«Արմենիան հելիքոփթերս»-ը տեխնիկական չվերթներ է իրականացնում Հայաստանի երկնքում
«Արմենիան հելիքոփթերս» ՍՊԸ օդաչուները տեխնիկական չվերթներ են իրականացնում Հայաստանի երկնքում: «Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին ՀՀ ԿԱ քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչությունից:
«Չվերթների ընթացքում օդաչուներն ուսումնասիրում են Հայաստանի օդային տարածքում իրականացվող թռիչքների յուրահատկությունները, օդային երթևեկությանը մասնակցող տարբեր սուբյեկտների միջև փոխհարաբերությունները, տեսարժան վայրերը, մշակում են գեղեցիկ երթուղիներ՝ այդ վայրերին մոտենալու համար, դիտարկում են ուղղաթիռների վայրէջքի համար հարմար տեղանքները և այլն»,-տեղեկացրին ՔԱԳՎ-ից, հավելելով, որ իրականացվող գործողություններն ուղղված են թռիչքային անվտանգության մակարդակի բարձրացմանը::
Անհրաժեշտ ներդրումների ապահովման, ՀՀ օդանավակայաններում ուղղաթիռների սպասարկման համար արդյունավետ պայմանների ստեղծման նպատակով շահագրգիռ կողմերի հետ տարված աշխատանքի արդյունքում Հայաստանի Հանրապետությունում հիմնադրված «Արմենիան հելիքոփթերս» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունն արդեն օդանավ շահագործողի վկայական ստանալու հայտ է ներկայացրել ՀՀ կառավարությանն առընթեր քաղաքացիական ավիացիայի գլխավոր վարչություն: Ընկերության գործունեությունը խթանելու նպատակով՝ ՀՀ կառավարության՝ 2018 թվականի ապրիլի 19-ի որոշմամբ «Արմենիան հելիքոփթերս» ՍՊԸ-ն անհրաժեշտ սարքավորումների ներկրման համար կօգտվի մաքսային արտոնություններից:
Առաջիկայում ՀՀ քաղաքացիներն ու ՀՀ այցելող զբոսաշրջիկները հնարավորություն կունենան ամերիկյան Robinson R66 և եվրոպական AIRBUS EC130T2 ուղղաթիռներով շրջագայել ինչպես Հայաստանում, այնպես էլ Հայաստանից դուրս:
Ընկերությունը նախատեսում է առաջիկա երեք տարիների ընթացքում իրականացնել շուրջ 10 մլն ԱՄՆ դոլարի ներդրում և ստեղծել նոր աշխատատեղեր:
Ծրագրի բարեհաջող իրականացումը կնպաստի ՀՀ զբոսաշրջային ներուժի մեծացմանը և փոխադրումների ոլորտում նոր հնարավորությունների ստեղծմանը: