Երևանում մեկնարկել է «ԻՆՖՕ2016» միջազգային կոնֆերանսը
Երևանում մեկնարկել է Ֆինանսական օմբուդսմենների միջազգային ցանցի «ԻՆՖՕ2016» միջազգային կոնֆերանսը, որին մասնակցում են շուրջ 30 երկրների ավելի քան 70 պատվիրակներ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, կոնֆերանսի խորագիրն է՝ «Պահպանել անհատականությունը՝ գնալով դեպի գլոբալիզացիա», որն ընդգծում է յուրաքանչյուր երկրի ազգային և մշակութային առանձնահատկությունների ազդեցությունը օմբուդսմենների մասնագիտական գործունեության վրա:
Կոնֆերանսի մասնակիցները ֆինանսական օմբուդսմեններ են, հեղինակավոր իրավաբաններ, նախկին դատավորներ և քաղաքական գործիչներ Եվրամիության անդամ երկրներից, ԱՄՆ-ից, Կանադայից, Մեծ Բրիտանիայից, Ավստրալիայից, Հարավաֆրիկյան Հանրապետությունից, Չիլիից և այլ երկրներից:
Հայաստանի ֆինանսական համակարգի հաշտարարի գրասենյակի ղեկավար Փիրուզ Սարգսյանը, ողջունելով կոնֆերանսի մասնակիցներին, ընդգծեց, որ կոնֆերանսի շրջանակներում քննարկվելու են բազմաթիվ արդիական հիմնահարցեր, որոնք վերաբերում են տարբեր երկրներում ֆինանսական ոլորտում վեճերի լուծման մեխանիզմների առանձնահատկություններին: «Մասնավորապես, մենք քննարկելու ենք կոնֆիդենցիալության և թափանցիկ գործունեության միջև հավասարակշռության պահպանումը, օմբուդսմենների իրավասության շրջանակը, հաշտեցման սկզբունքները, օմբուդսմենի որոշման պարտադիր թե կամավոր լինելու միջև երկընտրանքը, արդարությունը տարբեր իրավական համակարգերում և այլ հարցեր»,- նշեց Սարգսյանը:
Կանադան ներկայացնող, բանկային ծառայությունների և ներդրումների օմբուդսմեն Դուգլաս Մելվիլն էլ իր խոսքում կարևորեց այն հանգամանքը, որ կոնֆերանսի ընթացքում կազմակերպվելու են մի շարք թիմային քննարկումներ, որոնք մասնակիցներին հնարավորություն կտան արդյունավետ փորձի փոխանակում իրականացնել: «Կոնֆերանսի ընթացքում մենք քննարկելու ենք արդիական հարցեր, փորձելու ենք հասկանալ ոլորտում առկա խնդիրները: Այստեղ ժամանել են մասնագետներ տարբեր երկրներից և ես հույս ունեմ, որ հնարավոր կլինի նաև փորձի փոխանակման միջոցով հասկանալ, թե ինչպես կարելի է դիմակայել առկա մարտահրավերներին»,- ասաց նա:
Հաշտարարի գրասենյակի նախաձեռնությամբ կազմակերպվել են մի շարք մշակութային միջոցառումներ, որոնք նպատակ ունեն կոնֆերանսի մասնակիցներին ներկայացնել Հայաստանը և հայկական մշակութային ժառանգությունը: