Չինաստանի՝ արհեստական բանականությամբ ստեղծված առաջին ֆիլմը ձախողվել է կինովարձույթում
Արհեստական բանականության միջոցով ամբողջությամբ ստեղծված առաջին լիամետրաժ ֆիլմը ձախողվել է Չինաստանի կինովարձույթում։ «Սանսինդույ․ ապագան և անցյալը» (Sanxingdui: Future Past) ֆիլմը հավաքել է ընդամենը 1.7 միլիոն յուան, թեև հեղինակների խոսքով՝ դրա արտադրության վրա ծախսվել է տասնյակ միլիոնավոր յուան։
The Guardian-ը գրում է, որ լրագրողները ֆիլմը դիտել են Պեկինի գրեթե դատարկ կինոթատրոններից մեկում։ Նրանց կարծիքով՝ ֆիլմն անգամ ավելի վատն է ստացվել, քան կենդանի դերասանների մասնակցությամբ նկարահանված բազմաթիվ միջակ մարտաֆիլմեր։
Ֆիլմի սյուժեն ներկայացնում է ապագա, որտեղ բոլոր որոշումներն ընդունում են ալգորիթմներն ու արհեստական բանականությունը, ինչն ի վերջո հանգեցնում է համաշխարհային աղետի։ Աշխարհը փրկելու համար հերոսները պետք է բացահայտեն մի գաղտնի ծածկագիր, որը կապված է հին Շու թագավորության սրբազան բրոնզե քանդակների հետ։ Պատմության ընթացքում տիեզերագնացները ճանապարհորդում են Հին Եգիպտոսով, իսկ հնագետները տեղաշարժվում են տարածաժամանակային պորտալներով։
Ֆիլմի թույլ կողմերն ակնհայտ են նաև երկխոսություններում։ Որոշ արտահայտություններ անբնական են հնչում, իսկ հերոսների շարժումները հիշեցնում են տեսախաղերի անիմացիան։ Արհեստական բանականությունը ստեղծել է բոլոր պատկերներն ու ձայնային էֆեկտների մի մասը, սակայն մոնտաժն իրականացրել են մարդիկ։
Կինոքննադատ Յույ Յացինի կարծիքով՝ ֆիլմի ձախողման հիմնական պատճառն այն է, որ այն հետաքրքիր չի եղել հանդիսատեսի համար: Այնուամենայնիվ, նա հավելում է, որ չինացի ներդրողները շարունակելու են ֆինանսավորել նմանատիպ նախագծերը։ Նրանք հույս ունեն, որ արհեստական բանականությունը թույլ կտա զգալիորեն կրճատել արտադրական ծախսերը։ Ոլորտի մասնագետներից մեկի գնահատմամբ՝ աշխատանքը, որի համար նախկինում անհրաժեշտ էր շուրջ 100 մարդ, այժմ կարող է կատարել ընդամենը հինգը։ Սա սպառնալիք է ստեղծում կինոարդյունաբերության ոլորտում զբաղվածության համար։
«Աշխատանքը, որի համար նախկինում անհրաժեշտ էր շուրջ 100 մարդ, այժմ կարող են կատարել ընդամենը հինգը։ Մնացածներն աշխատանք չեն ունենա», – ասել է Յույ Յացինը։
Միևնույն ժամանակ, Չինաստանում արհեստական բանականության օգնությամբ ստեղծված կարճ սերիալների շուկան արդեն գնահատվում է 3 միլիարդ դոլար։ Ամեն ամիս առցանց հարթակներում հայտնվում են նման տասնյակ հազարավոր նախագծեր։ Սակայն կարճ տեսանյութերի հաջողությունը դեռ չի երաշխավորում լիամետրաժ ֆիլմերի նկատմամբ հանդիսատեսի հետաքրքրությունը։
ԱԲ-ի միջոցով ստեղծված նոր ֆիլմի ձախողումը կարող է պայմանավորված լինել նաև այն հանգամանքով, որ հանդիսատեսը նմանատիպ բովանդակությունը կարող է անվճար դիտել սմարթֆոններով և, հետևաբար, իմաստ չի տեսնում կինոթատրոնի տոմսի համար 50 յուան վճարելու մեջ։
«ԱԲ-ի միջոցով ստեղծված միկրոդրամաները վաճառում են ժամանակ անցկացնելու հնարավորություն, մինչդեռ կինոթատրոններում ֆիլմերը վաճառում են այնպիսի տպավորություն, որով մարդիկ ցանկանում են կիսվել ուրիշների հետ: Հնարավոր է՝ հանդիսատեսն, այնուամենայնիվ, ավելի պատրաստակամ է գումար ծախսել այն ֆիլմերի վրա, որոնք առաջարկում են առավել յուրահատուկ փորձառություն», – գրել է կինոբլոգերներից մեկը։
Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

