Դևիդ Բեքհեմը 41 մլն դոլարի փոխհատուցում է պահանջել՝ իր օծանելիքը զեղչային խանութներում վաճառելու համար
Անգլիայի նախկին ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմի բրենդը կառավարող DB Ventures ընկերությունը 41 մլն դոլարի հայց է ներկայացրել օծանելիք արտադրող Coty ընկերության դեմ։ Պատճառը ֆուտբոլիստի անվան տակ արտադրված օծանելիքի ենթադրյալ վաճառքն է բրիտանական Poundland զեղչային խանութների ցանցում և ավտալցակայաններում։
Ինչպես գրում է The Guardian-ը, Բեքհեմի ներկայացուցիչները կարծում են, որ արտադրանքի տարածումը մատչելի գներով ապրանքներ վաճառող խանութների միջոցով վնասում է բրենդի պրեմիում իմիջին, որը ձևավորվել է տասնամյակների ընթացքում։
Դատական փաստաթղթերի համաձայն՝ DB Ventures-ը Բեքհեմի օծանելիքը հայտնաբերել է Poundland խանութների ցանցում, ինչպես նաև ավտալցակայաններից մեկում՝ զեղչված ապրանքների շարքում։ Ընկերության իրավաբանները դժգոհություն են հայտնել այն հանգամանքից, որ որպես պրեմիում դասի արտադրանք ներկայացվող ապրանքը վաճառվել է նվազեցված գներով։
Հայցում նշվում է, որ Coty-ն Բեքհեմի ապրանքանիշով առնվազն 24 մլն դոլարի արտադրանք է իրացրել բաշխման չհամաձայնեցված ուղիներով։
Բացի այդ, DB Ventures-ը արտադրողին մեղադրում է վաճառքի հաշվետվություններում ցուցանիշները նվազեցնելու մեջ։ Հայցվորի պնդմամբ՝ Coty-ն հաշվետվություններում չի արտացոլել 123 մլն դոլարի արտադրանքի իրացումը, ինչի հետևանքով Բեքհեմի ընկերությունը կարող էր շուրջ 6 մլն դոլարի լիցենզային վճարներ չստանալ։
Coty-ն հերքում է Poundland խանութների ցանցին օծանելիք վաճառելու մեղադրանքները։ Ընկերությունը նաև պնդում է, որ իրավունք է ունեցել ինքնուրույն որոշելու այն վաճառքի կետերը, որոնց միջոցով իրացվում է արտադրանքը։ Արտադրողը պահանջել է մերժել հայցը։
Coty կոնցեռնը Բեքհեմի բրենդի հետ համագործակցում է ավելի քան տասը տարի և նրա անվան տակ թողարկել է ավելի քան 30 բույր։ Մեծ Բրիտանիայում նման օծանելիքի մեկ սրվակի արժեքը կազմում է շուրջ 20 ֆունտ։
Դատական վեճը ծավալվում է նախկին ֆուտբոլիստի բիզնես կայսրության ընդլայնման ֆոնին։ Sunday Times Rich List-ի՝ Մեծ Բրիտանիայի ամենահարուստ բնակիչների վարկանիշի գնահատմամբ՝ Դևիդ և Վիկտորիա Բեքհեմների ընդհանուր կարողությունը հասնում է 1.2 մլրդ ֆունտ ստեռլինգի։
2026 թվականին Բեքհեմն իր բիզնես խմբից ստացել է 51 մլն դոլարի շահաբաժիններ։ Եկամուտների աճը պայմանավորված է եղել նաև ֆուտբոլի աշխարհի առաջնության ընթացքում կնքված գովազդային պայմանագրերով։ Մարզիկի գործընկերների թվում են Lenovo-ն, McDonald’s-ը և Bank of America-ն։
The Guardian-ի հեղինակային սյունակում լրագրող Արուա Մահդավին ուշադրություն է հրավիրել Բեքհեմների ընտանիքի զանգվածային գովազդային նախագծերի և սեփական արտադրանքի պրեմիում կարգավիճակը պահպանելու ձգտման միջև առկա հակասությանը։ Լրագրողի կարծիքով՝ օծանելիքի շուրջ ստեղծված պատմությունը ցույց է տալիս, թե որքան կարևոր նշանակություն է ձեռք բերել բրենդի հեղինակության վերահսկողությունը հանրահայտ մարդկանց բիզնեսում։
