Եվգենի Կասպերսին հյուրընկալվել է Վիվասել-ՄՏՍ-ի գլխավոր գրասենյակում
Այսօր «Կասպերսկու լաբորատորիայի» գլխավոր գործադիր տնօրեն և նախագահ Եվգենի Կասպերսկին այցելել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխամասային գրասենյակ: Կասպերսկին վեցերորդն է ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի մրցանակին արժանացածների շարքում: ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխամասային գրասենյակում կայացել է Եվգենի Կասպերսկու, ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանի և մրցանակաբաշխության գործադիր խորհրդի նախագահ Հովիկ Մուսայելյանի համատեղ մամուլի ասուլիսը:
Ասուլիսին հաջորդել է Եվգենի Կասպերսկու՝ «Վտանգների ինտերնետը» («The Internet of Threats») խորագրով դասախոսությունը՝ ՏՀՏ (Տեղեկատվության և հաղորդակցության տեխնոլոգիաների) համայնքի ներկայացուցիչների համար: Իր ելույթում Կասպերսկին անդրադարձել է ներկայում և մոտ ապագայում մարդկությանն սպառնացող հիմնական կիբերվտանգներին:
Ըստ ՏՏ անվտանգության ոլորտի գուրուի՝ ՏՏ ոլոտում առկա վտանգները կարելի է դասակարգել երեք հիմնական խմբի` կիբերհանցագործություններ, կիբերլրտեսության ռիսկերի աճ և առանցքային ենթակառուցվածքները վնասելուն ուղղված կիբերզենքերի կիրառման վտանգներ: Եվգենի Կասպերսկու կանխատեսումներով՝ թվային սարքավորումների և համակարգերի լայն կիրառումը հանգեցրել է մի այնպիսի իրավիճակի, երբ աշխարհը գնալով ավելի ու ավելի խոցելի է դառնում կիբերահաբեկչության վտանգների առջև: Բանախոսը ներկայացրել է իր տեսլականն այն քայլերի վերաբերյալ, որոնք անհրաժեշտ է իրականացնել գլոբալ և տեղային մակարդակներում՝ համացանցի և թվային սարքավորումների գործածումն առավել անվտանգ դարձնելու նպատակով:
Եվգենի Կասպերսկին Հայաստան է այցելել՝ ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի մրցանակը ստանալու նպատակով: Մրցանակաբաշխության արարողությունը կկայանա նոյեմբերի 17-ին՝ ՀՀ Նախագահի նստավայրում: ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի ամենամյա մրցանակը հիմնվել է 2009թ.՝ ՀՀ Նախագահի հրամանագրով, և շնորհվում է ՏՏ ոլորտում բացառիկ ներդրումներ կատարած հեղինակավոր անհատների, ում ներդրումները ՏՏ ոլորտում բերել կամ բերում են հեղափոխական կամ համանման բնույթ ունեցող զարգացումների, որոնք դրականորեն են անդրադարձել կամ ներուժ ունեն դրականորեն անդրադառնալու պատմության ընթացքի վրա:
Կասպերսկին վեցերորդն է ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի մրցանակին արժանացածների շարքում: Նախորդ մրցանակակիրներն են «Ինտել» կորպորացիայի տնօրենների խորհրդի նախկին նախագահ Քրեյգ Բարրեթը (2010թ.), «Էփլ Քոմփյութերս» կորպորացիայի համահիմնադիր Սթիվ Վոզնյակը (2011թ.), «Սինապտիկս» ընկերության պատվավոր նախագահ Ֆեդերիկո Ֆաջինը (2012թ.), Կիսահաղորդիչային արդյունաբերության մասնագետների միության և «Թեքնո վիժն» ընկերության նախագահ Ցուգիո Մակիմոտոն (2013թ.) և «Cisco» ընկերության զարգացման գծով նախագահ Մարիո Մացցոլան (2014թ.):
Անդրադառնալով ՀՀ Նախագահի մրցանակին՝ «Կասպերսկու լաբորատորիայի» գլխավոր գործադիր տնօրեն և հիմնադիր Եվգենի Կասպերսկին նշել է. «Անչափ շնորհակալ եմ ՀՀ Նախագահի հեղինակավոր մրցանակի համար: Ինձ համար մեծ պատիվ է համալրել նախորդ տարիների մրցանակակիր տեխնոլոգիական գուրուների շարքը: Երկար տարիներ աշխատում ենք Հայաստանում՝ առանձնահատուկ կարևորելով ուսանողների և ՏՏ մասնագետների համար նախատեսված կրթական ծրագրերը: Հաճելի է տեսնել, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը զգալի աջակցություն է ստանում պետական մակարդակով՝ որպես երկրի սոցիալական և տնտեսական առաջընթացի գերակա ուղղություններից մեկը»:
«Ժամանակակից աշխարհում, որտեղ ազգերի հզորությունը կախված է նրանց տեխնոլոգիական և տնտեսական ներուժից, ՏՀՏ-ն համարվում է տնտեսական զարգացման կարևորագույն երաշխիք: Որպես ՏՀՏ ոլորտի ներկայացուցիչ՝ մենք շարունակաբար ականատես ենք լինում հայ մասնագետների նվաճումներին: Բարձր տեխնոլոգիաների ոլորտում Հայաստանն ունի չիրացված հսկայական ներուժ, որն իր հերթին կարող է խթան հանդիսանալ երկրի տնտեսական զարգացման համար: Ուստի, մենք պարտավոր ենք աջակցել ազգային կարևորության այսօրինակ ծրագրերի իրականացմանը՝ խրախուսելով ոլորտի հետագա առաջընթացը»,- ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը: «Վեցերորդ տարին անընդմեջ մենք մասնակցում ենք այս ծրագրի իրականացմանը՝ նախևառաջ նպատակ ունենալով նպաստել հայ հասարակության և աշխարհի կողմից Հայաստանի, որպես ՏՀՏ ոլորտում նշանակալի նվաճումներ ունեցող երկրի, ընկալմանը: Մենք պետք է համախմբենք ջանքերը՝ հասնելու համար մի մակարդակի, երբ ՏՀՏ-ն կլինի երկրի առանձնահատուկ կարողություններից մեկը»,- ավելացրել է Ռալֆ Յիրիկյանը:
«Մենք այլընտրանք չունենք, քան ապավինել գիտատար ճյուղերի զարգացմանը: Վստահ ենք, որ տարիներ անց այս պատվավոր մրցանակին արժանացած հսկաները կժամանեն Հայաստան իրենց հետ բերելով բարձրագույն տեխնոլոգիական ժամանակակից մշակույթ, և ամբողջ աշխարհում կբարձրացնեն մեր պետության իմիջն ու ճանաչողությունը, որպես գիտելիքին և ինտելեկտին ապավինող երկիր: Անհերքելի է, որ Հայաստանի մրցակցային առավելությունները սերտորեն կապված են ՏՏ ոլորտի հետ եվ մեր երկիրն ունի բոլոր անհրաժեշտ նախադրյալներն ու ռեսուրսները` դառնալու տարածաշրջանային կենտրոն և կարեվոր դերակատար», – ասել է մրցանակաբաշխության գործադիր խորհրդի նախագահ Հովիկ Մուսայելյանը:
ՏՏ ոլորտում ՀՀ Նախագահի մրցանակը կարևոր է՝ Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացման հնարավորություների ստեղծման, ինչպես նաև Հայաստանը աշխարհի ՏՏ քարտեզի վրա՝ որպես բարձր տեխնոլոգիաների ոլորտում զարգացման զգալի ներուժ ունեցող երկիր, ներկայացնելու տեսանկյունից: ՎիվաՍել-ՄՏՍ-ը վստահ է, որ հայ երիտասարդությունն ունի անհրաժեշտ որակներ և ինքնակատարելագործման ներուժ, որի լիարժեք բացահայտման համար անհրաժեշտ է ընկերության աջակցությունը: ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի մրցանակը կարևոր է նաև հայ երիտասարդների ուշադրությունը ՏՏ համայնքի վրա հրավիրելու առումով: Մրցանակաբաշխության աջակցությունը ընկերության կողմից իրականացվող ներդրումներից է՝ Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի զարգացմանը նպաստելու առաքելության շրջանակում:
Վեցերորդ տարին անընդմեջ ՎիվաՍել-ՄՏՍ-ը ստանձնում է մրցանակաբաշխության հովանավորությունը: Մինչ օրս ընկերությունը 125 միլիոն դրամ է տրամադրել՝ ծրագրի իրականացման նպատակով:
«Կասպերսկու լաբորատորիայի» և Եվգենի Կասպերսկու մասին մանրամասն տեղեկություններ ստանալու համար այցելեք՝ https://kas.pr/ArmeniaITAward
Եվգենի Կասպերսկու մասին` «Կասպերսկու լաբորատորիայի» գլխավոր գործադիր տնօրեն և նախագահ: Եվգենի Կասպերսկին կիբերանվտանգության՝ աշխարհում ճանաչված փորձագետ է և հաջողակ ձեռներեց, համակարգչային պաշտպանության և կիբերանվտանգության լուծումներ առաջարկող ամենամեծ մասնավոր ընկերությունը համարվող «Կապերսկու լաբորատորիայի» նախագահը և գլխավոր գործադիր տնօրենը: Կասպերսկին կիբերանվտանգությամբ սկսել է մասնագիտորեն զբաղվել1989-ին, երբ իր համակարգիչը պատահաբար վարակվել է «Cascade» անվանմամբ հայտնի վիրուսով: Կրիպտոգրաֆիայի ոլորտում ունեցած կրթությունը նրան թույլ է տվել վերլուծել վիրուսը և հասկանալ դրա աշխատանքի տրամաբանությունը և արդյունքում՝ գտնել վիրուսիոչնչացման եղանակը: Համակարգիչը հաջողությամբ վիրուսից մաքրելուց հետո, Կասպերսկին համակարգչային տեխնոլոգիաների հանդեպ իր հետաքրքրությամբ դրդված, սկսել է ուսումնասիրել նաև այլ վտանգավոր ծրագրեր և մշակել դրանց ազդեցությունները վերացնելու ծրագրեր: Հակավիրուսային ծրագրերի իր հավաքածուն ժամանակի ընթացքում «Կասպերսկու լաբորատորիայի» տվյալների հակավիրուսային բազայի հիմք է դարձել: Այսօր բազան համարվում է կիբերանվտանգության ոլորտում ամենաամբողջականն ու լիարժեքն աշխարհում և հնարավորություն ունի բացահայտելու ավելի քան 100 միլիոն վտանգավոր ծրագիր և կանխելու դրանցով համակարգիչների վարակումը:
Պաշտպանության տեխնոլոգիաներում Կասպերսկու հետաքրքրվածությունը 1990-ին նրան թույլ է տվել իր շուրջը հավաքել համախոհ գիտնականների՝ «AVP Toolkit Pro» հակավիրուսային ծրագիրը ստեղծելու համար, որը չորս տարի անց Համբուրգի համալսարանի կողմից ճանաչվել է աշխարհում ամենարդյունավետ հակավիրուսային ծրագիրը: Հակավիրուսային ծրագրերի մշակման ոլորտում իրենց հաջողությունը և ձեռներեցության իրենց տեսլականը Կասպերսկուն և իր կոլեգաներին թույլ է տվել 1997 թվականին հիմնել սեփական ընկերությունը, որը հայտնի է որպես «Կասպերսկու լաբորատորիա»: Ընկերության կողմից անցկացվող հակավիրուսային հետազոտությունները ղեկավարել է Եվգենի Կասպերսկին: 2007-ին նա դարձել է «Կասպերսկու լաբորատորիայի» գլխավոր գործադիր տնօրենը:
«Կասպերսկու լաբորատորիան» այսօր համարվում է ՏՏ ոլորտում անվտանգության լուծումներ առաջարկող, աշխարհում ամենաարագ զարգացող ընկերություններից մեկը: Ընկերությունը գրասենյակներ ունի ավելի քան 200 երկրում և տարածքներում: 31 երկրում գտնվող տարածքային գրասենյակներում այսօր աշխատում է ընկերության մոտ 3000 մասնագետ, այդ թվում՝ ՏՏ ոլորտի՝ կիբերանվտանգության ոլորտում պաշտպանության լուծումներ առաջարկելով աշխարհի ավելի քան 400 միլիոն օգտագործողի: Տեխնոլոգիաների, գիտության և ձեռնարկատիրության ոլորտում ձեռքբերումների համար Կասպերսկին արժանացել է միջազգային մի շարք մրցանակների: 2011 թվականին «SYS-CON Media»-ի կողմից Կասպերսկուն շնորհվել է «Անվտանգության ոլորտում աշխարհի ամենաազդեցիկ գործադիր տնօրեն» կոչումը, 2012-ին՝ աշխարհում ՏՏ ոլորտում իրազեկության բարձրացմանն ուղղված ներդրման համար՝ Պլիմութի համալսարանի գիտությունների պատվավոր դոկտորի կոչումը: Նույն թվականին «Foreign Policy Magazine» ամսագրի կողմից Կասպերսկին ճանաչվել է աշխարհի խոշորագույն մտածողներից մեկը: