Գերմանիայի պետբյուջեի պակասուրդը առաջին կիսամյակում նվազել է
Գերմանիայի պետբյուջեի եկամուտները ընթացիկ տարվա առաջին կիսամյակում աճել են 3,2%-ով` կազմելով 598,7 մլրդ եվրո, իսկ ծախսերն ավելացել են 2,9%-ով և կազմել 617 մլրդ եվրո: Արդյունքում` պետբյուջեի պակասուրդը նախորդ տարվա նույն ժամանակահատվածում արձանագրված 19,3 մլրդ եվրոյից նվազել է մինչև 18,2 միլիարդ: Ընդ որում` դաշնային բյուջեի եկամուտների ծավալն աճել է 2,9%-ով (162,7 մլրդ եվրո), իսկ ծախսերը` 0,7%-ով (175,1 մլրդ եվրո): Արդյունքում` ԳԴՀ դաշնային բյուջեի պակասուրդը նվազել է մինչև 12,3 մլրդ եվրո` 2013-ին եղած 15,6 մլրդ եվրո ցուցանիշի դիմաց:
Դաշնային վիճակագրական վարչության տվյալներով` պետբյուջեի պակասուրդը հնարավոր է եղել կրճատել միայն Գերմանական դաշնային բանկի շահույթի հաշվին, ինչը նախորդ տարի կազմել է 4,6 մլրդ եվրո:
Դաշնային հողերի և համայնքների բյուջետային պակասուրդները հակառակը` ընթացիկ տարվա հունվար-հունիս հատվածում աճել են. հողերի գանձարանում պակասում է 1,5 մլրդ եվրո, իսկ համայնքների բյուջեում` 2 միլիարդ: