Ռուբեն Վարդանյան. «Մեզ ուժեղ Հայաստան է հարկավոր, որը մեր փոխարեն ոչ ոք չի կերտելու»
Ապրիլյան պատերազմի գլխավոր դասն ակնհայտ է. մեզ ուժեղ Հայաստան է հարկավոր, որը մեր փոխարեն ոչ ոք չի կերտելու։ Այս մասին «Մեդիամաքս» լրատվական գործակալությանը տված իր հարցազրույցում նշել է գործարար եւ բարերար, «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» հիմնադրամի (IDeA) համահիմնադիր Ռուբեն Վարդանյանն՝ ընդգծելով, որ միայն ուժեղ Հայաստանը թույլ կտա խուսափել պատերազմից, խաղաղ ճանապարհով պաշտպանել ազգային շահերը և գտնել ազգի ու երկրի համար ընդունելի փոխզիջումային լուծումը։
«Միայն այդպես մենք կարող ենք վստահ լինել, որ հակառակ կողմը պատասխանատվությամբ կմոտենա իր ստանձնած պարտավորություններին, այլ ոչ թե հարմար պահի կսպասի նոր ռազմական արկածախնդրության համար, իսկ միջազգային միջնորդները հարգանքով կվերաբերեն Հայաստանի ու Արցախի դիրքորոշմանը», – ասել է Ռուբեն Վարդանյանը:
Ըստ գործարարի՝ ազգային առաջնահերթություններ պետք է դառնան հայկական գիտության վերածնունդը և Հայաստանում տեխնոլոգիական արդյունաբերության ստեղծումը, ինչի անհրաժեշտությունն ակնհայտ դարձավ ապրիլյան դեպքերի լույսի ներքո:
«Էական արդյունքների հնարավոր է հասնել արդեն 5-10 տարվա ընթացքում, սակայն սկսել պետք է այսօր։ Մենք պետք է հնարավորություն տանք հայ գիտնականներին, հատկապես` երիտասարդներին, ֆունդամենտալ եւ կիրառական հետազոտություններ կատարել, մշակումներ ու գյուտեր անել, սեփական գիտական ու հետազոտական ներուժը օգտագործել ազգային կարեւորագույն խնդիրների լուծման համար», – ընդդգծել է Ռուբեն Վարդանյանը՝ հավելելով, որ համաշխարհային փորձը ցույց է տալիս, որ գիտական մշակումների հետեւողական ներդրումը տնտեսության բոլոր ոլորտներում սիներգետիկ արդյունք է ապահովում դրանց զարգացման համար։