ՉԺՀ բանկերում ժամկետանց վարկերի ծավալը հասել է ռեկորդային մակարդակի
Սեպտեմբերի վերջի դրությամբ` չինաստանյան բանկերում ժամկետանց վարկերի ծավալը արձանագրել է 2005-ից առայսօր նկատված առավելագույն մակարդակը` 2-րդ եռամսյակի նկատմամբ աճելով 72,5 մլրդ յուանով (11,8 մլրդ դոլար)` կազմելով 766,9 մլրդ յուան:
«Վատ» վարկերին բաժին է ընկել փոխառությունների ընդհանուր թվի 1,16%-ը` նախորդ եռամսյակի 1,08% ցուցանիշի համեմատ:
Մարման ժամկետը լրացած վարկերի աճը ավելի է մեծացնում չինական տնտեսության հետագա կրճատման ռիսկերը, քանի որ, անհրաժեշտությունից ելնելով, բանկերն աստիճանաբար սահմանափակում են վարկավորման ծավալները:
Հոնկոնգյան Mizuho Securities Asia ընկերության վերլուծաբաններից Ջիմ Էնթոսի կարծիքով` ժամկետանց վարկերի աճը չինական բանկերում արդեն հասել է առավելագույն մակարդակին: Նրա գնահատականով` 2015-ին «վատ» վարկերի ծավալի աճի տեմպերը ՉԺՀ բանկերում կդանդաղեն մինչև 18%` ներկայում նկատվող 31%-ի նկատմամբ: