Հարկային Համաներում. 1570 ինքնազբաղված անձ կազատվի հարկերի վճարումից
Դեկտեմբերի 8-ին ՀՀ կառավարության հավանությանն արժանացած օրենքների նախագծերի փաթեթով մի շարք հարկային արտոնություններ են առաջարկվում բիզնեսին: Մասնավորապես, «Ինքնազբաղված անձանց հարկային արտոնությունների մասին» ՀՀ օրենքի նախագծով նախատեսվում է գործունեության կոնկրետ սահմանված տեսակներով ինքնազբաղված անձանց ազատել հարկումից: ՊԵԿ նախագահի տեղակալ Վախթանգ Միրումյանի խոսքով՝ ինքնազբաղված անձանց հարկերից ազատելու մոտեցումը բխում է ՀՀ կառավարության գործունեության ծրագրից. «Տարեկան մինչև 9 միլիոն դրամ շրջանառություն ունեցող և վարձու աշխատողներ չունեցող շուրջ 1570 ինքնազբաղված անձինք կազատվեն հարկերի վճարումից, իսկ արտոնության գումարը կկազմի շուրջ 400 միլիոն դրամ»: Խոսքը վերաբերում է գործունեության 23 տեսակի՝ հագուստի արտադրությանը, նորոգմանը, փայտյա իրերի պատրաստմանը, լեզուների ուսուցման դասընթացներին, զբոսաշրջային տների միջոցով հյուրանոցային ծառայությունների մատուցմանը և այլն: