Baidu-ի ղեկավարը ներկայացրել է, թե որն է արհեստական բանականության իրական արժեքը
Արհեստական բանականության (ԱԲ) իրական արժեքը ոչ թե մոդելների կամ գրաֆիկական պրոցեսորների հզորության, այլ մարդկանց կյանքը բարելավելու նպատակով դրանց գործնական կիրառման մեջ է։ Այս մասին հայտարարել է չինական Baidu տեխնոլոգիական ընկերության ղեկավար Լի Յանհունը։
Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության (ԱԽՏՀ) գործարար գագաթնաժողովն անցկացվում է նոյեմբերի 17-18-ը Շենժենում՝ ԱԽՏՀ անդամ տնտեսությունների ղեկավարների 33-րդ ոչ պաշտոնական հանդիպմանն ընդառաջ, որը նախատեսված է նոյեմբերի 18-19-ին։
Լի Յանհունի խոսքով՝ արհեստական բանականության ոլորտը զարգանում է տեխնոլոգիական չորս մակարդակով։ Առաջինը ապարատային ենթակառուցվածքն է, առաջին հերթին՝ գրաֆիկական պրոցեսորները, երկրորդը՝ ամպային հաշվարկները, երրորդը՝ արհեստական բանականության մոդելները՝ ներառյալ բաց ելակետային կոդով մշակումներն ու առաջատար լաբորատորիաների նորագույն լուծումները։ Սակայն, նրա խոսքով, հիմնական արժեքը ստեղծվում է չորրորդ՝ հավելվածների մակարդակում։
«Տեխնոլոգիաների իրական արժեքն ի հայտ է գալիս միայն այն ժամանակ, երբ դրանք գործնական կիրառություն են գտնում», – գործարար գագաթնաժողովում իր ելույթի ընթացքում ասել է նա՝ ընդգծելով, որ շատ ավելի կարևոր է սովորել արհեստական բանականությունն օգտագործել տարբեր իրավիճակներում, երկրներում, ընկերություններում և կազմակերպություններում, քան կենտրոնանալ բացառապես մոդելների և հաշվողական հզորությունների զարգացման վրա։
Որպես օրինակ՝ Լի Յանհունը ներկայացրել է ինքնավար տաքսիները։ Նրա խոսքով՝ նման համակարգերը համատեղում են ապարատային լուծումները, ամպային ենթակառուցվածքը և արհեստական բանականության մոդելները։ Նա ընդգծել է, որ ռոբոտաքսիների անվտանգության ցուցանիշները մոտ տասն անգամ ավելի բարձր են, քան մարդկանց կողմից կառավարվող ավտոմեքենաներինը։
Baidu-ի ղեկավարը ԱԲ տեխնոլոգիաների գործնական կիրառման այլ հեռանկարային ոլորտներ է համարել առողջապահությունն ու ժամանցի արդյունաբերությունը։ Նրա խոսքով՝ արհեստական բանականությունը կարող է արագացնել նոր դեղամիջոցների հայտնաբերումն ու մշակումը, ինչպես նաև կրճատել ժամանցային բովանդակության արտադրության ժամանակը։
Baidu-ի ղեկավարի հայտարարությունը հնչել է այն ժամանակ, երբ արհեստական բանականության համաշխարհային ոլորտը հաշվողական հզորությունների համար մրցակցությունից անցում է կատարում դեպի առևտրային պահանջարկ ունեցող արտադրանքների որոնում։
Տեխնոլոգիական հրապարակումներն իրականացվում են Իդրամի աջակցությամբ։

