Փոփոխություններ են կատարվել «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ում
Կենտրոնական բանկի խորհրդի մայիսի 10-ի որոշմամբ փոփոխություններ են կատարվել «Բանկերի գործունեության կարգավորումը, բանկային գործունեության հիմնական տնտեսական նորմատիվները» կանոնակարգ 2-ում:
Կանոնակարգում կատարված փոփոխությունների նպատակն է մեղմացնել սահմանված որոշակի պայմաններին բավարարող դրամային հիփոթեքային վարկերի ռիսկի կշիռները, խստացնել սահմանված որոշակի պայմաններին չբավարարող արտարժութային հիփոթեքային վարկերի ռիսկի կշիռները` պայմանավորված դրամային և արտարժութային հիփոթեքային վարկերի ռիսկայնության մակարդակով, ճշգրտել մեղմ ռիսկի կշիռներով (35/75) կշռման ենթակա հիփոթեքային վարկերի համար սահմանված պայմանները՝ հաշվի առնելով հիփոթեքային շուկայում վերջին տարիներին առաջացած առանձնահատկությունները, ինչպես նաև ընդլայնել պարտադիր պահուստավորման նորմատիվի շրջանակում սահմանված կազմակերպությունների ցանկը:
Հիշյալ փոփոխություններով բանկերին հնարավորություն է տրվում ընդլայնել բնակչությանը տրամադրվող դրամային հիփոթեքային վարկերի ծավալները՝ դրամային հիփոթեքային վարկերն առավել հասանելի դարձնելով բնակչության համար: Ակնկալվում է նաև ապահովել արտարժութային հիփոթեքային վարկերի ռիսկայնության համարժեք գնահատում և զսպում, դոլարիզացիայի մակարդակի նվազեցում, ինչպես նաև երկարաժամկետ միջոցների ներգրավման խթանում: