Պաշտոնական

USD BUY - 365.50-0.50 USD SELL - 369.00+0.00
EUR BUY - 423.00+1.00 EUR SELL - 430.00+2.00
OIL:  BRENT - 104.25+0.01 WTI - 96.60-0.89
COMEX:  GOLD - 4521.00-0.41 SILVER - 75.89-0.68
COMEX:  PLATINUM - 1939.70-1.39
LME:  ALUMINIUM - 3649.50+1.30 COPPER - 13667.50+1.91
LME:  NICKEL - 18913.00+0.57 TIN - 54174.00+4.96
LME:  LEAD - 2011.50+2.44 ZINC - 3543.00+0.85
FOREX:  USD/JPY - 159.19+0.12 EUR/GBP - 1.1602-0.05
FOREX:  EUR/USD - 1.1602-0.05 GBP/USD - 1.3427+0.04
STOCKS RUS:  RTSI - 1161.58-2.03
STOCKS US: DOW JONES - 50579.70+0.58 NASDAQ - 26343.97+0.19
STOCKS US: S&P 500 - 7473.47+0.37
STOCKS JAPAN:  NIKKEI - 65158.19+2.87 TOPIX - 3942.57+1.29
STOCKS CHINA:  HANG SENG - 25606.03+0.00 SSEC - 4152.57+0.96
STOCKS EUR:  FTSE100 - 10466.26+0.22 CAC40 - 8115.75+0.37
STOCKS EUR:  DAX - 24888.56+1.15
25/05/2026  CBA:  USD - 368.01+0.04 GBP - 496.45+2.52
25/05/2026  CBA:  EURO - 428.44+1.74
25/05/2026  CBA:  GOLD - 53316+17 SILVER - 897.32+12.93
Տեղի է ունեցել ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի 2016թ. մրցանակի հանձնման արարողությունը
08/11/2016 22:56
Կիսվել

Տեղի է ունեցել ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի 2016թ. մրցանակի հանձնման արարողությունը

Նախագահի նստավայրում այսօր երեկոյան տեղի է ունեցել ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի 2016 թվականի մրցանակի հանձնման արարողությունը, որից հետո ի պատիվ մրցանակի արժանացած ֆրանսիացի գիտնական, դեյտագրամի գյուտարար, համացանցի նախահայրերից մեկը համարվող, «Օփեն-Ռութ» կազմակերպության գլխավոր տնօրեն Լուի Պուզենի և նրա տիկնոջ՝ Շանթալ Լեբրյումանի, տրվել է ընդունելություն:

Համաշխարհային տեղեկատվական տեխնոլոգիաների (ՀՏՏ) մրցանակաբաշխության կոմիտեի գործադիր խորհրդի նախագահ Հովիկ Մուսայելյանը ներկայացրել է ՀՀ Նախագահի հրամանագրով ստեղծված՝ ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար Հանրապետության Նախագահի մրցանակի նախապատմությունը, մրցանակաբաշխության կոմիտեի և միջազգային ընտրող հանձնաժողովի գործունեության սկզբունքները, մինչ այժմ այդ պատվավոր մրցանակին արժանացած աշխարհահռչակ անձանց, իսկ մրցանակաբաշխության հանձնաժողովի անդամ Թոնի Մորոյանը ներկայացրել է այս տարի ՀՀ Նախագահի մրացանակին արժանացած անվանի գիտնական Լուի Պուզենի կենսագրությունը, նրա ներդրումը ՏՏ ոլորտում:

Նախագահ Սերժ Սարգսյանը մրցանակը հանձնել է Լուի Պուզենին և այդ առիթով տեղի ունեցած ընդունելության ժամանակ հանդես է եկել ելույթով:

Միջոցառման ժամանակ շնորհակալական խոսք է ասել մրցանակակիր Լուի Պուզենը:

«Պարոն Նախագահը շատ հաճելի խոսքեր շռայլեց իմ հասցեին, և իմ կարծիքով, պետք է միասին նայենք ապագային, քսան տարի հետո ինչ կլինի ինտերնետին մենք չգիտենք: Ներկայումս մեծ մարտահրավեր է այն ապահով դարձնելը, անվտանգ դարձնելը, այսինքն՝ ավելի համապատասխանեցնելը մարդկանց կարիքներին, և դա ժամանակ է պահանջում, էներգիա, աշխատանք և նպատակադրվածություն ընդունելի հավասարակշռությանը հասնելու համար՝ արդյունաբերության, հետազոտության, տեխնոլոգիայի, սոցիոլոգիայի և այլ ոլորտներում: Որոշակի համատեքստում փորձենք խուսափել շահերի բախումից: Պետք է հաշվի առնենք, որ կյանքը ավելի հետաքրքիր է, քան մահը, ուստի պետք է առաջ շարժվել, փորձել դժվարությունները հաղթահարել, և հաջորդ տասը տարիների ընթացքում, երևի, հասարակությունը պետք է իրեն համապատասխանեցնի ինտերնետային դարաշրջանին»,-ասել է «Օփեն-Ռութ» կազմակերպության գլխավոր տնօրեն Լուի Պուզենը:

ՀՀ Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը ՏՏ ոլորտում համաշխարհային ներդրման համար ՀՀ Նախագահի մրցանակի շնորհման արարողության ժամանակ

Հարգելի՛ տեր և տիկին Պուզեններ, Հարգարժա՛ն տիկնայք և պարոնայք,

Այսօր ես մեծ գոհունակությամբ պետք է հանձնեմ մեզ համար առանձնահատուկ նշանակություն ունեցող՝ «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտում համաշխարհային ներդրման համար» մրցանակը: Պատիվ ունեմ այդ մրցանակը շնորհելու «Օփեն Ռութ» կազմակերպության գլխավոր տնօրեն պարոն Լուի Պուզենին: Մենք այսօր մեծարում ենք մի մարդու, ով համացանցի նախահայրերից մեկն է:

Մի օր կատակով մեկն ասաց, որ ինտերնետ համաշխարհային ցանցը ստեղծվել է հենց հայերի համար, որպեսզի աշխարհով մեկ սփռված հայերը կարողանան ավելի արագ կապ հաստատել միմյանց հետ և համատեղ ծրագրեր մշակեն ու իրականացնեն, այսպես ասած, հայկական աշխարհը: Պարո՛ն Պուզեն, մենք դրա համար, իհարկե, շատ շնորհակալ ենք Ձեզ: Իսկ առանց կատակի՝ պիտի ասեմ հետևյալը. Դուք այն մարդկանցից եք, որոնք իրականություն են դարձրել մարդկության պատմության մեծագույն տեխնիկական հեղափոխություններից մեկը: Համացանցի ստեղծման հետ կարող են համեմատվել կրակի, մետաղի մշակման, գրատպության գյուտերը: Դրանք իսկապես դարակազմիկ իրադարձություններ են եղել, որոնք փոխել են ողջ աշխարհի վարքն ու նկարագիրը: Դուք նրանցից մեկն եք, ով փոխել և շարունակում է փոխել աշխարհը:

Ինտերնետ համաշխարհային ցանցի ստեղծման շուրջ առաջին մշակումները սկսվել են, եթե ինձ ճիշտ են հուշել, Սառը պատերազմի ժամանակ: Այդ ուղղությամբ տարվող սկզբնական աշխատանքների հիմնական նպատակն էր՝ ստեղծել այլընտրանքային կապի միջոցներ հրամանատարական վերահսկողություն իրականացնելու համար, հատկապես՝ ահավոր և աներևակայելի միջուկային պատերազմի ժամանակաշրջանի համար: Փառք Աստծո, Սառը պատերազմի ծանր դիմակայությունը դարձել է պատմություն, և ջանքեր գործադրենք, աղոթենք, որպեսզի այդ ժամանակաշրջանը ետ չվերադառնա, իսկ համացանցն այսօր ծառայում է միլիոնավոր մարդկանց՝ խաղաղության պայմաններում:

Այս մրցանակով պարոն Պուզենի հետ միասին ևս մեկ անգամ ընդգծում ենք այդ խաղաղության և համագործակցության կարևորությունը, որի իսկական և դրական արգասիքը և միջոցը պետք է լինի համացանցը:

Հարգելի՛ պարոն Պուզեն,

Այս մրցանակը, որ մենք հիմնել և շնորհում ենք արդեն վեցերորդ տարին, նպատակ ունի գնահատելու տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտի այն նվիրյալներին, որոնք նպաստում են մարդկության առաջընթացին և համախմբմանը: Մենք ուզում ենք այս մրցանակով կրկին շեշտել Ձեր և այս ոլորտում Ձեզ նման ռահվիրաների կարևորությունը: Մեզ պետք են երախտավորներ, որոնց կցանկանան նմանվել մեր պատանիներն ու աղջիկները, մեր երիտասարդներն ընդհանրապես: Դուք հենց այդպիսին եք:
Իմ խոսքի սկզբում նշեցի, որ այս մրցանակը մեզ համար ունի առանձնահատուկ նշանակություն: Պատճառը միայն այն չէ, որ նոր սերնդին ցանկանում ենք արժանավոր օրինակներ ցույց տալ: Պատճառներն ավելի խորն են: Հայաստանի համար տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացումն ունի ռազմավարական նշանակություն: Թե՛ կարճաժամկետ, թե՛ երկարաժամկետ հեռանկարում մեր կրթությունը, գիտությունը, տնտեսությունը և ընդհանրապես ողջ հասարակությունը աշխարհի հետ համատեղ քայլելու անհրաժեշտություն ունի և միայն տեղեկատվական արդիական տեխնոլոգիաներով զինված լինելու դեպքում դա կարող է անել: Ժամանակակից, արագ փոփոխվող աշխարհում մրցունակ լինելը, եթե շատերի համար բարեկեցության հարց է, ապա մեզ համար նաև ազգային անվտանգության հարց է: Մեր ապագայի տեսլականն այս համատեքստում է: Եվ Դուք մեզ համար հյուր եք ապագայից:

Շնորհավորում եմ Ձեզ, հարգելի՛ պարոն Պուզեն, այս մրցանակին արժանանալու առթիվ: Մաղթում եմ Ձեզ առողջություն, անսպառ եռանդ Ձեր շնորհակալ գործում: Վստահ եղեք, որ Դուք Հայաստանում այսուհետ ունեք մեծաթիվ հավատարիմ և ջերմ բարեկամներ:

Շնորհակալություն:

25/05/2026
դրամ
Դոլար (USD)
368.01
+0.04
Եվրո (EUR)
428.44
+1.74
Ռուբլի (RUR)
5.1334
-0.0282
Լարի (GEL)
137.79
+0.09
53316
+17
Արծաթ
897.32
+12.93