Ձերբակալված սաուդյան արքայազներից 100 մլրդ դոլարից ավել գումար է գանձվել
Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Մուհամեդ բին Սալմանը հայտարարել է, որ մեկնարկած հակակոռուպցիոն պայքարի արդյունքում երկրին է վերադարձվել ավելի քան 100 մլրդ դոլար։
CBSnews-ին տրված հարցազրույցում թագաժառանգը նշել է, որ պայքարի նպատակը միայն երկրից հափշտակված գումարների վերադարձը չէ, հավելելով, որ իրենք նպատակ ունեն ազդարարելու, որ այսուհետ կոռումպացված պաշտոնյաները կբախվեն օրենքի հետ։
Գնահատականների համաձայն, կոռուպցիայի պատճառով Սաուդյան Արաբիան ամեն տարի կորցնում է պետական ծախսերի 5-10%-ը կամ 10-20 մլրդ դոլար։
Հիշեցնենք, որ Սաուդյան Արաբիայում մեկնարկած հակակոռուպցիոն պայքարի շրջանակներում ձերբակալվել է մոտ 350 անձ՝ թագավորական ընտանիքի անդամներ, արքայազներ, նախկին և ներկա բարձրաստիճան պաշտոնյաներ, խոշոր գործարարներ և այլ անձիք։ Հետաքրքրական է, որ ձերբակալվածները հիմնականում պահվում են Էլ Ռիադի շքեղագույն հյուրանոցներից մեկում։
Ձերբակալվածներից ամենահարուստը Ալ Վալիդ Իբն Թալալ Ալ Սաուդն է, նրա կարողությունը գնահատվել է 18.8 մլրդ դոլար։ Երկրի իշխանությունները Ալ Վալիդից պահանջել են 6 մլրդ դոլար։