ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ – ՀԱՐԿԱՅԻՆ ԲԱՐԵՓՈԽՈՒՄՆԵՐԸ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՒՇԱԴՐՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆՈՒՄ ԵՆ
Այսօր տեղի ունեցած նիստում կառավարությունը հավանություն է տվել Հարկային ոլորտին առնչվող ՀՀ մի շարք օրենքներում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու վերաբերյալ օրինագծերի փաթեթին, որը սահմանված կարգով կներկայացվի ՀՀ ԱԺ։ Մասնավորապես, առաջարկվել է «Ակցիզային հարկի մասին» ՀՀ օրենքի համապատասխան հոդվածները լրացնել նոր պարբերություններով, որոնց համաձայն ՀՀ տարածքում արտադրվող համապատասխան ծածկագրերին դասվող ապրանքների դրոշմավորումն իրականացվում է միայն ակցիզային պահեստների տարածքում` «ակցիզային պահեստ» ռեժիմի շրջանակներում, ինչպես նաեւ որոշակի ապրանքախմբի ծածկագրերին դասվող ապրանքների համար բացթողման գինը կամ ներմուծման մաքսային արժեքը չի կարող պակաս լինել 1 լիտրի համար` 3500 դրամից` 100 տոկոսանոց սպիրտի վերահաշվարկով։ Նշվել է, որ իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվում է ՀՀ տարածքում ալկոհոլային խմիչքներ եւ ծխախոտ արտադրող, ինչպես նաեւ նման ապրանքներ ներմուծող տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ հարկային մարմինների կողմից իրականացվող հսկողության հավասար պայմանների ապահովում։ Առաջարկվել է լրացում կատարել նաեւ «Վարչական իրավախախտումների վերաբերյալ» ՀՀ օրենսգրքում, որի համաձայն ՀՀ օրենսդրությամբ ալկոհոլային խմիչքների համար սահմանված բացթողման նվազագույն գնից ցածր գնով ալկոհոլային խմիչքների իրացումն առաջացնում է տուգանքի նշանակում` սահմանված նվազագույն աշխատավարձի երեքհարյուրապատիկի չափով։
Նախագծի կապակցությամբ վարչապետը նշել է, որ, իհարկե, այն դրական կողմերի հետ, ունի նաեւ բացասական կողմեր, հարցի շուրջ բավականին բուռն քննարկումներ են եղել նաեւ ԱԺ-ում, որից հետո կառավարությունը համաձայնել է ԱԺ-ի իր գործընկերների հետ, որ ներկայիս ճգնաժամային պայմաններում այս մեթոդը ենթադրում է ավելի պարզ վարչարարություն եւ ապահովելու է լրացուցիչ հարկային մուտքեր։ Միեւնույն ժամանակ, այս պարզ մոտեցումը նպաստելու է նրան, որ անորակ խմիչքը շուկայից դուրս է մղվելու, ինչը ըստ Տիգրան Սարգսյանի, հենց այս հակաճգնաժամային միջոցառումների տրամաբանությամբ արդարացված է։ «Մենք, իհարկե, գիտակցում ենք, որ սա ժամանակավոր բնույթ է կրում, եւ հարկային վարչարարության բարելավումների հետ զուգահեռաբար, հետագայում կհրաժարվենք դրանից։ Նմանատիպ մոտեցում կիրառում են նաեւ Ռուսաստանում եւ Ուկրաինայում եւ իր ֆիսկալ էֆեկտը, բնականաբար, այս մոտեցումն ունի։ Ուզում եմ ասել, որ մենք քաջ գիտակցում ենք, որ այս մոտեցումն ունի նաեւ բացասական կողմեր, բայց այս փուլում նախապատվությունը տալիս ենք այն դրական փաստարկներին, որ մեր գործընկերները մեզ ներկայացրել են»,- ասել է վարչապետը։
Տիգրան Սարգսյանն ընդգծել է, թե, իհարկե, այս որոշումները ոգեւորությամբ չեն ընդունվի ծխախոտ եւ խմիչք արտադրողների կողմից, բայց դիտարկումները, ՀԲ-ի մարկենտինգի ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ ընհանրապես ժգնաժամի պարագայում, սրանք այն ոլորտներն են, որոնք չեն ունենում անկում։ Այսինքն`ըստ նրա, ծխախոտի արտադրության, ալկոհոլային խմիչքների սպառման ծավալները չպետք է կրճատվեն, իսկ եթե լինեն կրճատման միտումներ, նշանակում է կա նաեւ ռիսկայնություն։ «Այս վարչարարական մեթոդները, որ մենք, ձեզ հետ միասին, ներդնում ենք, նպատակ ունեն ապահովելու բյուջեի մուտքային մասը, եւ այն ընկերությունները, որոնք աշխատում են ստվերից դուրս, բնականաբար, պետք է ողջունեն այս որոշումները, որովհետեւ առաջին հերթին դրանք հարվածելու են ստվերային մաս ունեցող ձեռնարկություններին եւ պաշտպանելու են ստվերից դուրս աշխատողների շահերը»,- ընդգծել է վարչապետը։
«Հարկերի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ «Շահութահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու վերաբերյալ օրինագծերով առաջարկվում է, որ փաստաթղթերով չհիմնավորված (միակողմանի գնման ակտով ձեւակերպված) ձեռքբերումների գծով կազմակերպությունը (անհատ ձեռնարկատերը) կարող է ցույց տրված ձեռքբերման դիմաց վճարել 11 տոկոս եկամտահարկ` անկախ գործարքի գումարից, ինչպես նաեւ ձեռքբերման գինը եւ 11 տոկոս եկամտահարկը կազմակերպությունների շահութահարկի հաշվարկման նպատակով համախառն եկամտից նվազեցնել, եթե միանվագ գործարքը չի գերազանցում 300 հազար դրամը, իսկ նման գործարքների համագումարը` ամսական 3 մլն դրամը։
Այս նախագծի կապակցությամբ վարչապետը նշել է. «Սա մեծ մեղմացում է մեր կողմից, եւ մենք գնում ենք բավականին լուրջ զիջման։ Այս հարցում, նույնպես բուռն բանավեճեր են եղել, մասնագիտական բանավեճերի արդյունքում է ձեւավորվել այս որոշումը։ Մենք բավականին խիստ ռեժիմ էինք սահմանել, նպատակ ունենալով ստիպելու, որպեսզի տնտեսություն վարող սուբյեկտներն անպայման աշխատեն փաստաթղթերով։ Եվ եթե չկան հիմնավորող փաստաթղթեր, իսկապես 11 տոկոսանոց այս դրույթը բավական լուրջ հարված է հասցնում եւ, առաջին հերթին, փոքր եւ միջին բիզնեսին։ Ընդ որում` հետաքրքրական է, որ ձեռներեցների հետ հանդիպումների ժամանակ երկկողմ դժգոհություն կա. խոշոր բիզնեսը բողոքում է փոքրից, որ փոքրը հրաժարվում է ընդունել ապրանքները փաստաթղթերով, փոքր բիզնեսն էլ բողոքում է խոշորից, որ խոշորը, երբ տրամադրում է ապրանքներ իրացման համար, հրաժարվում է տրամադրել փաստաթղթեր։ Մեր այցելությունները տարբեր ձեռնարկություններ, նույնպես վկայում են, որ այս պրոբլեմը, ցավոք, դեռեւս առկա է ՀՀ-ում եւ փաստաթղթաշրջանառության ապահովումը մեր հարկային վարչարարության բարելավման համար մեկ խնդիրն է։ Այս պահի դրությամբ մենք նպատակ ունենք փոքր բիզնեսի համար ստեղծել ավելի բարենպաստ հարկային վարչարարություն։ Այս որոշման իմաստն այն է, որ չափազանց խիստ պատժամիջոց է, երբ մենք թույլ չենք տալիս փոքր բիզնեսին, որ նվազեցնի համախառն եկամուտը 11 տոկոսի չափով, որովհետեւ ստացվում է, որ երկակի հարկման տակ է ընկնում այս 11 տոկոսի ռեժիմի կիրառման պարագայում։ Այս որոշումով մենք, ըստ էության, թույլ ենք տալիս, որպեսզի նա իր համախառն եկամուտը նվազեցնի։ Իհարկե, սա բավականին լուրջ նահանջ է մեր կողմից, բայց նպատակն այն է, որ մենք այս տարվա ընթացքում, հարկային բարեփոխումների ծրագրով, իրականացնելու ենք միջոցառումներ, որոնք այլեւս հնարավորություն չեն տալու խոշոր բիզնեսին չտրամադրել փաստաթղթեր։ Եվ այդ բեռը այս պահի դրությամբ փոքր բիզնեսի վրայից հանում ենք։ Սա իսկապես ունի լուրջ հակաճգնաժամային բովանդակություն եւ միայն դրա համար ենք մենք գնում այս զիջմանը, ու կարծում ենք, որ երկու տարի հետո այլեւս այս ռեժիմի անհրաժեշտությունը չի լինի, եւ կվերադառնանք նորմալ հարկման դաշտ։ Ուզում եմ ձեզ տեղյակ պահել, որ այս նախաձեռնությունը մենք քննարկել ենք նաեւ ԱԺ-ի մեր գործընկերների հետ, քանի որ այս խստացումը, երբ կիրառում էինք, մի ռեժիմ էինք նախատեսել, որ եթե փոքր բիզնեսի ներկայացուցիչները տեղյակ պահեն հարկային մարմիններին այն սուբյեկտների մասին, որոնք հրաժարվում են տրամադրել փաստաթղթեր, ապա կօգտվեն այդ արտոնությունից։ Ցավոք, այդ համագործակցության մթնոլորտը դեռեւս տնտեսվարող սուբյեկտների մոտ չի ձեւավորվել։ Եվ այստեղ մենք ունենք լուրջ հիմնախնդիր։ Այս ռեֆորմների տրամաբանությունն էլ կայանում է նրանում, որ փուլ առ փուլ պետք է վերականգնվի վստահությունը ոչ միայն հարկային մարմինների նկատմամբ, այլեւ տնտեսվարող սուբյեկտների միջեւ, ինչն այսօր, ցավոք, բացակայում է»։
«Հարկերի մասին» ՀՀ օրենքում կատարված մեկ այլ լրացմամբ գործադիրն առաջարկում է օրենքով սահմանված դեպքերում ՀՀ ԿԱ պետական եկամուտների կոմիտեի կողմից հարկ վճարողի մոտ հարկային մարմնի ներկայացուցիչ նշանակելու իրավասությունը, որի շնորհիվ հարկային մարմիններին հնարավորություն կընձեռնվի առավել արդյունավետ հարկային վարչարարություն եւ հսկողություն իրականացնել հարկման առումով բարձր ռիսկային ոլորտների եւ խոշոր հարկ վճարողների նկատմամբ։
Օրինագծի կապակցությամբ վարչապետն ընդգծել է, որ սա եւս այն կետերից է, որը միանշանակ չի ընդունվում, մանավանդ խոշոր բիզնեսի կողմից, բայց միեւնույն ժամանակ, խոշոր բիզնեսի ներկայացուցիչներ կան, ովքեր իրենք են առաջարկում, որ այդ ռեժիմը կիրառվի, ինչը հեշտացնում է հարաբերությունները հարկային մարմինների հետ` մանավանդ այն պարագայում, երբ խոշոր բիզնեսն աշխատում է թափանցիկ եւ որեւէ բան չունի թաքցնելու հարկային մարմիններից։ «Իհարկե, այստեղ առաջանում են կոռուպցիոն ռիսկեր, այդ ռիսկերը զսպելու համար ամրագրված է, որ կիրառվելու է ռոտացիոն համակարգ, եւ եթե մենք ունենալու ենք հարկային ներկայացուցիչ այս կամ այն խոշոր ձեռնարկությունում, ապա նա մշտապես ենթարկվելու է ռոտացիայի, ապահովվելու է նրա հաշվետվողականությունը հարկային մարմինների ղեկավարների առջեւ, ինչը պետք է նվազեցնի կոռուպցիոն ռիսկերը։ Եվ սահմանված են օբյեկտիվ չափանիշներ, թե որ սուբյեկտների պարագայում այս գործիքից կարող է օգտվել հարկային մարմինը` միայն այն դեպքում, երբ կան ռիսկեր այդ խոշոր ձեռնարկություններում։ Գաղտնիք չէ, որ սա այն հարցն է, որն ամենաշատն է մտահոգում նաեւ մեր հասարակությանը։ Հիմնական քննադատությունը, որ հնչում է կառավարության հանդեպ, այն է, որ մենք խոշոր բիզնեսի մեջ չենք կարողանում ապահովել հավասար մրցակցային պայմաններ։ Եվ հասկանալի է, որ այս միջոցառումները, որոնք մենք հիմա փորձում ենք կիրառել, հենց այդ նպատակն են հետապնդում` նաեւ վերականգնել հանրության վստահությունը խոշոր բիզնեսի նկատմամբ, որ խոշոր բիզնեսն ամբողջությամբ կատարում է իր պարտավորությունները պետության նկատմամբ։ Առավել եւս այս ճգնաժամային իրավիճակում խիստ անհրաժեշտ է, որպեսզի հասարակությունը վստահի խոշոր բիզնեսին։ Կան նաեւ նախաձեռնություններ խոշոր բիզնեսի կողմից` կորպորատիվ սոցիալական պատասխանատվության վերաբերյալ, որ ճգնաժամային իրավիճակներում որոշ սոցիալական խնդիրների լուծումը մեր խոշոր ձեռնարկությունները վերցնում են իրենց վրա։ Եվ մենք ողջունում ենք այդ նախաձեռնությունները։ Դա նշանակում է, որ խոշոր բիզնեսը ոչ միայն ամբողջությամբ կատարում է իր պարտականությունը` վճարելով հարկեր, այլեւ ավելին` հասարակության առջեւ ծագած սոցիալական որոշ խնդիրներ լրացուցիչ վերցնում է իր վրա, իր շահույթների հաշվին։ Բնականաբար, մենք ողջունելու ենք նմանատիպ ձեռնարկություններին, այդպիսի գործունեությունը։ Կարծում եմ, որ հիմա բացառիկ շանս ունեն մեր խոշոր ձեռնարկությունները` վերականգնել հասարակության վստահությունը իրենց նկատմամբ։ Եվ այդ քայլը պետք է դիտարկենք այս համատեքստում, քաջ գիտակցելով նաեւ, որ լինելու են լուրջ դժգոհություններ»,- ասել է վարչապետը։
«Ավելացված արժեքի հարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու վերաբերյալ ՀՀ օրենքի նախագծով առաջարկվում է ՀՀ-ում կիրառության մեջ դնել որոշակի պաշտպանվածություն ունեցող հարկային հաշիվներ (հաշվարկային փաստաթղթեր), ինչը կնպաստի հարկ վճարողի կողմից հարկային մարմին ներկայացվող տեղեկությունների ծավալի կրճատմանը, հարկային հաշիվների, որպես ֆինանսական փաստաթղթերի, կեղծումներից պաշտպանվածության աստիճանի բարձրացմանը, հարկ վճարողների որոշ խմբի համար հարկային հաշիվների դուրս գրման գործընթացի պարզեցմանը։
Այս նախագծի կապակցությամբ վարչապետը, մասնավորապես, նշել է.
«Մենք ստանձնել ենք պարտավորություն, որպեսզի 2010թ. հունվարի 1-ից հետո, եթե պետությունն ուշացնի ավելացված արժեքի հարկի վերադարձը, դրա համար վճարելու ենք տուգանքներ մասնավոր հատվածին, քանի որ մասնավոր հատվածը կրում է վնասներ։ Մենք առաջին անգամ այսպիսի լուրջ բեռ ենք վերցնում մեզ վրա` ստեղծելով բարենպաստ պայմաններ, առաջին հերթին, արտահանողների համար։ Հասկանալի է, որ դեռեւս հարկային վարչարարության ոլորտում մենք ունենք լուրջ պրոբլեմներ։ Դեռեւս հաճախակի են այն դեպքերը, երբ մեզ ներկայացնում են փաստաթղթեր, որոնք, մեղմ ասած, չեն համապատասխանում իրականությանը, իսկ ավելի ճգրիտ ձեւակերպումն այն է, որ կեղծ փաստաթղթեր են ներկայացնում հարկային մարմիններին` ավելացված արժեքի հարկի հետ վերադարձի առումով։ Հատուկ հարկային հաշիվների այս համակարգը, որ մենք ներդնում ենք, այդ ռիսկը էապես նվազեցնում է, եւ մենք պետք է հասցնենք այս տարի ավարտել։ Իհարկե, ցանկալի է, որ էլեկտրոնային եղանակը աշխատի, որպեսզի մենք 2010թ. հունվարին պատրաստ լինենք ամբողջությամբ անցնել այս նոր ռեժիմին եւ լրացուցիչ ռիսկեր բյուջեի համար չստեղծենք։ Որպեսզի չստացվի այնպես, որ մենք օպերատիվորեն ավելացված արժեքի հարկը վերադարձնենք տնտեսվարող սուբյեկտներին, հետո պարզվի, որ փաստաթղթերը չեն համապատասխանում իրականությանը։ Սա բավականին լուրջ միջոցառում է եւ անհրաժեշտ է, որ նաեւ մեր ձեռնարկությունները պատրաստ լինեն համագործակցության մեզ հետ` այս լուրջ փոփոխությունը կատարելու առումով։ Սա լուրջ քայլ է քաղաքակիրթ հարկային վարչարարության մեխանիզմներ ներդնելու առումով»։