
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ – ՏԵՂԻ Է ՈՒՆԵՑԵԼ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ՏԵԽՆՈԼՈԳԻԱՆԵՐԻ ԽՈՐՀՈՒՐԴԻ ՆԻՍՏ
Երեկ, ապրիլի 10-ին, տեղի է ունեցել Տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացմանն աջակցող խորհրդի (ՏՏԶԱԽ) նիստ, որը վարել է խորհրդի նախագահ, ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանը։
Խորհուրդը քննարկել է նախորդ նիստի հանձնարարականների կատարման ընթացքը, «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի վերաբերյալ խորհրդի իրավակարգավորման աշխատանքային խմբի առարկությունները, մաքսային օրենսդրության եւ վարչարարության բարեփոխումների առաջարկությունների փաթեթը եւ այլ հարցեր։
Խորհրդի նախորդ նիստի մեկ տասնյակից ավելի հանձնարարականների կատարման ընթացքի վերաբերյալ տեղեկատվություններ են ներկայացրել ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը, խորհրդի աշխատանքային խմբերի ղեկավարները։ Մասնավորապես, խորհուրդն ի գիտություն է ընդունել Ռազմավարական քաղաքականության աշխատանքային խմբի ղեկավարի տեղեկատվությունը այն մասին, որ համապատասխան աշխատանքային խմբերի հետ քննարկվել է պետական կառավարման մարմիններում էլեկտրոնային կառավարման համակարգի ներդրմանն ուղղված 2010-2011թթ. նախատեսված միջոցառումների ցանկում առկա ծրագրերի իրականացումը, որի արդյունքում առաջարկվել է ծրագրերի մի մասը տեղափոխել 2009թ.` ներկայացնելով հիշյալ խնդրի լուծման եռամյա ծրագիր։ Ըստ նրա, դա հնարավորություն կտա արդեն այս տարեվերջին ունենալ էլեկտրոնային կառավարման գործող համակարգ` միջազգային չափանիշներին համապատասխան զարգացման իրական հնարավորություններով։ Ի գիտություն է ընդունվել նաեւ խորհրդի Գիտության եւ կրթության աշխատանքային խմբի ղեկավարի տեղեկատվությունը «Հայկական էթնիկ բիզնես-մասնագիտական ցանցի» ստեղծման վերաբերյալ։ Վարչապետը հանձնարարել է հարցի վերաբերյալ համապատասխան վերլուծական նախապատրաստել եւ ներկայացնել նաեւ Ազգային մրցունակության խորհրդի քննարկմանը, քանի որ այն, հատկապես համաշխարհային ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում, հնարավորություն է ընձեռնում արագ եւ առանց մեծ ծախսերի մոբիլիզացնելու համայնքները։ Մեկ այլ հանձնարարականի` ՀՀ-ում ՏՏ ոլորտում նշանակալից հայտնագործությունների եւ լավագույն աշխատանքների համար միջազգային նախագահական մրցանակ սահմանելու վերաբերյալ եւս, ի գիտություն է ընդունվել, որ հարցը դրական լուծում է ստացել, ինչը, անկասկած, կնպաստի մեր երկրում ՏՏ ոլորտի զարգացմանը եւ միջազգային հեղինակության աճին։
Քննարկումների արդյունքում արձանագրվել է, որ նախորդ նիստի մի շարք հանձնարարականների կատարման վերաբերյալ առկա է որոշակի առաջընթաց, մի քանիսը դեռեւս քննարկման փուլում են։ Վարչապետը նշել է այդ հարցերի շուրջ քննարկումները շարունակելու եւ դրանց լուծման գործում հետեւողականություն դրսեւորելու անհրաժեշտությունը։
Օրակարգի երկրորդ հարցի` «Պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի առարկությունների վերաբերյալ, հանձնարարվել է շարունակել հարցի քննարկումը Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի հետ եւ արդյունքների մասին տեղեկացնել խորհրդին։
Խորհուրդը քննարկել է նաեւ մաքսային օրենսդրության եւ վարչարարության բարեփոխումների առաջարկությունների փաթեթը, որը նախապատրաստվել է Տեղեկատվական տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության կողմից` Ձեռնարկությունների ինկուբատոր հիմնադրամի «ՏՏ ոլորտի գործարար եւ կարգավորիչ դաշտը Հայաստանում» վերլուծություն-հաշվետվության եւ Տեղեկատվական եւ հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ընկերությունների առաջարկությունների հիման վրա։ Նշվել է, որ փաթեթը, որում ներառված են Տեղեկատվական եւ հեռահաղորդակցության տեխնոլոգիաների ոլորտի ներմուծման եւ արտահանման խնդիրները, քննարկվել է շուրջ 5 տասնյակ ձեռնարկությունների եւ ՀՀ ԿԱ եկամուտների պետական կոմիտեի հետ։
Վարչապետը հանձնարարել է «ՏՏ ձեռնարկությունների միություն» ՀԿ-ի տնօրեն Կարեն Վարդանյանին` մեկ շաբաթյա ժամկետում հավաքագրել եւ հստակորեն շարադրել քննարկվող խնդրում ընկերություններին մտահոգող բոլոր հարցերը եւ ներկայացնել ՀՀ ԿԱ եկամուտների պետական կոմիտե։ Վերջինիս հանձնարարվել է մեկ շաբաթվա ընթացքում ներկայացնել պաշտոնական մեկնաբանություններ նշված հարցադրումներին, որից հետո, անհրաժեշտության դեպքում, հարցը լրացուցիչ կքննարկվի խորհրդի հաջորդ նիստում։
Այլ հարցերի թվում, խորհուրդը քննարկել է Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում մեր երկրի միջազգային վարկանիշի բարձրացմանն ուղղված միջոցառումները եւս։ Նշվել է, որ չնայած անցած տարի ակտիվությունը ոլորտում մեծ է եղել, այնուամենայնիվ, Համաշխարհային տնտեսական ֆորումի կողմից տրված գնահատականներում վարկանիշի նահանջ կա։ Խնդրի կարգավորման ուղիների թվում նշվել է, մասնավորապես, երկրում ոլորտի իրական վիճակի մասին տեղեկատվության հոսքերի համակարգման, տեղեկատվական տեխնոլոգիաների` հասարակության լայն խավերին հասանելիության եւ մատչելիության, «Համակարգիչ բոլորի համար» ծրագրի իրականացման, ոլորտում ծառայությունների մատուցման որակի բարելավման անհրաժեշտությունը։ Հանձնարարվել է ՀՀ գիտության եւ կրթության նախարարին` ուսումնասիրել նշված հարցերի լուծման Էստոնիայի դրական փորձը եւ ներկայացնել խորհրդի հաջորդ նիստին։ Որոշվել է նաեւ առաջարկել Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովին` քննարկել հանրային ծառայություններ մատուցող կազմակերպությունների կողմից էլեկտրոնային վճարումների պարտադիր համակարգի սահմանման հնարավորությունը։
Նիստի ավարտին ՀՀ էկոնոմիկայի նախարար Ներսես Երիցյանը` ՏՏ ոլորտի խթանման եւ հասարակությանն այն առավել մատչելի դարձնելու նպատակով, հանդես է եկել այս տարվա երրորդ եռամսյակում էլեկտրոնային հասարակության ձեւավորման վերաբերյալ ներկայացուցչական համաժողով կազմակերպելու մասին հայտարարությամբ։