Թաքեր Կառլսոն․ Իրանի հետ հակամարտությունը ԱՄՆ-ին հասցրել է սնանկացման
Ամերիկացի լրագրող Թաքեր Կառլսոնը հայտարարել է, որ Իրանի շուրջ հակամարտությունը հանգեցրել է ԱՄՆ-ի սնանկացմանը և «վերջ է դրել ամերիկյան կայսրությանը»։
Այս մասին նա խոսել է իր հեղինակային հաղորդման ընթացքում, որի տեսագրությունը հրապարակվել է լրագրողի YouTube-յան ալիքում։
«Իրանի հետ պատերազմը՝ մեծ պատերազմը վերջ դրեց ամերիկյան կայսրությանը, մեզ սնանկացրեց, սպառնալիքի տակ դրեց դոլարը և բազմաթիվ այլ բաներ», – ասվում է տեսագրությունում հրապարակված նրա հայտարարության մեջ։
Կառլսոնի կարծիքով՝ Իրանի հետ պատերազմին և Մերձավոր Արևելքի այլ հակամարտություններին ԱՄՆ-ի մասնակցությունը ստիպել է երկրին «տրիլիոնավոր դոլարների պարտք վերցնել»։ Նրա պնդմամբ՝ այդ փոխառությունների սպասարկումը «ոչնչացնում է դաշնային բյուջեն»։
Լրագրողը նաև նշել է, որ կանխատեսելի էր Կոնգրեսի միջանկյալ ընտրություններում «հանրապետականների առաջիկա ջախջախիչ պարտությունը», որի պատճառը, նրա կարծիքով, Իրանի հետ պատերազմն ու դրա հետևանքներն են։
2026 թվականին ԱՄՆ պետական պարտքը գերազանցել է 40 տրիլիոն դոլարը՝ բյուջետային ծախսերի աճի և պակասուրդը ֆինանսավորելու անհրաժեշտության ֆոնին։
Reuters-ի տվյալներով՝ սեպտեմբերի 30-ին ավարտված ֆինանսական տարվա արդյունքներով՝ ԱՄՆ դաշնային բյուջեի պակասուրդը հասել է 1.99 տրիլիոն դոլարի՝ ավելանալով 217 միլիարդ դոլարով։ Ընդհանուր ծախսերը կազմել են 7.4 տրիլիոն դոլար, իսկ եկամուտները՝ 5.4 տրիլիոն դոլար։ Պետական պարտքի սպասարկման ծախսերը հասել են ռեկորդային 1.36 տրիլիոն դոլարի՝ աճելով 12%-ով։
Միևնույն ժամանակ, ծախսերի աճը պայմանավորված է ոչ միայն պաշտպանական ոլորտի ֆինանսավորմամբ, այլև սոցիալական ծրագրերի ֆինանսավորմամբ ու փոխառությունների տոկոսների վճարումներով։
Կոնգրեսի բյուջետային վարչությունը կանխատեսում է, որ մինչև 2036 թվականը բյուջեի պակասուրդը հետագայում կաճի՝ հասնելով 3.1 տրիլիոն դոլարի։
