ԿԲ-ն 2016թ.-ի համար կանխատեսում է 1.5-2.6%, իսկ 2017թ.-ի համար՝ 3.0-4.5% տնտեսական աճ
Հաշվի առնելով ընթացիկ տարում Հայաստանի գործընկեր երկրների տնտեսությունների ակնկալվող թույլ վերականգնումը, հանքահումքային գների ցածր մակարդակը, ինչպես նաև հանքարդյունաբերության ոլորտում հագեցվածության բարձր աստիճանը՝ ՀՀ կենտրոնական բանկը 2016 թվականի համար կանխատեսում է 1.5-2.6% տնտեսական աճ:
Ինչպես նշվում է ԿԲ-ի կողմից հրապարակված զեկույցում՝ ՀՀ տնտեսությունում ներքին պահանջարկի աստիճանաբար վերականգնումը, արտահանմանն ու ներդրումների խթանմանն ուղղված Կառավարության ծրագրի արդյունավետ իրագործումը, արտաքին տնտեսական միջավայրի շարունակվող բարելավումը և կառուցվածքային բարեփոխումները այն գործոններն են, որոնք 2017 թվականից կարագացնեն տնտեսական աճը: Վերը նկարագրված զարգացումներով պայմանավորված` տնտեսական աճը կարագանա և կանխատեսվող հորիզոնի վերջում կկազմի 3.0-4.5%, որին կշարունակի մեծապես նպաստել տնտեսության արտահանելի հատվածը:
Ընդ որում, Հայաստանի հիմնական գործընկեր երկրների տնտեսական զարգացումների հետ կապված անորոշությունների ավելացման հետևանքով տնտեսական աճի երկարաժամկետ հավասարակշիռ մակարդակների նվազման և նրանցից ակնկալվող օտարերկրյա կապիտալ ներդրումների աճի տեմպերի դանդաղման, ինչպես նաև ներքին տնտեսությունում պահպանվող ցածր ներդրումային ակտիվության պայմաններում ՀՀ տնտեսական աճի երկարաժամկետ հավասարակշիռ մակարդակը գնահատվում է 4-5%: Նշենք, սակայն, որ գնահատված ՀՆԱ երկարաժամկետ աճի տեմպը կարող է նվազել, եթե կառուցվածքային բարեփոխումները դանդաղ ընթանան և տնտեսության արտահանելի հատվածում ներդրումները զգալիորեն չավելանան: