Տնտեսական

USD BUY - 389.00+0.00 USD SELL - 391.50+0.50
EUR BUY - 406.00-2.00 EUR SELL - 409.00-2.00
OIL:  BRENT - 75.17+1.02 WTI - 71.18+1.22
COMEX:  GOLD - 2718.20+1.10 SILVER - 31.41+1.36
COMEX:  PLATINUM - 971.00+0.03
LME:  ALUMINIUM - 2631.50-0.47 COPPER - 9008.50-0.89
LME:  NICKEL - 15714.00-1.21 TIN - 28750.00-0.95
LME:  LEAD - 1999.00-1.09 ZINC - 2990.00+0.08
FOREX:  USD/JPY - 154.74+0.27 EUR/GBP - 1.0417-0.53
FOREX:  EUR/USD - 1.0417-0.53 GBP/USD - 1.2531-0.40
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44296.51+0.97 NASDAQ - 19003.65+0.16
STOCKS US: S&P 500 - 5969.34+0.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 38283.85+0.68 TOPIX - 2696.53+0.51
STOCKS CHINA:  HANG SENG - 19229.97-1.89 SSEC - 3267.19-3.06
STOCKS EUR:  FTSE100 - 8262.08+1.38 CAC40 - 7255.01+0.58
STOCKS EUR:  DAX - 19322.59+0.92
22/11/2024  CBA:  USD - 389.76+0.31 GBP - 488.37-3.58
22/11/2024  CBA:  EURO - 406.40-3.34
22/11/2024  CBA:  GOLD - 33399.07+336.46 SILVER - 389.28+2.75
Նախագահ Սարգսյանի մասնակցությամբ Աբու Դաբիում անցկացվում է «Հայաստան-Արաբական Միացյալ Էմիրություններ» ներդրումային համաժողովը
22/03/2017 15:02
Կիսվել

Նախագահ Սարգսյանի մասնակցությամբ Աբու Դաբիում անցկացվում է «Հայաստան-Արաբական Միացյալ Էմիրություններ» ներդրումային համաժողովը

Աշխատանքային այցով Արաբական Միացյալ Էմիրություններում գտնվող Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր մասնակցել է Աբու Դաբիում անցկացվող «Հայաստան-Արաբական Միացյալ Էմիրություններ» ներդրումային համաժողովին: Համաժողովը կազմակերպվել է Նախագահ Սերժ Սարգսյանի և Աբու Դաբի էﬕրության թագաժառանգ, ԱՄԷ զինված ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ Շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանի բարձր հովանավորությամբ:

Հայաստանի զարգացման հիմնադրամի և Աբու Դաբիի Առևտրի պալատի կազմակերպած համաժողովը նպատակ ունի խթանելու Հայաստանի և արաբական երկրների տնտեսական կապերի ակտիվացումը, գործարարների միջև շփումները, ներկայացնելու Հայաստանի ներդրումային միջավայրը և տարբեր ոլորտներում փոխշահավետ ներդրումային նախագծեր: Համաժողովի շուրջ 300 մասնակիցների թվում են պետական պաշտոնյաներ, հիմնադրամների ղեկավարներ, վերազգային ընկերությունների, միջազգային կազմակերպությունների, Հայաստանում օտարերկրյա ներդրումների հաջող փորձ ունեցող ընկերությունների ներկայացուցիչներ։

Համաժողովում ԱՄԷ էկոնոմիկայի նախարար Սուլթան բին Սայիդ Ալ Մանսուրի ողջույնի խոսքից հետո, Հանրապետության Նախագահը համաժողովում հանդես է եկել ելույթով:

Նախագահ Սերժ Սարգսյանի ելույթը հայ-էմիրաթյան ներդրումային համաժողովին

Մեծարգո՛ պարոն նախարար,

Հարգելի՛ տիկնայք և պարոնայք,

Անչափ հաճելի, նաև խորհրդանշական է իմ նախորդ պաշտոնական այցից ընդամենը չորս ամիս անց կրկին հյուրընկալվել այս բարեկամական հողում։ Ջերմորեն ողջունում եմ բոլորիդ այս հրաշալի սրահում. նման բացառիկ ներկայացուցչական միջոցառումը հայ-էմիրաթյան տնտեսական կապերին նոր որակ հաղորդելու՝ մեր երկրների բարձր ղեկավարության երկուստեք ցանկության ու հանձնառության վկայությունն է։ Ընդամենը ամիսներ առաջ սա միայն գաղափար էր, իսկ այսօր՝ արդեն իրականություն, որից մեր սպասումները մեծ են: Այս գաղափարը կյանքի կոչելու համար առանձնահատուկ երախտագիտություն եմ հայտնում Արաբական Միացյալ Էմիրությունների իշխանություններին և հատկապես Աբու Դաբի էմիրության թագաժառանգ, ԱՄԷ զինված ուժերի գլխավոր հրամանատարի տեղակալ Նորին Վսեմություն Շեյխ Մոհամմեդ բին Զայեդ Ալ Նահյանին:

Հարգելի՛ գործընկերներ,

Հայ և արաբ ժողովուրդների բարեկամությունը դարերի փորձություն է անցել և, հասնելով մեր օրերը, դարձել Հայաստանի ու բազմաթիվ արաբական երկրների միջպետական հարաբերությունների անսասան հենքը։ Հենց այդ հենքի վրա էր, որ Միացյալ Էմիրությունների լուսահոգի հիմնադիր Նախագահ Շեյխ Զայեդ բին Սուլթան Ալ Նահյանի օրոք սկիզբ առավ նաև Հայաստանի և Արաբական Միացյալ Էմիրությունների միջպետական համագործակցությունը: Եվ այսօր մեր ցանկությունն է ու նաև մեր պարտքը՝ ամրապնդել և խորացնել այս թանկ ժառանգությունը, որ ստացել ենք:

Հայաստանն իր պատմության ողջ ընթացքում գտնվել է Արևելքի և Արևմուտքի խաչմերուկում, ինչը հայ ժողովրդին երկու աշխարհների համար էլ դարձրել է ընկալելի: Միաժամանակ, Արևելքն ու Արևմուտքը միախառնվել են մեր հողում՝ արտացոլվելով հայ ժողովրդի մտածելակերպում և կենսակերպում: Սա նշանակում է, որ ձեզանից յուրաքանչյուրը, գալով Հայաստան, կբացահայտի ոչ միայն գործարարության համար բարենպաստ միջավայր, այլև հոգեհարազատ տարրեր, որոնցից ամենաբնորոշները, թերևս, ավանդական հայկական հյուրընկալությունն ու ջերմությունն են, որոնք հատուկ են նաև եղբայրական արաբ ժողովրդին։

Բնականաբար, ձեզնից շատերը Հայաստանի մասին իրենց պատկերացումն ունեն, շատերն էլ դեռ նոր պիտի բացահայտեն Հայաստանը` հատկապես որպես տնտեսական ներուժ։ Իսկ մինչ այդ ցանկանում եմ մի քանի շեշտադրումներ կատարել Հայաստանում գործարարությամբ զբաղվելու առնչությամբ, որոնք կարևոր նախադրյալներ են մեր փոխշահավետ գործընկերության տեսանկյունից:

Աներկբա է` փոխշահավետ գործընկերության նախադրյալներից թերևս ամենակարևորը վստահության գործոնն է։ Հարափոփոխ մեր աշխարհի մրցակցային պայմաններում կարելի է երկարաժամկետ գործընկերություններ ստեղծել և ներդրումներ կատարել միայն այն դեպքում, երբ առկա է կայուն վստահության մթնոլորտ։ Մի բան, որ մենք, իսկապես, կիսում ենք։ Մեր ժողովուրդները պատմությամբ են ճանաչում միմյանց. պատմական հանգամանքների բերումով ապրելով արաբ ժողովրդի հետ կողք կողքի և հաղորդակից լինելով արաբական քաղաքակրթությանը՝ մենք լավ ենք գիտակցում վստահության արժեքը:

Չնայած պատմության ընթացքում մեզ բաժին հասած բազում դժվարություններին՝ մենք երբեք չենք ընկրկել, սփռվել ենք աշխարհով մեկ և դարձել նաև հաջողակ գործարարներ: Այսօր էլ մեզ չեն վախեցնում առկա սահմանափակումները, մենք փորձում ենք դրանք վերածել մրցակցային առավելությունների: Չունենալով էներգակիրներ՝ մենք զարգացնում ենք մարդկային ռեսուրսը, գտնվելով շրջափակման մեջ՝ մենք ստեղծում ենք ինտեգրացիոն կամուրջներ, չունենալով ելք դեպի ծով՝ մենք բացվում ենք աշխարհին մեր աշխարհասփյուռ հայ համայնքների միջոցով, հաղորդակցվում ենք՝ ստեղծելով այլընտրանքային ուղիներ և օգտվելով ժամանակակից տեխնոլոգիաներից։

Ասածիս լավագույն վկայությունն այն է, որ Հայաստանն այսօր վերածվել է ամբողջական բարդ տեխնոլոգիական լուծումներ և ծառայություններ առաջարկող երկրի՝ զբաղեցնելով իր յուրահատուկ տեղը տեղեկատվական տեխնոլոգիաների համաշխարհային քարտեզի վրա: Դուք հնարավորություն ունեք սեփական փորձով համոզվելու, որ Հայաստանում ստեղծված է գործարարությամբ զբաղվելու համար բարենպաստ դաշտ, օրենսդրորեն պաշտպանված և ազատ ներդրումային միջավայր։ Այդ մասին է վկայում Համաշխարհային բանկի «Դուինգ բիզնես 2017» զեկույցը, որի համաձայն Հայաստանը 190 երկրների շարքում 38-րդն է, ընդ որում բիզնես սկսելու դյուրինության ցուցանիշով՝ 9-րդ հորիզոնականում է: Ինչ վերաբերում է տնտեսական ազատության ցուցանիշին՝ այս տարի գրանցվել է աննախադեպ առաջընթաց. մեր երկիրը ներկայումս 180 երկրների շարքում զբաղեցնում է 33-րդ հորիզոնականը՝ նախորդ տարվա համեմատ 21 կետով բարելավելով իր դիրքը:

Մեր կառավարությունը պատրաստել է ներդրումային փաթեթներ, որոնք գտնվում են իմ անմիջական ուշադրության ներքո: Մենք կողջունենք և կաջակցենք Հայաստանի տնտեսության տարբեր ոլորտներում Միացյալ Էմիրությունների ներդրողներին:
Համագործակցության մեծ հնարավորություններ կան գյուղատնտեսության և սննդի արդյունաբերության ոլորտներում։

Հայաստանում օրեցօր ավելի մեծ տարածում է ստանում օրգանական և ջերմոցային գյուղատնտեսությունը, որի արտադրանքը, կարծում եմ, մեծ պահանջարկ ունի նաև ձեր երկրում։ Ինչպես հայտնի է, Հայաստանը միջազգային հեղինակություն է վայելում միրգ-բանջարեղենի վերամշակման, պահածոյացման, չրագործության, հյութերի արտադրության ոլորտներում, իսկ տեղական աղբյուրների քաղցրահամ խմելու ջուրը դարձել է Հայաստանի այցեքարտը: Հայաստանը բնօրրանն է աշխարհի ամենահամեղ մրգերից մեկի՝ արևահամ ծիրանի, որը գիտությանը հայտնի է, որպես «Պրունուս արմենիակա»:

Վերոհիշյալ ոլորտներում համագործակցության արդյունավետ հարթակ կարող են դառնալ Հայաստանի ազատ տնտեսական գոտիները՝ բարձր և նորարարական տեխնոլոգիաների արտադրության ուղղվածություն ունեցող «Ալյանսը» և ոսկերչության, ադամանդագործության, ժամագործության ոլորտների համար նախատեսված «Մերիդիանը», որոնց գործունեությունը գրեթե ամբողջությամբ ազատված է հարկերից և մաքսատուրքերից։ Նախատեսված է ստեղծել ևս մեկ՝ ավելի լայն ընդգրկմամբ ազատ տնտեսական գոտի, որը արդյունավետ հարթակ կդառնա ԵԱՏՄ, ԵՄ և Մերձավոր Արևելքի երկրների շուկաներ դուրս գալու համար։ Հայաստանն էմիրաթյան գործարարներին առաջարկում է անընդհատ ընդլայնվող շուկա, քանզի Եվրասիական ինտեգրացիան ընդլայնել է Հայաստանի տնտեսական սահմանները գրեթե մինչև համաշխարհային ցամաքի 1/7-րդ մասը:

Բացի այդ, վերջերս ավարտվեցին Հայաստան-ԵՄ համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագրի շուրջ բանակցությունները, ինչը նշանակում է նաև Եվրոպական միության հետ տնտեսական կապերի նոր մակարդակ, առևտրի և ներդրումների նոր հնարավորություններ: Հայաստանը մինչ այդ արդեն իսկ օգտվում էր Եվրամիության արտոնությունների ընդհանրացված GSP+ համակարգից, որը թույլ է տալիս մեր երկրում արտադրված շուրջ 6400 ապրանքատեսակներ արտոնյալ պայմաններով արտահանել ԵՄ։

Վստահ եմ, որ համատեղ աշխատելու պարագայում զգալի ձեռքբերումներ կունենանք։ Դրա լավագույն վկայությունը մեր երկրների միջև առևտրաշրջանառության աննախադեպ աճն է` շուրջ երկուսուկես անգամ, որը նկատելի դարձավ նախորդ տարվա արդյունքների ամփոփմամբ։ Իսկ այս տարի արձանագրել ենք թռիչքային աճ՝ ավելի քան 8 անգամ, և պատրաստակամ ենք ապահովելու դրա շարունակականությունը:

Չեմ կարող չնշել զբոսաշրջության ոլորտը, որը ժողովուրդների բարեկամության, միջմշակութային երկխոսության և փոխճանաչողության լավագույն միջոցն է։ Ուրախալի է, որ Էմիրություններից Հայաստան այցելող զբոսաշրջիկների թիվը վերընթաց աճում է. միայն 2016-ին այն ավելացել է 44 տոկոսով։ Վստահ եմ՝ սա բնավ էլ սահմանագիծ չէ, մանավանդ, որ հենց այսօրվանից ուժի մեջ մտավ Արաբական Միացյալ Էմիրությունների քաղաքացիների համար ազատ վիզային ռեժիմը։ Հայաստանում զբոսաշրջիկներին մատուցվող ծառայությունները հետևողականորեն կատարելագործվում են: Առհասարակ, ծառայությունների մատուցման ոլորտը Հայաստանում ամենաարագ զարգացողներից է, և այս առումով մեր երկիրը շահեկան դիրքերում է տարածաշրջանում:

Ի դեպ, ցանկանում եմ ևս մի կարևոր հանգամանքի անդրադառնալ. վերջին տարիներին Հայաստան են ժամանել շուրջ 20 հազար հայեր, որոնք որքան հայկական, նույնքան էլ արաբական ինքնության ու մշակույթի կրողներ են։ Թե՛ արաբախոս, թե՛ հայախոս և թե՛ նշանակալի գործարար ավանդույթներ ունեցող նման ստվար համայնքի ներկայությունը Հայաստանում կարող է ուղղակիորեն և զգալիորեն դյուրացնել էմիրաթցի ներդրողների գործունեությունը մեր երկրում։

Հարգելի՛ գործընկերներ,

Այսպիսով, ես հրավիրում եմ ձեզանից յուրաքանչյուրին բացահայտելու Հայաստանը՝ իր լեռնային յուրօրինակ բնաշխարհով, համեղ ուտեստներով, հայկական հյուրընկալությամբ և, անշուշտ, կրթված, աշխատասեր և իրենց գործի գիտակ կադրերով, որոնք մեծ նվիրումով կարող են ներգրավված լինել ցանկացած հեռանկարային ծրագրում:

Շնորհակալ եմ ուշադրության համար և մեկ անգամ ևս իմ երախտագիտությունն եմ հայտնում Էմիրությունների ղեկավարությանն այս հրաշալի միջոցառումը կազմակերպելու համար:

Շնորհակալություն:

22/11/2024
դրամ
Դոլար (USD)
389.76
+0.31
Եվրո (EUR)
406.40
-3.34
Ռուբլի (RUR)
3.79
-0.07
Լարի (GEL)
142.31
+0.23
33399.07
+336.46
Արծաթ
389.28
+2.75