Ucom. արագ և ձայնային բարձր որակով զանգեր Voice over LTE տեխնոլոգիայի օգնությամբ
Այսօրվանից Ucom ընկերությունն իր շարժական կապի բաժանորդների համար գործարկեց VoLTE (LTE ցանցի միջոցով ձայնային ազդանշանի փոխանցման) տեխնոլոգիայի օգնությամբ զանգեր կատարելու հնարավորությունը։ Նշյալ տեխնոլոգիայով աշխատող հեռախոսների միջև զանգի միջոցով կապի հաստատումը պահանջում է երկու վայրկյանից քիչ ժամանակ, մինչդեռ 3G ցանցում այդ ժամանակահատվածը 6-10 վայրկյան է։
«Ucom-ի տեխնիկական անձնակազմն ամիսներ շարունակ աշխատել է, որպեսզի ընկերության բաժանորդներն առաջինը Հայաստանում մուտք գործեն հաղորդակցման նոր դարաշրջան։ Ազդանշանը տրվում է նոր բազային կայաններից, որոնք նախորդ տարվանից սկսած մեր ընկերությունը շարունակաբար տեղադրել է Հայաստանի 150-ից ավելի բնակավայրերում», – նշեց Ucom ընկերության տեխնիկական տնօրեն Գևորգ Գևորգյանը։
Բազային կայանների ծրագրային ապահովումն ու բջջային հեռախոսների թարմացումները Ucom-ի բաժանորդներին հնարավորություն կտան լիարժեք կերպով օգտագործել Voice over LTE տեխնոլոգիայի բոլոր գործառույթները և օգտվել նոր սերնդի մուլտիմեդիա ծառայություններից։
«Այլևս LTE ցանցից դուրս գալու, ինչպես նաև բարձր արագությամբ տվյալների փոխանցումը կատարելու կամ վեբկայքերի դիտումը դադարեցնելու կարիք չկա, նույնիսկ եթե Ձեզ զանգահարում են։ Դուք կարող եք շարունակել շփվել Ձեր մտերիմների հետ համացանցում,դիտել Ձեր նախընտրած ծրագիրը, ֆիլմը կամ հաղորդումը շարժական հեռուստատեսության միջոցով և միաժամանակ պատասխանել մուտքային զանգին։ Ավելին, զանգի ընթացքում հեռախոսը կարելի է օգտագործել նաև որպես ինտերնետի հասանելիության կետ այլ սարքերի համար», – մանրամասնեց Ucom ընկերության գործադիր տնօրեն Հայկ Եսայանը։
Հավելենք, որ VoLTE տեխնոլոգիայի կարևոր առանձնահատկություններից է ոչ միայն միացման արագությունը, այլև ձայնի բարձր որակը։