
Նախագահն ընդունել է «Գազպրոմ-մեդիա հոլդինգի» կինոյի և հեռուստատեսության խմբի գլխավոր տնօրենին
Նախագահ Սերժ Սարգսյանն այսօր ընդունել է «Գազպրոմ-մեդիա հոլդինգի» կինոյի և հեռուստատեսության խմբի գլխավոր տնօրեն Ռաֆայել Մինասբեկյանին: Հանդիպմանը ներկա է եղել նաև Հայաստանի hանրային հեռուստառադիոընկերության խորհրդի նախագահ Ռուբեն Ջաղինյանը:
Ռաֆայել Մինասբեկյանը Նախագահ Սերժ Սարգսյանին ներկայացրել է Հանրային հեռուստառադիոընկերության հետ «Գազպրոմ-մեդիա հոլդինգի» համագործակցության մտադրությունների մասին, այդ թվում՝ համատեղ ֆիլմարտադրության ոլորտում, որն ուղղված կլինի հայ-ռուսական դարավոր բարեկամության ամրապնդմանը՝ ներկայացնելով երկու ժողովուրդների համատեղ ձեռքբերումները, անցած ուղին և ընդհանուր արժեքները:
Հանրապետության Նախագահը ողջունել և կարևորել է երկկողմ կապերի ամրապնդմանն ուղղված նման նախաձեռնությունները և պատրաստակամություն հայտնել հնարավորինս աջակցել դրանց իրագործմանը: