Առաջիկայում նոր բացահայտումներ կլինեն․ Արթուր Վանեցյան
Ազգային ժողովի պատգամավոր Մանվել Գրիգորյանի գործով քննությունը շարունակվում է և ընթացքում պարզ կդառնա, թե ովքեր ինչ կապ ունեն այս գործի հետ: Այդ մասին լրագրողների հետ զրույցում նշեց ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանը՝ ավելացնելով, որ Մանվել Գրիգորյանը ազատ չի արձակվի:
«Առաջիկայում նոր բացահայտումներ կլինեն: Այն դեպքերում, երբ հարցը վերաբերում է գումարները վատնելուն, տվյալ անձը կարող է վճարել այդ գումարներն և ազատվել քրեական պատասխանատվությունից ըստ քրեական օրենսգրքի, սակայն Մանվել Գրիգորյանի հետ կապված այս բացահայտումները չեն դասվում այդ շարքին: ԱԱԾ-ն իր անելիքն արել է, և մենք միշտ պատրաստ ենք աջակցել քննությանը»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ, ասաց նա։ Հարցին՝ տեղյակ էր ԱԱԾ-ն յուրացման մասին, թե միայն տեղեկություն ուներ զենքի մասին, Վանեցյանն ասաց. «Չեմ ցանկանում մեր քննության օպերատիվ մասն ամբողջությամբ բացահայտել, իհարկե, տեղյակ էինք»։
Նա նաև նշեց, որ քննության ընթացքը ցույց կտա՝ արդյոք պատասխանատվության կենթարկվեն Մանվել Գրիգորյանի «հովանավորները»։
«Ես ենթադրություններով ու տրամաբանությամբ չեմ խոսում, խոսում եմ միայն փաստերով։ Փաստն այսօր ունենք, արձանագրել ենք»,- նշեց Վանեցյանը։