Գույքահարկի և հողի հարկի արտոնություններ են սահմանվել մի շարք ստեղծագործական միությունների համար
Օրերս կայացած Երևան քաղաքի ավագանու 5-րդ նստաշրջանի 1-ին նիստում Երևանի ավագանին քվեարկության ձայների մեծամասնությամբ հավանություն է տվել «Հայաստանի գրողների միություն», «Հայաստանի նկարիչների միություն», «Հայաստանի թատերական գործիչների միավորում», «Հայաստանի ժուռնալիստների միություն», «Հայաստանի կինեմատոգրաֆիստների միավորում» և «Հայաստանի կոմպոզիտորների և երաժշտագետների միավորում» կազմակերպությունների գույքահարկի գծով արտոնություններ սահմանելու մասին որոշումներին: Միաժամանակ, Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի կողմից քաղաքապետարանի համապատասխան ստորաբաժանումներին հանձնարարվել է տվյալ միություններին տրամադրել նաև անհրաժեշտ խորհրդատվություն` հետագայում պարտքեր չկուտակելու համար:
Երևանի ավագանին միաձայն կողմ քվեարկությամբ հողի հարկի գծով արտոնություն է տրամադրել նաև «Սիմոնյան կրթական հիմնադրամ» կազմակերպությանը՝ Հովհաննես Թումանյանի անվան զբոսայգու՝ «Թումո»-ի, զբաղեցրած տարածքը պատշաճ խնամելու և մշտապես բարեկարգ պահելու համար: