Starbucks-ը պատրաստվում է վաճառել իր բիզնեսը Ճապոնիայում
Ամերիկյան Starbucks սրճարանների ցանցը սկսել է նախապատրաստվել Ճապոնիայում իր բիզնեսի հնարավոր վաճառքին։ Գործարքի արժեքը կարող է կազմել շուրջ 3 մլրդ դոլար։
Bloomberg-ի փոխանցմամբ՝ ընկերությունը ներգրավել է Citigroup և Morgan Stanley ներդրումային բանկերին, որոնք արդեն ուսումնասիրում են ռազմավարական և ֆինանսական ներդրողների հետաքրքրվածությունը ճապոնական ստորաբաժանման նկատմամբ։ Քննարկումները դեռ շարունակվում են, և վերջնական որոշում չի կայացվել։ Չի բացառվում, որ Starbucks-ը հրաժարվի գործարքից։
Ճապոնիան շարունակում է մնալ Starbucks-ի խոշորագույն շուկաներից մեկը։ Ընկերությունը երկրում գործում է ավելի քան 30 տարի և ունի շուրջ 2.000 սրճարան։
Starbucks-ի ներկայացուցիչը նշել է, որ ընկերությունը մշտապես գնահատում է բիզնեսի զարգացման և բաժնետերերի համար արժեքի ավելացման հնարավորությունները՝ ընդգծելով ճապոնական շուկայում ցանցի ամուր դիրքերը։
Reuters-ն ավելի վաղ հայտնել էր, որ Starbucks-ը դիտարկում է ճապոնական ստորաբաժանման բաժնետոմսերի վերահսկիչ փաթեթի վաճառքի հնարավորությունը։
Starbucks-ը չի հրապարակում ճապոնական ստորաբաժանման հասույթի առանձին ցուցանիշները։ Սակայն Ճապոնիային, Կանադային և Մեծ Բրիտանիային բաժին է ընկել ԱՄՆ-ից և Չինաստանից դուրս ընկերության միջազգային շուկաներում ստացված զուտ հասույթի շուրջ 72%-ը։
