
Տարոն Մարգարյանը հանդիպել է Կանադայի քաղաքացիության և ներգաղթի հայազգի դատավոր Արիս Պապիկյանի հետ
Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հանդիպել է Կանադայի քաղաքացիության և ներգաղթի հայազգի դատավոր Արիս Պապիկյանի հետ: Ողջունելով հյուրին՝ քաղաքապետն առանձնակի կարևորել է Կանադայում հայ համայնքի զարգացմանն ու Հայոց ցեղասպանության ճանաչմանը և հիշատակմանն ուղղված կանադահայ իրավաբանի հայանպաստ գործունեությունը:
Տարոն Մարգարյանը համառոտ ներկայացրել է Երևանի կառավարման համակարգն ու առաջնահերթությունները: Անդրադառնալով միջազգային համագործակցությանը՝ քաղաքապետն առանձնացրել է նաև այն ոլորտները, որոնց շրջանակում Երևանի քաղաքապետարանն այսօր արդյունավետ փոխգործակցություն է իրականացնում քույր և գործընկեր քաղաքների հետ:
Շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար՝ Արիս Պապիկյանն իր հերթին վստահեցրել է, որ կշարունակի Հայոց ցեղասպանության ճանաչմանն ուղղված ջանքերն ու կանի հնարավորը Երևանի ու կանադական քաղաքների միջև արդյունավետ փոխգործակցության հաստատման և ընդլայնման ուղղությամբ: