ՀՀ ԿԲ. Ղեկավարների մասնագիտական որակավորման քննություններն այսուհետ որակավորող կազմակերպություններում կանցկացվեն
ՀՀ Կենտրոնական բանկից «Բիզնես 24»-ին տեղեկացնում են, որ բանկի խորհրդի 16.12.2014 թ. մի շարք որոշումների՝ սկսած 2015 թ. մարտի 1-ից, ֆինանսական կազմակերպություններում ղեկավար պաշտոններ զբաղեցնելու համար մասնագիտական որակավորման ստուգման քննություններն անցկացվելու են ԿԲ-ի կողմից ընտրված որակավորող կազմակերպություններում: Ներկա դրությամբ՝ որպես որակավորող կազմակերպություն է ընտրվել «Հայաստանի բանկերի միությունը» (www.uba.am):
Բացառություն են կազմում որոշ բարձրաստիճան ղեկավարների՝ գործադիր տնօրենի, գործադիր մարմնի անդամների, ներքին աուդիտի ղեկավարի (վերստուգիչ հանձնաժողովի կամ նման այլ մարմինների ղեկավարի) և գլխավոր հաշվապահի մասնագիտական որակավորման ստուգման քննությունները, որոնք շարունակվելու են կազմակերպվել ԿԲ-ի կողմից: Ընդ որում` նշված բարձրաստիճան ղեկավարների թեկնածուները ԿԲ-ում մասնագիտական որակավորման ստուգում կարող են անցնել և որակավորման վկայական ստանալ միայն այն դեպքում, եթե ֆինանսական կազմակերպության միջնորդագրով ներկայացվել են տվյալ պաշտոնում գրանցման համար: