Aurora Dialogues. Ինչպե՞ս հաղթահարել փախստականների ճգնաժամն ու դիմագրավել մարդասիրությանն առնչվող հիմնախնդիրներին
Այսօր՝ ապրիլի 23-ին, Երևանում մեկնարկեց Aurora Dialogues խորագրով ֆորումը՝ նվիրված մարդասիրությանն առնչվող ամենահրատապ հիմնախնդիրներին և գլոբալ մարտահրավերներին: Քննարկումներին մասնակցեցին աշխարհի առաջատար գիտնականներ, մեդիա փորձագետներ, մարդասիրության ոլոտում մեծ ներդրում ունեցող մարդիկ:
Ելույթների, քննարկումների և հարցադրումների միջոցով ֆորումի մասնակիցները վեր հանեցին անցյալից դասեր քաղելու, ներկայում արդյունավետ գործելու և ավելի լավ ապագա ձևավորելու կարևորությունը, քննարկեցին մարդասիրության ոլորտի հիմնախնդիրների ներկա վիճակը, փախստականների համաշխարհային ճգնաժամը, հարկադրված միգրացիայի բուն պատճառները, մարդասիրության գործում կանանց դերը և հումանիտար ճգնաժամերի վրա աշխարհի ուշադրությունը հրավիրելու հարցում զանգվածային լրատվության հնարավորությունները: Մասնակիցները մտքեր և տեսակետներ փոխանակեցին հումանիտար ճգնաժամերի և մարդասիրությանն առնչվող հրատապ հիմնախնդիրներին դիմագրավելու լավագույն ուղիների ընտրության հարցերի շուրջ:
Aurora Dialogues ֆորումի շրջանակներում հրապարակվեց հատուկ այս քննարկումների համար իրականացված The Humanitarian Index հարցման արդյունքները: Վեց տարբեր տնտեսական սեկտորներում կատարված այս հարցումը, որը բացահայտել է գլոբալ հասարակության պատկերացումները հումանիտար հիմնախնդիրների, առաջնահերթությունների և հաշվետվողականության վերաբերյալ, հիմք հանդիսացավ մասնակիցների քննակումների համար՝ ստեղծելով յուրահատուկ հարթակ փախստականների ճգնաժամի վերաբերյալ համաշխարհային ընկալման և հումանիտար ճգնաժամերի դեմ պայքարի ռազմավարությունների մշակման հարցերի շուրջ տեսակետների և առաջարկների ներկայացման համար:
The Humanitarian Index հետազոտությանը մասնակցել են ԱՄՆ-ից, Մեծ Բրիտանիայից, Ֆրանսիայից, Գերմանիայից, Լիբանանից եւ Իրանից շուրջ 4,600 հարցվողներ: Ըստ հետազոտության արդյունքների՝ գլոբալ հասարակությունն իր ընկալումներում փախստականների համաշխարհային ճգնաժամն անհամաչափորեն կապում է Սիրիայում իրավիճակի հետ՝ միաժամանակ անտեղյակություն դրսեւորելով Մյանմարում, Սուդանում եւ Կոնգոյի Դեմոկրատական Հանրապետությունում առկա փախստականների ճգնաժամերի վերաբերյալ։ Միևնույն ժամանակ, The Humanitarian Index հետազոտությունը բացահայտել է այսպես կոչված «կարեկցանքի խզում»՝ մեծ անհամապատասխանություն մի կողմից՝ մարդկանց ասածի ու զգացածի, իսկ մյուս կողմից՝ գործելու ցանկության միջեւ։ Երկու հարցվողներից մեկը համարում էր, որ փախստականներին լքել է միջազգային հանրությունը, իսկ բացարձակ մեծամասնությունը համամիտ էր այն մտքին, որ փախստականներն արժանի են օգնության։ Ինչեւէ, հնարավորության դեպքում միայն երկուսից մեկն իրականում կօգներ սիրիացի փախստականներին, իսկ մեծամասնությունը թերահավատորեն էր վերաբերվում իրական փոփոխություն առաջ բերելու գործում սեփական հնարավորություններին։ Ընդհանուր առմամբ, փախստականների վերաբերյալ հասարակության ընկալումներում գերիշխում են ապատեղեկատվությունն ու թերահավատությունը, եւ հանրության մեծամասնությունը փախստականներին շփոթում է տնտեսական եւ այլ ներգաղթյալների հետ։
Aurora Dialogues քննարկումների մասնակցիները՝
– Մարգարիտ Բարանկիցե՝ «Խաղաղության տան» հիմնադիր, «Ավրորա» մրցանակի հավակնորդ,
– Ջոյս Բարնաթան՝ Լրագրողների միջազգային կենտրոնի (ICFJ) նախագահ,
– Դոկտոր Շիրին Էբադի՝ Մարդու իրավունքների գծով իրավաբան, Իրանի առաջին կին դատավոր, Նոբելյան մրցանակի դափնեկիր, «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ,
– Էնրիկե Էգուրեն՝ Protection International (Միջազգային պաշպանություն) կազմակերպության նախագահ,
– Գարեթ Էվանս՝ Միջազգային ճգնաժամային խմբի պատվավոր նախագահ, «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ,
– Դոկտոր Լեյմա Գբովե՝ Նոբելյան դափնեկիր, խաղաղության լիբերիացի ակտիվիստ եւ կանանց իրավունքների պաշտպան, «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ,
– Սայիդա Ղուլամ Ֆաթիմա` Պակիստանի «Կախյալ շահագործվողների ազատագրության ճակատի» (BLLF) գլխավոր քարտուղար, «Ավրորա» մրցանակի հավակնորդ,
– Դեյվիդ Իգնեյշըզ` գրող, The Washington Post օրաթերթի սյունակագիր,
– Հինա Ջիլանի՝ Մարդու իրավունքների պաշտպանության գծով ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի նախկին հատուկ ներկայացուցիչ, «Ավրորա» մրցանակի Ընտրող հանձնաժողովի անդամ,
– Թեդ Քոփել՝ լրագրող,
– Դոկտոր Ջոզեֆին Կուլեա՝ Samburu Girls Foundation-ի (Սամբուրու աղջիկների հիմնադրամ) հիմնադիր եւ գործադիր տնօրեն,
– Սթիվ Քյուրքչյան՝ գրող, The Boston Globe օրաթերթի լրագրողական հետաքննության Spotlightսյունակի հիմնադիր եւ վաշինգտոնյան գրասենյակի նախկին ղեկավար,
– Դոկտոր Էդվարդ Լաք՝ Առնոլդ Զալցմանի անվան ամբիոնի մասնագիտական փորձառության ու միջազգային եւ հանրային հարաբերությունների պրոֆեսոր, մասնագիտացումը՝ միջազգային հակամարտություններ լուծում (Կոլումբիայի համալսարանի Միջազգային եւ հանրային կապերի ֆակուլտետ),
– Դոկտոր Սթիվեն Լաքերթ՝ Հոլոքոստի ուսումնասիրության Լեւինի անվան ինստիտուտի ծրագրերի ավագ կուրատոր, ԱՄՆ Հոլոքոստի թանգարան-ինստիտուտ,
– Արյե Նայեր՝ Բաց հասարակության հիմնադրամի պատվավոր նախագահ,
– Դեյվիդ Թոլբերթ՝ Անցումային արդարադատության միջազգային կենտրոնի (ICTJ) նախագահ,
– Նենսի Սոդերբերգ՝ ՄԱԿ-ում ԱՄՆ նախկին դեսպան, ԱՄՆ Ազգային անվտանգության խորհրդի ղեկավարի նախկին տեղակալ,
– Ջիլիան Սորենսեն՝ Միջազգային փրկարար հանձնաժողովի անդամ, United Nations Foundation-ի ավագ խորհրդատու: