ԵՎՐԱԶԵՍ երկրների միջպետական մրցույթի շրջանակում Beeline-ը պարգևատրվեց Ոսկե Մրցանակով
Beeline-ը պարգևատրվեց «Ոսկե Մրցանակ»-ով միջազգային ստանդարտների ներդրման բնագավառում ծավալած աշխատաքների համար: Արդյունքների ամփոփումն ու մրցանակների հանձնման պաշտոնական արարողությունը տեղի ունեցավ այսօր «ԴԱԲԼԹՐԻ ԲԱՅ ՀԻԼԹՆ ԵՐԵՎԱՆ ՍԻԹԻ ՍԵՆԹՐ» հյուրանոցում՝ «Ստանդարտների ազգային ինստիտուտ» ՓԲԸ-ի և «Համազգային վստահություն» խորհրդի կողմից կազմակերպված մրցույթի շրջանակում:
Միջոցառման նպատակն է խրախուսել միջազգային ստանդարտներին համապատասխան գործունեություն ծավալող տնտեսվարողների աշխատանքները: Առաջատարներին որոշելու համար հաշվի են առնվել տարբեր միջազգային սերտիֆիկատները, միջազգային մրցույթներում ճանաչվելն ու վարկանիշավորման արժանանալը, ընկերությունների արտահանման ծավալները և ներկրվող ապրանքների ստանդարտացման աստիճանները:
«Ցանկանում եմ իմ խորին շնորհակալությունը հայտնել մրցույթի կազմակերպիչներին Beeline-ին բարձր գնահատական տալու համար: Կրկնակի հաճելի է, երբ ընկերության աշխատանքն ուշադրության է արժանանում միջազգային հանրության կողմից: Մենք շատ հպարտ ենք և պարտավորված ենք մեզ զգում աշխատել էլ ավելի ուշադիր և պատասխանատու՝ հաճախորդների, գործընկերների և պետական մարմինների հետ: Չկա կատարելության սահման, և այս մրցանակը հերթական խթանը կհանդիսանա մեր ընկերության զարգացման և նոր բարձրունքների հասնելու գործում», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:
«Նմանատիպ միջոցառումներն ընդունված են տարբեր առաջադեմ երկրներում և խթանում են միջպետական ստանդարտացման և չափագիտության բնագավառում նոր մոտեցումների և որակի բարելավմանը: Հայաստանի զարգացող տնտեսության համար նույնպես այն կնպաստի արտահանվող ապրանքների ու ծառայությունների ճանաչմանը և վստահության բարձր իմիջի ձևավորմանը», – նշեց «Համազգային վստահություն» խորհրդի նախագահ Աստղիկ Խաչատրյանը:
Միջոցառմանը մասնակցում են ԱՊՀ և Եվրասիական երկրների ստանդարտացման հանձնաժողովների նախագահները, ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Էմիլ Տարասյանը, Ռուսաստանի Արդյունաբերողների և Գործարարների Միության Տեխնիկական կանոնակարգման, ստանդարտացման և համապատասխանության գնահատման կոմիտեի նախագահի առաջին տեղակալ Անդրեյ Լոցմանովը, Եվրոպական ստանդարտացման կոմիտեի (CEN) փոխնախագահ, Սլովենիայի ստանդարտացման ինստիտուտի (SIST) նախագահ Բոգդան Տոպիչը, Համազգային վստահություն խորհրդի նախագահ Աստղիկ Խաչատրյանը, «Ստանդարտների ազգային ինստիտուտ» ՓԲԸ տնօրեն Ենոք Ազարյանը, մրցանակների արժանացած կազմակերպությունների ներկայացուցիչները, ինչպես նաև Հայաստանի խոշոր և միջին բիզնեսի ներկայացուցիչները:
«ԱրմենՏել» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎիմպելԿոմ» ընկերությունների խմբի մի մասը: «ՎիմպելԿոմ»-ը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը, որը գործում է աշխարհի 13 երկրում, իսկ գլխամասային գրասենյակը գտնվում է Ամստերդամում: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 200 մլն. բաժանորդների Ռուսաստանում, Իտալիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում և Պակիստանում,: «ՎիմպելԿոմ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Mobilink», «Banglalink» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: “ՎիմպելԿոմ”-ի բաժնետոմսերը շրջանառվում են NASDAQ բորսայում VIP նշումով: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.vimpelcom.com կայքում: