Պաշտոնական

USD BUY - 364.00+0.00 USD SELL - 366.00+0.00
EUR BUY - 411.50-0.50 EUR SELL - 416.50-2.50
OIL:  BRENT - 98.70-1.96 WTI - 89.31-2.86
COMEX:  GOLD - 4067.60+0.52 SILVER - 58.66+1.49
COMEX:  PLATINUM - 1604.10+0.76
LME:  ALUMINIUM - 3192.50+1.33 COPPER - 13808.00+2.09
LME:  NICKEL - 17234.00+1.61 TIN - 53922.00+1.30
LME:  LEAD - 1896.50+0.72 ZINC - 3591.50+1.87
FOREX:  USD/JPY - 163.84+0.03 EUR/GBP - 1.1367-0.10
FOREX:  EUR/USD - 1.1367-0.10 GBP/USD - 1.3319+0.05
STOCKS RUS:  RTSI - 874.26+1.44
STOCKS US: DOW JONES - 51947.25+0.46 NASDAQ - 24975.82-0.64
STOCKS US: S&P 500 - 7411.98+0.05
STOCKS JAPAN:  NIKKEI - 64611.15-2.73 TOPIX - 4011.31-1.05
STOCKS CHINA:  HANG SENG - 24963.23-0.98 SSEC - 3814.20-1.61
STOCKS EUR:  FTSE100 - 10736.23+0.91 CAC40 - 8372.28+0.88
STOCKS EUR:  DAX - 25099.00+1.36
24/07/2026  CBA:  USD - 365.87-0.08 GBP - 487.41-1.72
24/07/2026  CBA:  EURO - 416.43-0.86
24/07/2026  CBA:  GOLD - 47580-1307 SILVER - 690.02-8.15
Սերժ Սարգսյանը մասնակցել է ՀՀ ՊՆ ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտների ավարտական հանդիսավոր միջոցառմանը
25/08/2017 16:22
Կիսվել

Սերժ Սարգսյանը մասնակցել է ՀՀ ՊՆ ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտների ավարտական հանդիսավոր միջոցառմանը

Հանրապետության Նախագահ, զինված ուժերի գերագույն գլխավոր հրամանատար Սերժ Սարգսյանն այսօր երկրի բարձրագույն ղեկավարության հետ Սարդարապատի հուշահամալիրում մասնակցել է ռազմաուսումնական հաստատությունների 2016-2017 ուսումնական տարվա շրջանավարտների ավարտական հանդիսավոր միջոցառմանը: Նախագահը ողջունել է արարողության մասնակիցներին, շնորհավորել ռազմաուսումնական հաստատությունների 2017թ. շրջանավարտներին ավարտական արարողության կապակցությամբ և մաղթել բարի ծառայություն ու մեծ հաջողություններ:

ՀՀ ՊՆ հրամանով թվով 279 շրջանավարտների շնորհվել է առաջին սպայական «Լեյտենանտ»-ի կոչում: Միջոցառման շրջանակներում ռազմաուսումնական հաստատությունների շրջանավարտները ստացել են իրենց ավարտական փաստաթղթերը և դաշույնները, որոնք նրանց հանձնել են Հանրապետության Նախագահը և ԱԱԽ անդամները: Հանրապետության Նախագահն արարողության կապակցությամբ հանդես է եկել ելույթով:

Միջոցառումն ավարտվել է մարտական դրոշներին շրջանավարտների հրաժեշտի արարողությամբ և հանդիսավոր քայլերթով:

***

Նախագահ Սերժ Սարգսյանի խոսքը

ռազմաուսումնական հաստատությունների 2016-2017 ուսումնական տարվա շրջանավարտների ավարտական հանդիսավոր միջոցառման ժամանակ

Սիրելի՛ շրջանավարտներ,

Հարգելի՛ զինվորականներ,

Սրտանց շնորհավորում եմ ձեզ ձեր կյանքի այս կարևոր փուլն ամփոփելու կապակցությամբ: Դուք հաջողությամբ ավարտեցիք ուսումը և այստեղից կմեկնեք ծառայության՝ ձեր նվիրական առաքելությունն իրականացնելու նպատակով:

Դուք լինելու եք առաջնագծում, զորամասերում, շտաբներում, թիկունքում: Որտեղ էլ որ լինեք, լինելու եք հրամանատարներ, որոնց խոսքին հետևելու են մեր քաջարի զինվորները:

Կասկած չունեմ, որ դուք առաջին հերթին լինելու եք խստապահանջ ինքներդ ձեր նկատմամբ: Եվ հենց դրա շնորհիվ ձեզ իրավունք եք վերապահելու լինել պահանջկոտ նաև ձեր ենթակաների նկատմամբ:

Դուք նրանց առաջնորդելու եք ձեր օրինակով, ձեր բարոյական կերպարով: Դուք նրանց համար դառնալու եք ընտանիք, ավագ եղբայր, խորհրդատու:

Վստահ եմ, որ հենց այդպիսի ավագ եղբայրներ և փորձառու խորհրդատուներ դուք պիտի գտնեք ձեր վերադասների մեջ: Նրանք արդեն անցել են այդ նույն ճանապարհով: Նրանք պետք է օգնեն ձեզ՝ խուսափելու իրենց կատարած սխալներից, պետք է ապավեն և հենարան դառնան ձեզ:

Հենց այդպիսի մի մեծ ընտանիք է Հայոց բանակը: Հենց այդպիսի մի մեծ ընտանիք է մեր ողջ երկիրը: Պատմահայր Մովսես Խորենացին ասում էր, թե «մենք փոքր ածու ենք»: Այո՛, մենք փոքր ածու ենք, թեպետ սակավաթիվ, բայց զորեղ այն միասնությամբ, որը բնորոշ է ամուր ազգին, ամուր ընտանիքին:

Մենք պետք է հիշենք, որ «ազգ» բառի առաջնային իմաստը հայերենում ընտանիքն ու գերդաստանն է: Ձեր ծառայության նպատակը ձեր ընտանիքի, ձեր գերդաստանի, ձեր ազգի անվտանգությունը և խաղաղությունը երաշխավորելն է:

Հարգելի՛ զինվորականներ,

«Մեկը՝ բոլորի և բոլորը՝ մեկի համար» կարգախոսը դրվեց մեր բանակի հիմքում: Եվ այդ բանակը դարձավ ժողովրդական բանակ, որը միավորեց շինականին և գրողին, վարորդին և ծրագրավորողին, ոսկերչին և երաժշտին: Այդ համաժողովրդական ջանքն էր, որ պաշտպանեց Արցախ աշխարհը և այսօր էլ շարունակում է երաշխավորել նրա անվտանգությունը:

Զինվորական ծառայությունը կոփում է Հայաստանի քաղաքացու մի նոր տեսակ. դա իր հողի վրա ամուր կանգնած, իր ուժերի մեջ վստահ, իր զինակիցներին սատարող, իր թիկունքի ամրությանը չկասկածող տեսակն է: Այդ տեսակը դաստիարակում են ընտանիքում ձեր ծնողները, և հենց այդ նույն դաստիարակությունը դուք տալու եք ձեր զավակներին: Այդ տեսակը կրթություն է ստանում մեր դպրոցներում՝ ուսուցիչներից սովորելով զատել լավը վատից, բարին՝ չարից, արդարը՝ անարդարից:

Այդ դրական արժեքների և ազատության վրա ենք մենք կառուցում մեր երկիրը, պաշտպանում մեր դատը և մեր հողը: Դրա շնորհիվ է, որ մենք հաղթել ենք ռազմի դաշտում և ամուր ենք մեր դիրքերում: Դուք, հարգելի՛ զինվորականներ, այդ դիրքերի առաջամարտիկներն եք, սահմանապահ ու դիրքապահ պաշտպաններն եք:

Հայաստանի Հանրապետության զինված ուժերի սպայակույտը հայ մտավորականության, մեր ժողովրդի սերուցքի մի նոր տեսակ է: Այդ տեսակի առաջացումը հնարավոր էր Հայաստանի անկախ պետության շնորհիվ: Եվ մեր պետությունն ամեն ինչ անելու է իր փառապանծ զինվորական զավակների խնդիրները լուծելու համար:

Այստեղ, ուր թևածում է Սարդարապատի հերոսների ոգին, մենք բոլորս պետք է գիտակցենք պատմական պատասխանատվության այն բեռը, որ ստանձնում ենք մեր ուսերին: Դա ոչ միայն այսօրվա Հայաստանի անվտանգությունն է, այլև մեր պետականության հարատևությունն ապահովելու պատասխանատվությունը:

Սիրելի՛ շրջանավարտներ,

Հարգելի՛ զինվորականներ,

Կրկին շնորհավորում եմ ձեզ: Մաղթում եմ բոլորիդ բարի ծառայություն և մեծ հաջողություններ: Դրանք, անկասկած, լինելու են մեր ողջ ժողովրդի հաջողությունները:

Շնորհակալություն:

24/07/2026
դրամ
Դոլար (USD)
365.87
-0.08
Եվրո (EUR)
416.43
-0.86
Ռուբլի (RUR)
4.6763
+0.0228
Լարի (GEL)
139.27
-0.04
47580
-1307
Արծաթ
690.02
-8.15