2016 թվականի ընթացքում սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայության բաղադրիչը գործելու է ամբողջությամբ
Ի գիտություն սոցիալական փաթեթի հանգստի բաղադրիչից օգտվողների. Տեղեկացնում ենք, որ 2016 թվականի ընթացքում սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայության բաղադրիչը գործելու է ամբողջությամբ:
ՀՀ կառավարության հուլիսի 7-ի նիստի ընթացքում ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը անդրադարձել է սոցիալական փաթեթի հանգստի ոլորտում չարաշահումներին և հանձնարարել պատասխանատու գերատեսչությունների ղեկավարներին լրամշակել սոցիալական փաթեթի հանգստի բաղադրիչը՝ նվազագույնի հասցնելով բոլոր հնարավոր չարաշահումները:
Այսպիսով` 2017-2019թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրում սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայության բաղադրիչի ներառման գործընթացը կասեցվում է, մինչև սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայության արդյունավետության բարձրացման ու առկա խնդիրների լուծման վերաբերյալ ՀՀ կառավարություն առաջարկությունների ներկայացումը:
Ներկայում, ի կատարումն ՀՀ վարչապետի հանձնարարականի` ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը պետություն-մասնավոր հատված համագործակցության շրջանակներում նախատեսում է կազմակերպել շահագրգիռ քննարկումներ, արդյունքում մշակել ու ՀՀ կառավարություն ներկայացնել առաջարկություններ սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայության արդյունավետության բարձրացման ու առկա խնդիրների լուծման ուղղությամբ:
Մեկ անգամ ևս հիշեցնում ենք, որ 2016 թվականի ընթացքում սոցիալական փաթեթի հանգստի ապահովման ծառայության բաղադրիչը գործելու է ամբողջությամբ: