոզամբիկում ընկերությունը 165 միլիոն դոլար է ներդնում Մապուտուի կոնտեյներային տերմինալի ընդլայնման համար։ Աշխատանքների ավարտից հետո դրա թողունակությունը պետք է ավելի քան կրկնապատկվի։
Եվս ավելի քան 500 միլիոն դոլար DP World-ը կհատկացնի Տանզանիայի Դար էս Սալամ նավահանգստի արդիականացմանը։
