Բարձր տեխնոլոգիաների ոլորտում պետական մրցանակի դափնեկիր Քամ Ղաֆարիանի պատվին մարվել է հատուկ ծրար և բացվել անվանական աստղ՝ Լեգենդների փառքի արահետում
Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակի 17-րդ դափնեկիր, ճարտարագետ և գործարար Քամ Ղաֆարիանի պաշտոնական այցի շրջանակում Հայաստանում տեղի են ունեցել նրա ձեռքբերումները նշանավորող մի շարք միջոցառումներ։
Քամ Ղաֆարիանը «X-energy», «Intuitive Machines», «Axiom Space» և «Quantum Space» բարձր տեխնոլոգիական ընկերությունների հիմնադիրն ու համահիմնադիրն է։ Նրա մասնակցությամբ ստեղծված ընկերությունները նշանակալի ներդրում են ունեցել տիեզերական արդյունաբերության և առաջատար տեխնոլոգիաների զարգացման գործում։ Այդ ձեռքբերումներից առանձնանում է 2024 թվականի փետրվարին «Intuitive Machines» ընկերության մշակած «Odysseus» տիեզերական սարքի պատմական առաքելությունը։ Սարքը հաջողությամբ վայրէջք է կատարել Լուսնի հարավային բևեռային շրջանում՝ դառնալով 1972 թվականին «Apollo» ծրագրի ավարտից ի վեր Լուսնի վրա վայրէջք կատարած առաջին ամերիկյան տիեզերական սարքը։ Իսկ «Axiom Space» ընկերությունը NASA-ի՝ ԱՄՆ Օդագնացության և տիեզերական տարածության հետազոտությունների ազգային գործակալության հետ համագործակցությամբ իրականացնում է մի շարք նշանակալի նախագծեր, այդ թվում՝ անձնակազմով կոմերցիոն տիեզերական առաքելություններ և կոմերցիոն տիեզերակայանի ստեղծման ծրագիր։
Քամ Ղաֆարիանին հանձնվել է Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակը։ Նրա պատվին կազմակերպվել է նաև հանդիսավոր ընդունելություն։ Մրցանակի հանձնմանն ու ընդունելությանը նախորդել է «Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ» թեմային նվիրված հատուկ ծրարի մարման հանդիսավոր արարողությունը։
Հատուկ ծրարի մարման արարողությանը մասնակցել են Քամ Ղաֆարիանը, Մրցանակի գլխավոր գործընկեր Viva ընկերության գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը, Մրցանակաբաշխության գործադիր խորհրդի նախագահ, «Սինոփսիս Արմենիա» ընկերության տնօրեն ու Հայաստանի ֆիլատելիստների միության նախագահ Հովիկ Մուսայելյանը:
«Նամականիշն ու ծրարը վաղուց արդեն պարզապես փոստային հաղորդակցության միջոցներ չեն։ Դրանք նաև պատմության վկայություններ են, նշանակալի իրադարձություններն ու անհատներին արժևորելու խորհրդանիշներ։ Այսօր թողարկվող հատուկ ծրարն ու գեղաթերթիկը նվիրված են Քամ Ղաֆարիանին, որի ձեռքբերումները վկայում են, որ գիտելիքը, համարձակությունն ու նորարարական մտածողությունը կարող են փոխել աշխարհը։ Թող այս ծրարն ու գեղաթերթիկը լինեն ոչ միայն բացառիկ ձեռքբերումների գնահատանքի, այլև ապագա սերունդների համար ոգեշնչման խորհրդանիշ», – ասել է Viva-ի գլխավոր տնօրեն Արմեն Ավետիսյանը։

«Ինձ համար մեծ պատիվ է ստանալ այս մրցանակը։ Այն մեծ նշանակություն ունի իմ կյանքում՝ ոչ միայն բիզնեսի և այլ հանգամանքների պատճառով, այլև այն պատճառով, որ որքան երկար եմ մնում այստեղ, այնքան ավելի եմ սիրահարվում Հայաստանին։ Այն արթնացնում է Ջուղայում և Սպահանում ունեցածս փորձառությունների, ինչպես նաև այնտեղ անցկացրած ժամանակի հուշերը։ Ուստի, ասում եմ ձեզ, որ վերադառնալու եմ։ Նաև մեծ ոգևորությամբ եմ սպասում Հայաստանում գործունեություն ծավալելուն և երկրի համար դրական փոփոխություններ բերելուն։ Իսկապես անհամբերությամբ եմ սպասում դրան։ Ինձ համար մեծ պատիվ է ստանալ այս մրցանակը։ Շատ շնորհակալություն», – ասել է Ղաֆարիանը։
Viva-ն արդեն 17 տարի անընդմեջ աջակցում է այս մրցանակին՝ կարևորելով համաշխարհային ճանաչում ունեցող նորարարների օրինակով Հայաստանի երիտասարդներին ոգեշնչելը և սեփական ուժերի նկատմամբ հավատ ներշնչելը։
Հատուկ ծրարի վրա պատկերված է 2026 թվականին բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակին արժանացած Քամ Ղաֆարիանը:
Ծրարի վրա փակցված է 2024 թվականին թողարկված «Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար Հայաստանի Հանրապետության պետական մրցանակ» թեմային նվիրված երկու նամականիշով գեղաթերթիկը:

Պետական մրցանակի հանձնման հաջորդ օրը Քամ Ղաֆարիանն այցելել է Ինժեներական քաղաք, շրջայց կատարել և ծանոթացել այնտեղ իրականացվող ծրագրերին։ Այցի շրջանակում տեղի է ունեցել Լեգենդների փառքի արահետում Քամ Ղաֆարիանի անվանական աստղի բացման արարողությունը։
Viva-ի գլխավոր տնօրեն տնօրեն Արմեն Ավետիսյանը նշել է․ «Ուրախ եմ մասնակցելու Քամ Ղաֆարիանի բացառիկ ձեռքբերումներին նվիրված այս խորհրդանշական իրադարձությանը։ Նրա անվանական աստղը ոչ միայն ճանաչման և գնահատանքի նշան է, այլև հիշեցում է, որ մեծ գաղափարներն ու նորարարությունը կարող են փոխել աշխարհը։ Viva-ն արդեն 17 տարի աջակցում է Բարձր տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ պետական մրցանակին՝ համոզված լինելով, որ գիտության և նորարարության խրախուսումը ներդրում է Հայաստանի ապագայի մեջ։ Վստահ եմ՝ այս աստղը կոգեշնչի նաև երիտասարդներին՝ հավատալու սեփական ուժերին, համարձակ մտածելու և իրենց գաղափարները կյանքի կոչելու»։

