Պաշտոնական

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 400.00-1.00 EUR SELL - 403.00-1.00
OIL:  BRENT - 96.55-1.45 WTI - 89.63-1.32
COMEX:  GOLD - 4065.90+0.03 SILVER - 51.85+0.10
COMEX:  PLATINUM - 1546.40+0.62
LME:  ALUMINIUM - 3062.50-0.21 COPPER - 13768.00-2.73
LME:  NICKEL - 16353.00+7.09 TIN - 46467.00-4.92
LME:  LEAD - 1885.50-1.26 ZINC - 3711.00-3.42
FOREX:  USD/JPY - 158.26-0.11 EUR/GBP - 1.116+0.15
FOREX:  EUR/USD - 1.116+0.15 GBP/USD - 1.3384+0.26
STOCKS RUS:  RTSI - 949.88-0.14
STOCKS US: DOW JONES - 51285.73-0.46 NASDAQ - 24579.43+1.09
STOCKS US: S&P 500 - 7376.86+0.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 58775.50+2.33 TOPIX - 3818.16+2.97
STOCKS CHINA:  HANG SENG - 24448.95-0.13 SSEC - 3660.79+0.32
STOCKS EUR:  FTSE100 - 10673.94-1.01 CAC40 - 8139.00-0.81
STOCKS EUR:  DAX - 25820.36-1.92
09/11/2026  CBA:  USD - 360.43+0.09 GBP - 483.66+1.02
09/11/2026  CBA:  EURO - 403.36+0.75
09/11/2026  CBA:  GOLD - 46927-721 SILVER - 602.81-9.12
Սերժ Սարգսյանը ապագայում չի առաջադրվի ոչ նախագահի պաշտոնում, ոչ էլ կստանձնի վարչապետի պաշտոնը
10/04/2014 14:54
Կիսվել

Սերժ Սարգսյանը ապագայում չի առաջադրվի ոչ նախագահի պաշտոնում, ոչ էլ կստանձնի վարչապետի պաշտոնը

Հայաստանի Հանրապետության Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հանդիպել է ՀՀ Նախագահին առընթեր սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների հետ: Հանդիպման ընթացքում հանձնաժողովի նախագահ, ՀՀ սահմանադրական դատարանի նախագահ Գագիկ Հարությունյանը տեղեկացրել է Հանրապետության Նախագահին, որ ՀՀ սահմանադրական բարեփոխումների հայեցակարգի նախագծի նախնական տարբերակն արդեն պատրաստ է և տեղադրված է ՀՀ արդարադատության նախարարության պաշտոնական կայքէջում: Հանձնաժողովի նախագահը ներկայացրել է Հայեցակարգի հիմնական դրույթները և դրանում արծարծված առանցքային խնդիրների լուծման ուղիները:

Նկատի ունենալով, որ Հայեցակարգի նախագիծը նախնական է և պետք է անցնի պարտադիր հանրային քննարկումների փուլ, Գագիկ Հարությունյանը նշել է, որ այս փուլում ի սկզբանե նպատակ չի դրվել բոլոր հարցերի վերաբերյալ ձևավորել միասնական և վերջնական դիրքորոշումներ: Դրանցից, մասնավորապես, ընդգծվել են մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների երաշխավորմանը, դատական իշխանության գործառութային և ինստիտուցիոնալ արդյունավետությանը, ինչպես նաև պետության կառավարման ձևին և ընտրությունների անցկացմանը վերաբերող հարցերը:

Հանրապետության Նախագահը շնորհակալություն է հայտնել հանձնաժողովի նախագահին և անդամներին՝ կատարված ծավալուն աշխատանքի համար և իր դիրքորոշումն է հայտնել որոշ առանցքային հարցերի վերաբերյալ:

ՀՀ Նախագահի խոսքը Սահմանադրական բարեփոխումների մասնագիտական հանձնաժողովի անդամների հետ հանդիպման ժամանակ

Շնորհակալ եմ պարոն Հարությունյան, Ձեզ, շնորհակալ եմ հանձնաժողովի բոլոր անդամներին կատարված ծավալուն աշխատանքի համար: Համոզված եմ, որ հանձնաժողովի անդամների մասնագիտական բարձր որակները թույլ են տվել վեր հանել ու մշակել այսօր մեր հասարակությանը և պետությանը հուզող բոլոր կարևորագույն խնդիրները: Համոզված եմ նաև, որ զուտ իրավական բնույթ ունեցող հարցերի կապակցությամբ հանձնաժողովն ունի թե՛ գիտական, և թե՛ գործնական հիմնավորումներ: Ես այստեղ որևէ կասկած չունեմ:

Անդրադառնալով Ձեր կողմից հնչեցված առանձին հիմնահարցերին, կարծում եմ, որ դատական իշխանությանն առնչվող բոլոր կարևոր խնդիրները, բոլոր «դեմերը» ու «կողմերը» պետք է քննարկվեն հենց այդ համակարգի ներկայացուցիչների մասնակցությամբ: Ինչպիսի եզրակացության կգաք, այնպիսի որոշումներ էլ կկայացնենք:

Ինչ վերաբերում է պետության կառավարման ձևին, ապա այս հարցում իմ մոտեցումը հայտնի է, և ես առիթ եմ ունեցել այդ կապակցությամբ արտահայտվել, որ մեր երկրի համար, գոնե թե զարգացման ներկա փուլում, գործող կառավարման մոդելն առավել ընդունելին է: Համենայն դեպս ես այդպես եմ կարծում:

Ինչևէ, գտնում եմ, որ մասնագիտական հանձնաժողովի կողմից բարձրացված այս հարցը, ի թիվս այլնի, պետք է դառնա հանրային քննարկումների առարկա: Սակայն կարևոր է նաև նկատի ունենալ, որ քաղաքական երանգ ունեցող հարցերին վերջնական գնահատական տալուց չպետք է անտեսվեն կամ թերագնահատվեն մեր երկրի քաղաքական ուժերի մոտեցումները:

Այդ պատճառով հանրային քննարկումների կազմակերպումը, դրանց անցկացմանը մասնագետների, քաղաքացիական հասարակության և քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչների ակտիվ և արդյունավետ մասնակցությունը կարևոր է հավասարակշռված որոշումներ ընդունելու համար: Այդ որոշումները պետք է միտված լինեն պետության կայուն զարգացման ապահովմանը, այլ ոչ թե առանձին խմբերի կամ նեղ շահերի սպասարկմանը:

Մենք միասին պետք է կարողանանք իրավիճակային կամ ցանկացած մարդու ու ցանկացած քաղաքական ուժի շահերից վեր լուծումներ ամրագրել, քանի որ դա վերաբերում է մեր երկրի զարգացման ընթացքին, վերաբերում է ապագային: Մարդիկ էլ, քաղաքական ուժերն էլ, այսպահային շահերն էլ անցողիկ են, Սահմանադրությունը սերունդների համար է: Եվ որպես այս ճանապարհով շարժվելու սկիզբ, ես իմ կողմից ուզում եմ անել առաջին քայլը սահմանադրական բարեփոխումների քննարկումները իսկապես անկաշկանդ հունի մեջ դնելու առումով: Եվ ձեր առաջ, քննարկումների փուլն սկսելուց առաջ, պաշտոնապես հայտարարում եմ, որ ես, Սերժ Սարգսյանս, այլևս երբեք չեմ առաջադրվելու Հայաստանի Հանրապետության Նախագահի պաշտոնի համար: Եթե վերջնական քննարկումների արդյունքում իմ ցանկությանը չհամապատասխանող ուղի ընտրվի, նկատի ունեմ պառլամենտական կառավարման մոդելը, ապա ես չեմ հավակնի նաև վարչապետի պաշտոնին: Վստահ եմ անգամ, որ մեկ մարդը երկու անգամից ավել իր կյանքում չպետք է հավակնի ընդհանրապես երկրի կառավարման ղեկին Հայաստանում: Ես ղեկավարում եմ Հայաստանի ամենամեծ քաղաքական ուժը՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը, և ինչպիսի սահմանադրական կառուցակարգերի վրա էլ ի վերջո կանգ առնեք, Հայաստանի Հանրապետական կուսակցությունն այդ կանոններով կշարունակի իր ծանրակշիռ ու որոշիչ դերակատարությունը Հայաստանում: Համենայն դեպս, մենք վստահորեն այդ ճանապարհով ենք գնալու: Ես սա ասում եմ, քանի որ գիտակցում եմ Սահմանադրության դերն ու ժողովրդավարական ավանդույթների կարևորությունը մեր երկրի համար, դա շատ ավելի կարևոր է, քան հնարավոր բոլոր վայ-շահարկումները, որոնք պարզապես թեթևամտության ժանրից են: Եվ ես սա ասում եմ այսօր՝ որպես սահմանադրական բարեփոխումների գործընթացի իրականացման ազատության երաշխիք ու նաև ազատ գործելու երաշխիք ձեզ համար:

Եվ ես սկզբունքորեն, իհարկե, համաձայն եմ Հայեցակարգի հանրային քննարկումների ժամկետը երկարաձգելու Ձեր առաջարկի հետ և գտնում եմ, որ որպես այս փաստաթղթի հեղինակ, հենց հանձնաժողովը պետք է ստանձնի այդ քննարկումների պատշաճ անցկացման և դրանց արդյունքների ամփոփման բարդ ու պատասխանատու առաքելությունը:

09/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.43
+0.09
Եվրո (EUR)
403.36
+0.75
Ռուբլի (RUR)
4.3787
-0.0214
Լարի (GEL)
138.94
-0.01
46927
-721
Արծաթ
602.81
-9.12