ԱՄՆ-ին սպառնում է դեֆոլտ՝ պետական պարտքի սահմանաչափին հասնելու պատճառով
ԱՄՆ-ը կարող է բախվել պետական պարտքի սահմանաչափի սպառման և դեֆոլտի վտանգի։ Այս մասին գրում է The New York Times-ը (NYT)՝ հղում անելով Երկկուսակցական քաղաքականության կենտրոնի վերլուծությանը։
Կենտրոնի հաշվարկներով՝ ԱՄՆ պետական պարտքի գործող՝ 41.1 տրլն դոլարի սահմանաչափը կարող է սպառվել արդեն առաջիկա ամիսներին։ Եթե Կոնգրեսը չբարձրացնի սահմանաչափը կամ ժամանակավորապես չկասեցնի դրա գործողությունը, երկիրը կարող է հայտնվել դեֆոլտի եզրին։ Անբարենպաստ սցենարի դեպքում դեֆոլտը հնարավոր է հաջորդ տարվա օգոստոսին։
Սահմանաչափին հասնելու ժամկետը կախված է տոկոսադրույքներից, տնտեսական աճի տեմպերից, մաքսատուրքերի վերաբերյալ դատական որոշումներից և բյուջետային օրենսդրության փոփոխություններից։
Սահմանաչափը սպառվելու դեպքում ԱՄՆ ֆինանսների նախարարությունը ստիպված կլինի կիրառել արտակարգ միջոցներ՝ պետական պարտավորությունների կատարումը շարունակելու և հնարավոր դեֆոլտը հետաձգելու համար։ Դրանք կարող են ներառել պետական ծառայողների խնայողական ծրագրերում ներդրումների ժամանակավոր կասեցում և պետական գերատեսչությունների միջև միջոցների վերաբաշխում։
Պետական պարտքի սահմանաչափը դաշնային կառավարության փոխառությունների՝ օրենքով սահմանված առավելագույն չափն է։ Փոխառություններն անհրաժեշտ են արդեն ստանձնած պարտավորությունները ֆինանսավորելու համար, այդ թվում՝ կենսաթոշակները, զինվորականների աշխատավարձերը և պարտքի տոկոսավճարները։ Սահմանաչափի բարձրացումն ինքնին նոր պետական ծախսեր չի նախատեսում։
NYT-ի գնահատմամբ՝ պարտքի սահմանաչափին մոտենալը կարող է արագացնել հանրապետականների և դեմոկրատների միջև բյուջետային համաձայնության ձեռքբերումը։
Ներկայացուցիչների պալատի բյուջետային հանձնաժողովի ապագա նախագահ Բրենդան Բոյլն առաջարկում է ֆինանսների նախարարությանը թույլատրել ժամանակավորապես կասեցնել պարտքի սահմանաչափի գործողությունը՝ Կոնգրեսին վերապահելով այդ որոշումը չեղարկելու իրավունքը։
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը նախկինում հանդես է եկել պարտքի սահմանաչափն ամբողջությամբ վերացնելու օգտին՝ այն համարելով տնտեսական ճգնաժամի հնարավոր աղբյուր։
ԱՄՆ պետական պարտքն արդեն գերազանցել է 40 տրլն դոլարը։ The New York Times-ը պարտքի արագ աճը մասամբ կապում է հարկային արտոնությունների ֆինանսական հետևանքների և Իրանում ռազմական գործողությունների հետ կապված ծախսերի հետ։
