Վերանորոգվում են Երևանի վթարավտանգ պատշգամբները
Երևանի քաղաքապետարանի 2014 թվականի շինբարեկարգման ծրագրով մեկնարկել են են առաջնահերթ հիմնանորոգման անհրաժեշտություն ունեցող շքապատշգամբների հիմնանորոգման աշխատանքներ:
Այս տարվա ծրագրով կհիմնանորոգվի շուրջ 200 շքապատշգամբ: Դրանց վերակառուցումն իրականացվում է նախապես հաստատված նախագծերով: Աշխատանքներն իրականացվում են համապատասխան մրցույթում հաղթող ճանաչված կազմակերպությունների ուժերով:
Կախված պատշգամբի տեսակից՝ վերանորոգման աշխատանքներից հետո պատշգամբները նաև ներկվում և արտաքին պատշաճ տեսքի են բերվում:
Հիշեցնենք, որ շքապատշգամբները, հանդիսանալով բնակիչների սեփականությունը, պետք է հիմնանորոգվեին և վերակառուցվեին սեփականատիրոջ կամ համատիրության կողմից, սակայն, հաշվի առնելով բնակիչների անվտանգության ապահովման կարևորությունը, քաղաքապետ Տարոն Մարգարյանի հանձնարարությամբ ծրագիրն իրականացվում է Երևանի քաղաքապետարանի տարեկան ծրագրերի շրջանակում: