ՀՀ ԷԿՈՆՈՄԻԿԱՅԻ ՆԱԽԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ -ՀԱՅԱՍՏԱՆ ԱՅՑԵԼՈՂ ԶԲՈՍԱՇՐՋԻԿՆԵՐԻ 62.2%-Ը ՀԱՅԵՐ ԵՆ
Ապրիլի 22-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարությունում տեղի ունեցավ «Համաշխարհային և Հայաստանի զբոսաշրջության ներկա վիճակը. որքա՞ն զբոսաշրջիկ է այցելում Հայաստան» թեմայով ասուլիս-սեմինար:
Միջոցառմանը ներածական խոսքով հանդես եկավ ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Արա ՊԵՏՐՈՍՅԱՆԸ, ով ներկայացրեց ասուլիս-սեմինարի հիմնական նպատակը. տալ մասնագիտական սպառիչ պարզաբանումներ զբոսաշրջության ոլորտը լուսաբանող լրագրողներին` խուսափելու համար թյուր ընկալումներից և մեկնաբանություններից, հատկապես կապված վիճակագրական տվյալների հետ:
Միջոցառման բանախոսներն էին` ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության և տարածքային տնտեսական զարգացման վարչության պետ Մեխակ ԱՊՐԵՍՅԱՆԸ և ՀՀ ազգային վիճակագրական ծառայության վճարային հաշվեկշռի և արտաքին առևտրի բաժնի պետ Ալեքսանդր ՊԵՏՐՈՍՅԱՆԸ:
Միջոցառմանը ներկա էր ԱՄՆ Միջազգային Զարգացման Գործակալութան Հայաստանի մրցունակ մասնավոր հատված ծրագրի փորձագետ Ալան ՍԱՖԵՐԻՆ:
Զբոսաշրջության Համաշխարհային Կազմակերպության (ԶՀԿ) վիճակագրական տվյալներով, 2008 թվականը նախորդող տարիներին համաշխարհային զբոսաշրջային այցելությունների միջին տարեկան աճը կազմել է 4-4.5%։ ԶՀԿ կողմից 2009 թվականին հրապարակած վիճակագրական տվյալների համաձայն, 2008 թվականին համաշխարհային զբոսաշրջային այցելությունների թիվը կազմել է 924 մլն` 16 մլն-ով կամ 2%-ով ավելի, քան 2007 թվականին (2008 թվականի հոկտեմբերին ԶՀԿ-ն 2008 թվականի համար կանխատեսել էր 2-3% աճ)։ Համաձայն նույն հրապարակման, աճի տեմպը նվազել է 2007 թվականի նկատմամբ։ 2007 թվականին արձանագրվել է զբոսաշրջային այցելությունների միջինից բարձր աճ` 2006 թվականի համեմատ կազմելով 7%։
2009 թվականի համար ԶՀԿ-ն 2008 թվականի հոկտեմբերին կանխատեսել էր 0-2%, իսկ 2009 թվականին` 0%, համաշխարհային տնտեսական զարգացման ներկա սցենարի պայմաններում։
Ըստ վիճակագրական տվյալների, սկսած 2001 թվականից, Հայաստան այցելած ներգնա զբոսաշրջիկների թվի միջին տարեկան աճը կազմել է 20-25%։ 2007 թվականին այն եղել է միջինից բարձր` կազմելով 33.5%։ 2008 թվականին Հայաստանում նույնպես աճի տեմպի նվազում է տեղի ունեցել, թեև արձանագրվել է Հայաստան ներգնա զբոսաշրջային այցելությունների 9.4% աճ` կազմելով 558443, 2006 թվականի 510287-ի համեմատ։
Հայաստանում «զբոսաշրջիկ» հասկացությունը սահմանված է «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» ՀՀ օրենքով, ինչը համապատասխանում է ԶՀԿ մեթոդաբանությանը, Եվրամիության 95/97/EC դիրեկտիվին և բխում է զբոսաշրջության էությունից և նշանակությունից։
Թե ԶՀԿ մեթոդաբանությամբ, թե Եվրամիության 95/97/EC դիրեկտիվով և թե «Զբոսաշրջության և զբոսաշրջային գործունեության մասին» ՀՀ օրենքով զբոսաշրջիկ է համարվում իր մշտական բնակության վայրից (անկախ քաղաքականությունից) մեկ այլ վայր ճանապարհորդող անձը, ով ժամանման վայրում (երկրում) անց է կացնում ոչ ավել, քան մեկ տարի, ունենում է առնվազն մեկ գիշերակաց, որի ճանապարհորդության հիմնական նպատակը ժամանման վայրում (երկրում) վճարովի աշխատանքային գործունեությունը չէ։
Զբոսաշրջային այցելությունների աշխարհագրության, նպատակների, զբոսաշրջիկների սեռի, տարիքի, ակնկալիքների, տպավորությունների, կատարած ծախսերի վերաբերյալ, ինչպես նաև զբոսաշրջության բնագավառի պետական քաղաքականության արդյունավետ մշակման և իրականացման համար այլ անհրաժեշտ տեղեկատվության ապահովման նպատակով պարբերաբար իրականացվում է զբոսաշրջային այցելությունների վիճակագրական հետազոտություն։ Վերջին հետազոտությունն իրականացվել է 2006 թվականի սեպտեմբերից մինչև 2007 թվականի օգոստոս ժամանակահատվածում` համագործակցությամբ ՀՀ էկոնոմիկայի նախարարության, Ազգային վիճակագրական ծառայության, Զբոսաշրջության զարգացման հայկական գործակալության և ԱՄՆ ՄԶԳ ՄՄՀՀ (USAID CAPS) ծրագրի։
Վիճակագրական հետազոտության տվյալներով.
Հայաստան այցելող զբոսաշրջիկների ամենամեծ մասնաբաժինը` 66.1%, կազմում են Ռուսաստանը և ԱՊՀ երկրները ( Ռուսաստանը` 34.9%, Վրաս¬տանը` 28.1% և այլ երկրները` 3.1%)։ Այնուհետև 21.1%-ը բաժին է ընկնում Արևմտյան Եվրոպային, 11.2%-ը` Մերձավոր Արևելքին, 5.2%-ը` Հյուսիսային Ամերիկային, մնացյալը` այլ երկրներին։
Հայաստան այցելող զբոսաշրջիկների 62.2 %-ը ծագումով հայեր են։
Առանց մուտքի արտոնագրի Հայաստան այցելող զբոսաշրջիկների քանակը գնահատելու նպատակով ներկայացնենք զբոսաշրջիկների քանակն ըստ քաղաքացիության. Հայաստան այցելող ներգնա զբոսաշրջիկների 55.6 %-ը ԱՊՀ երկրների քաղաքացիներ են (28%` Վրաստան, 24.7%` Ռուսաստան և 2.9%` այլ երկրներ), իսկ 11.7 %-ը` Հայաստանի քաղաքացիներ են։ Զբոսաշրջիկների 67.3%-ը Հայաստան է այցելում առանց մուտքի արտոնագրի (վիզայի)։
Հարազատներին և ընկերներին այցելելու նպատակ ունեցող զբոսաշրջիկները կազմում են Հայաստան այցելող զբոսաշրջիկների 44.8%-ը։ Բացի այդ, մեծ է նաև գործնական և համաժողովներին մասնակցության նպատակով կատարվող այցելությունների թիվը` 22.4%։ Հայաստան այցելելու նպատակների երրորդ խումբը հանգիստը և ժամանցն են, դրանք կազմում են 13.1%, կրթությունը և բուժումը` 5.4 %, մնացյալը` այցելություններ են այլ նպատակներով։
Հայաստան այցելած զբոսաշրջիկների գերակշռող մասը (97.3%) նշել է մեր երկիրը կրկին այցելելու մտադրության կամ երկրի նկատմամբ հետաքրքրվածության մասին։ Այս թիվն ավելի բարձր է և հասնում է 98.8%-ի հայկական ծագումով զբոսաշրջիկների մոտ։ Հայաստան կրկին այցելելու ամենաքիչ ցանկությունն արտահայտել են գերմանացիները` 89.9%, նրանց հաջորդում են ֆրանսիացիները` 95.8%։ Հույները և Սիրիայից ժամանածներն կրկին Հայաստան այցելելու ամենամեծ հետաքրքրությունն են ցուցաբերել. նիանց 100%-ը պատասխանել է, որ ունի իր ուղևորությունը կրկնելու ցանկություն։