Կայացել է ԵԱՏՄ անդամ-պետությունների կենտրոնական բանկերի արժութային քաղաքականության գծով խորհրդատվական մարմնի նիստը
2015 թ. սեպտեմբերի 25-ին ՀՀ կենտրոնական բանկի Դիլիջանի Ուսումնահետազոտական կենտրոնում գումարվել է Եվրասիական Տնտեսական Միության (ԵԱՏՄ) անդամ-պետությունների կենտրոնական/ազգային բանկերի արժութային քաղաքականության գծով խորհրդատվական մարմնի 11-րդ նիստը:
Նիստին մասնակցել են Հայաստանի Հանրապետության կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը, Ռուսաստանի Դաշնության կենտրոնական բանկի նախագահ Էլվիրա Նաբիուլլինան, Ղրղզստանի Հանրապետության ազգային բանկի նախագահ Տոլկունբեկ Աբդիգուլովը, Բելառուսի Հանրապետության ազգային բանկի նախագահի տեղակալ Սերգեյ Կալեչիցը, Ղազախստանի Հանրապետության ազգային բանկի նախագահի տեղակալ Օլեգ Սմոլյակովը:
ԵԱՏՄ անդամ-պետությունների կենտրոնական/ազգային բանկերի արժութային քաղաքականության գծով խորհրդատվական մարմնի նիստում քննարկվել են անդամ-պետություններում ընթացիկ տնտեսական իրավիճակին և դրամավարկային քաղաքականության իրականացմանը, մակրոտնտեսական և ֆինանսական կայունության ռիսկերի կանխարգելման միջոցներին, ֆինանսական ոլորտի օրենսդրության ներդաշնակության ուղղությամբ տարվող աշխատանքների և վճարային համակարգերի ոլորտում գործակցությանը վերաբերող հարցեր: