Պետբյուջեի 30%-ը ուղղվել է սոցիալական պաշտպանությանը, 19%-ը՝ հանրային ծառայություններին
Ընթացիկ տարվա առաջին տաս ամսվա արդյունքներով մեր երկրի բյուջեի 30.4%-ը ուղղվել է սոցիալական պաշտպանության ոլորտ: Բացարձակ արտահայտությամբ՝ սոցիալական ոլորտում կատարված պետական ծախսերը կազմել են 276,66 մլրդ ՀՀ դրամ: Նախորդ տարվա համեմատ ցուցանիշն աճել է 14%-ով:
Ըստ պաշտոնական վիճակագրության՝ պետբյուջեի ծախսային կառուցվածքում համեմատաբար մեծ տեսակարար կշիռ են ապահովել ընդհանուր բնույթի հանրային ծառայությունները՝ 19.5% և պաշտպանության ոլորտը՝ 16.6%:
Կրթության ոլորտի ծախսերը կազմել են պետական բյուջեի 9.4%-ը, իսկ հասարակական կարգի, անվտանգության և դատական գործունեության ոլորտներին ուղղված ծախսերի մասնաբաժինը կազմել է 8.7%:
Առողջապահության ոլորտ է ուղղվել բյուջեի 5.8%-ը, տնտեսական գործունեությանն ուղղվել է ծախսերի 4.3%-ը:
Նշենք, որ հաշվետու ամիսներին պետական բյուջեի ծախսերի ընդհանուր ցուցանիշը կազմել է 908,99 մլրդ ՀՀ դրամ: