Անդրեյ Պյատախին․ «Հաջողության ճանապարհը» դասախոսություն՝ «Հաջողակների ակումբում»
Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրենը հանդես եկավ «Հաջողության ճանապարհը» խորագիրը կրող դասախոսությամբ «Հաջողակների ակումբ»-ի անդամների համար։ «Հաջողակների ակումբ»–ը ստեղծվել է «Գիտելիք հանուն բարեկեցության» ծրագրի շրջանակում, որն իր մեջ ընդգրկում է 15-17 տարեկան 15 երիտասարդ։
Անդրեյ Պյատախինը մասնակիցներին ներկայացրեց «Ինչպե՞ս դառնալ հաջողակ» զեկույցը՝ բացահայտելով հաջողակ լինելու իր գաղտնիքները, ինչպես նաև կիսվեց նշանակալի ձեռքբերումներ ունեցող մարդու հաջողության բանաձևով և խորհուրդ տվեց երիտասարդներին միշտ լինել նպատակասլաց։
«Որպես սոցիալապես պատասխանատու ընկերություն՝ Beeline-ը շարունակում է աջակցել այն ծրագրերին, որոնք օգնում են երիտասարդ սերնդին սեփական ուժերով փոխել կյանքը դեպի ավելի լավը։ Մենք փոխանցում ենք աճող սերնդին մեր տարիների փորձը, իսկ նոր տեղեկատվական տեխնոլոգիաների օգտագործմամբ ցանկանում ենք մեր ավանդն ունենալ մասնագիտական կրթության զարգացման գործում։ Վստահ եմ, որ դուք էլ ձեր հերթին ձեր գիտելիքներով կբացահայտեք այն մեծ ներուժը, որը ձեզ ապագայում կօգնի կերտել ձեր հաջողության ճանապարհը», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր Տնօրեն Անդրեյ Պյատախինը:
«Մենք շարունակում ենք Beeline-ի հետ համագործակցությունը՝ մեկ այլ շատ կարևոր ծրագրային բաղադրիչում, որն է ներառել ստեղծագործ, քննադատական մտածողության, շահագրգիռ պատանիների և ստեղծել հարթակ ու հնարավորություն նրաց համար հանդիպելու տարբեր ոլորտներում հաջողության հասած մարդկանց, մասնագետների, նրանց մտածելու առիթ տալ իրենց իսկ հաջողության բանաձևը կերտելու: Այսօր, առիթը մեծ է, քանի որ Beeline-ի գլխավոր տնօրենն է կիսվելու իր հաջողության բանաձևով»,-ասաց Մանկական զարգացման հիմնադրամի տնօրեն Լուսինե Սիմոնյանը։
«Հաջողակների ակումբ»–ի անդամներն ընտրվել են նախնական դիմումների արդյունքում, այնուհետև հանդիպումների ընթացքում քննարկվել են հաջողակ դառնալու հնարավորությունները, հաջողության հասնելու տարբեր մոտեցումներ, մոդուլներ, նպատակներ ձևակերպելու գաղափարը, ինչպես նաև մասնակիցները ծանոթացել են տարբեր ոլորտներում հաջողության հասած մարդկանց ելույթներին։ Ակումբի հանդիպումները կրում են շարունակական բնույթ, որի ընթացքում քննարկվում է նաև ծրագրի շրջանակում ստեղծվող տրամաբանական խաղի գաղափարը, որի պատրաստ լինելուց հետո երիտասարդները կհամակարգեն դպրոցներում մրցույթի անցկացման գործընթացը։
Նշենք, որ Beeline-ը համագործակցում է Մանկական զարգացման հիմնադրամի հետ 2011 թվականի ապրիլից։ Համագործակցության շրջանակում ստեղծվել է«Մենք ենք» ներառական թատերախումբը: Թատերախմբի սաների համար անց են կացվում հատուկ միջոցառումներ և արտ–թերապիայի դասընթացներ, որոնք նպաստում են երեխայի/անհատի զարգացմանն ու ինտեգրմանը հասարակություն։ «Գիտելիք հանուն բարեկեցության» ծրագրի շրջանակում բացվել են թվով 10 «Beeline երեխաների զարգացման անկյուններ» Հայաստանի 4 մարզերում (Վայոց Ձոր, Արագածոտն, Արարատ, Կոտայք) և Երևանում: